Մատչելիության հղումներ

Ամենայն Հայոց կաթողիկոսը շնորհավորել է Պոլսո Հայոց նորընտիր Պատրիարքին


Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ
Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդ, արխիվ

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից իր օրհնությունն ու շնորհավորանքներն է հղել Սահակ եպիսկոպոս Մաշալյանին Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք ընտրվելու առիթով, հաղորդում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարքի ընտրության Ազգային պատգամավորական ժողովի ատենապետ Խաչիկ Ճանելը և ատենադպիր Արետ Քարապուլութը պաշտոնական գրությամբ Վեհափառ Հայրապետին տեղեկացրել են ժողովի արդյունքների վերաբերյալ և հայցել Ամենայն Հայոց կաթողիկոսի աղոթքն ու օրհնությունը նորընտիր Հայոց Պատրիարքի համար:

Վեհափառի շնորհավորագրում մասնավորապես ասված է. - «Ամենապատիվ Պատրիարք Սրբազան, գոհունակությամբ տեղեկացանք, որ Կ. Պոլսում գումարված համագումար ժողովը ձայների մեծամասնությամբ ընտրել է Ձեզ՝ որպես Կ. Պոլսի Հայոց 85-րդ Պատրիարք: Հոգու բերկրանքով Սուրբ Էջմիածնից ողջունում և շնորհավորում ենք Ձեր ընտրությունը՝ բերելով եղբայրական Մեր սերը և զորակցությունը Ձերդ Ամենապատվությանը: Ուրախ ենք, որ երկարատև ընդմիջումից հետո Կ. Պոլսի Հայոց Պատրիարքական Աթոռն օժտվեց նոր գահակալով»:

«Գոհունակությամբ ենք անդրադառնում, երբ տարիներ առաջ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսաճեմ խորանի առջև ծնրադրումով, ստանձնեցիք եպիսկոպոսական բարձր իշխանությունը և նոր հանգամանքի մեջ շարունակեցիք տերունապատվեր Ձեր ծառայությունը՝ որպես Գևորգյան Հոգևոր Ճեմարանի տեսուչ: Արդարև, Մայրավանքում անցկացրած Ձեր տարիները նշանավորվեցին արդյունաշատ գործունեությամբ: Շնորհիվ Ձեր հոգևոր, աստվածաբանական ու դաստիարակչական գիտելիքների՝ ունեցանք ճեմարանականների նոր սերունդ, ովքեր ծառայասեր ոգով այսօր սպասավորում են Մեր Սուրբ Եկեղեցու անդաստանում», - գրել է Վեհափառը Պատրիարքին:

«Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը ուժ ու կարողություն պարգևի Ձեզ՝ ամենայն իմաստությամբ և բարձր պատասխանատվությամբ ստանձնելու Մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռի՝ Կ. Պոլսի Հայոց Պատրիարքության հոգևոր առաքելությունը», - ասված է ուղերձում:

«Սիրով սպասում ենք՝ որպես Կ. Պոլսի նորընտիր Պատրիարք Ձերդ Ամենապատվության անդրանիկ այցին ի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին», - իր շնորհավորագիրն ամփոփում է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

XS
SM
MD
LG