Մատչելիության հղումներ

Մարտի 1-ին Երևանում Արցախից զորք չի եղել, եղել են ՊԲ զինվորականներ, պնդում է ԼՂ նախկին վարչապետը


Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, 11-ը դեկտեմբերի, 2019թ.

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած և ոչ մեկ անգամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած իշխանությանն աջակցող հայտարարություններ հնչեցրած Ղարաբաղի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը չի կարող ասել, թե երկրորդ նախագահ, 2008 թվականի մարտյան արյունալի դեպքերին առնչվող քրեական գործով կալանավորված Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցում հնչած մտքերը իրեն են վերաբերում, թե ոչ:

«Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի քմահաճույքներին», - ասել էր Ռոբերտ Քոչարյանը։

«Ես չեմ քծնել երբևէ իմ կյանքում, եթե քծնել իմանայի, ապա կքծնեի ժամանակին գործող իշխանություններին։ Այո, ես ունեցել եմ աշխատանքային նորմալ հարաբերություններ, ես գոհ էի մեր տնտեսական համագործակցությունից, դժգոհ՝ արցախյան խնդրի վերաբերյալ քաղաքականությունից», - այսօր ասաց Արայիկ Հարությունյանը։

Արցախի խորհրդարանում ամենամեծ խմբակցությունն ունեցող «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը չի կիսում Ռոբերտ Քոչարյանի մտահոգությունն Արցախի հարցի կարգավորման վերաբերյալ: Ռոբերտ Քոչարյանը «Հրապարակ»-ին տված վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը գործողությունների պլան չունենալու մեջ էր մեղադրել և կոչ էր արել Արցախին նախաձեռնությունն իր ձեռքը վերցնել և հստակ սահմանել իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ:

«Ղարաբաղյան խնդրում ոչ թե այսօրվա իշխանությունը, ցանկացած իշխանություն, եթե շեղվի մեր հիմնական կուրսից, ես նորից ուզում եմ նշել՝ դատապարտված է լինելու։ Իսկ այսօրվա իշխանության, այն, ինչ հայտարարել է Հայաստանի վարչապետը մեզ հետ հանդիպումներին, բավարարում է մեզ, գոհ ենք, որովհետև ստորակետի, նշել եմ, տարբերություն չկա», - շեշտեց նա։

Այսօր երկրորդ նախագահ, 2008 թվականի մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ հեռակա բանավեճի մեջ մտած Արայիկ Հարությունյանը, որ 2008 թվականի արյունալի իրադարձությունների ժամանակ Արցախի վարչապետն էր, պնդում է՝ Արցախից Հայաստան զորք չի բերվել, այլ տեղաշարժ է եղել Հայաստանի զինված ուժերում: Իսկ թե այն ժամանակ ինչպիսին է եղել Արցախի բարձրաստիճան պաշտոնյայի վերաբերմունքն այս որոշմանը, Արայիկ Հարությունյանն արձագանքում է՝ հրամանները չեն քննարկվում:

«Նախ Արցախից զորք չի բերվել, բոլորդ գիտեք՝ Արցախի պաշտպանության բանակը Զինված ուժերի ստորաբաժանում է, եթե տեղաշարժ է լինում, դա չի կոչվում Արցախից բերել Հայաստան։ Դա տեղաշարժ է եղել հայկական զինված ուժերում։ Տեղեկություն ունեինք, որ Պաշտպանության բանակի ստորաբաժանումներից ընտրված զինվորականներ եղել են Երևանում։ Մենք իրավունք չունենք գնահատելու, քննարկելու հրամանները Զինված ուժերում, և երբևէ մենք չենք միջամտել հրամաններին, ինչպես է ճիշտ, թե սխալ է, կա նաև հստակ հիերարխիա, հստակ կանոններ, օրենք», - նկատեց նա։

Նախկին պաշտոնյա Արայիկ Հարությունյանը պաշտոնական հայտարարագրերով անգամ Արցախի ամենահարուստ պաշտոնյաններից մեկն է: Մամուլում բազմաթիվ հրապարակումներ կան Արայիկ Հարությունյանի ունեցվածքի և տարբեր ընկերություններում ունեցած բաժնեմասերի մասին: Վերջինիցս հետաքրքրվեցինք՝ ինչպե՞ս է կուտակել իր ունեցվածքը և մասնավորապես ի՞նչ միջոցներ ու ո՞ր ընկերություններում բաժնեմասեր ունի: Խոստացավ 2020 թվականի մարտին սպասվող նախագահական ու խորհրդարանական ընտրություններից առաջ ներկայացվող հայտարարագրերում մանրամասն ներկայացնել ունեցվածքը, որն, ասաց, կուտակել է հողագործության միջոցով։

«Բիզնեսով սկսել եմ զբաղվել 97 թվականից, լինելով երիատարդ, սկսել եմ հող մշակել ազատագրված տարածքներում։ 2016 թվականի ապրիլյանից հետո նաև լուրջ կորուստներ եմ ունեցել. հենց սահմանամերձ տարածքում, որտեղ տնկել եմ խաղողի այգի, այսօր ավելի քան 40 հեկտար չի մշակվում, չի մշակվում, կորցրել ենք, քանի որ վերահսկողության տակ է, խոսքը շատ մեծ գումարների մասին է», - նշեց նա։

Արցախի նախագահական ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են նաև Արցախի արտգործնախարար Մասիս Մայիլյանը, Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից հեռացած Վիտալի Բալասանյանը, Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Ռոբերտ Քոչարյանը հարցազրույցում անդրադարձել էր նաև թեկնածուների թեմային՝ ասելով, թե ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբևէ չի եղել, և սա, ըստ նրա, ոչ թե ժողովրդավարության, այլ մասնատվածության դրսևորում է:

Արայիկ Հարությունյանը հակադարձում է՝ որևէ մեկը թող չկասկածի Արցախի միասնականության վրա: Հնարավոր թեկնածուների մեջ կա՞ն այնպիսիք, որոնց հետ համագործակցությունը ընտրություններից հետո ինքը բացառում է, «Ազատությունը» հարցրեց Հարությունյանին:

«Այն ուժերը, որոնք ղարաբաղյան խնդրում և Հայաստանի հետ ներդաշնակ աշխատելու առումով պրոբլեմ չունեն, պատրաստ ենք համագործակցելու», - պատասխանեց նա։

Արցախի նախագահական և խորհդարանական ընտրությունները կանցկացվեն 2020 թվականին միևնույն օրը։ Արցախում 2017 թվականի սահմանադրական փոփոխություններից հետո ԱԺ-ի կողմից վերընտրված և երրորդ ժամկետը պաշտոնավարող նախագահ Բակո Սահակյանը հայտարարել է ընտրություններին չմասնակցելու մասին:

XS
SM
MD
LG