«Նոբելյան կոմիտեն սպառել է իրեն». - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այս հայտարարությունը հնչեցրեց նույն ժամերին, երբ Անկարայից հազարավոր կիլոմետրեր հյուսիս` Ստոկհոլմում, Շվեդիայի Թագավորական ակադեմիան ավստրիացի արձակագիր Պետեր Հանդկեին էր հանձնում գրականության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակը:
Թուրքիայի նախագահի վրդովմունքի պատճառը այն հետևողական սերբամետ դիրքորոշումն է, որ տասնամյակներ շարունակ արտահայտում է ավստրիացի գրողը:
«Նոբելյան կոմիտեն իրեն սպառել է: Այն բացառապես քաղաքական և գաղափարախոսական դրդապատճառներով առաջնորդվող մի կառույցի է վերածվել: Նոբելյան մրցանակը ինձ համար որևէ արժեք չի ներկայացնում: Մարդասպանին խրախուսելը բռնապետի հետ համագործակցություն է նշանակում», - հայտարարում էր Էրդողանը:
Ավստրիացի թերևս ամենահայտնի ժամանակակից արձակագրին` Պետեր Հանդկեին գրականության ասպարեզում 2019 թվականի Նոբելյան մրցանակի շնորհումը դժգոհություններ էր առաջացրել դեռ հոկտեմբերին, երբ հայտնի դարձավ Շվեդիայի Թագավորական ակադեմիայի այս որոշման մասին:
Բանն այն է, որ 90-ականների սկզբին Հանդկեն Արևմուտքը ներկայացնող այն եզակի մտավորականներից էր, որ նախկին Հարավսլավիայի տարածքում ծավալված պատերազմների ընթացքում պաշտպանում էր Սերբիայի դիրքորոշումը: Ավելին, նա բավական սերտ հարաբերություններ ուներ Սերբիայի նախկին նախագահ Սլոբոդան Միլոշևիչի հետ: 2006-ին Հանդկեն նաև մասնակցել էր Միլոշևիչի հուղարկավորությանը` նախկին նախագահի հայրենի Պոժարևաց քաղաքում հանդես գալով ծավալուն մի դամբանաճառով:
Հանդկեի այս դիրքորոշումն էր պատճառը, որ բալկանյան միանգամից երեք պետությունների` Ալբանիայի, Կոսովոյի և Բոսնիայի, ինչպես նաև Թուրքիայի դեսպանները մերժեցին Շվեդական ակադեմիայի` Նոբելյան մրցանակի հանձնման արարողությանը ներկա գտնվելու հրավերը:
Ինքը` Պետեր Հանդկեն, մրցանակաբաշխությունից անմիջապես հետո Սերբիայի հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում նշում էր, որ ծագած այս ողջ աղմուկն իր համար անսպասելի էր:
«Երբեք էլ վատ սպասելիքներ չես ունենում: Կարող ես պատկերացնել դրանք, սակայն երբ նման երևույթներն իրականություն են դառնում, ամեն ինչ մշտապես շատ ավելի վատ է լինում», - շեշտում էր ավստրիացի գրողը: