Մատչելիության հղումներ

Հանրային փակ տարածքներում ծխելն արգելելու օրինագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվեց


Հայաստանի խորհրդարանի շենքը
Հայաստանի խորհրդարանի շենքը

Ազգային ժողովն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենսդրական նախագիծը:

Այդպիսով ծխելն արգելվելու է մի շարք փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների շենքերում, ուսումնական հաստատություններում, երխաների համար նախատեսված խաղահրապարակների և խաղային պուրակներում, պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում, հանրային սննդի օբյեկտներում, հյուրանոցներում, առևտրի կենտրոններում, հասարակական տրանսպորտի կանգառների ծածկերի տակ և մի շարք այլ վայրերում։

Արգելվելու են նաև ծխախոտի գովազդի, վաճառքի խթանման և հովանավորության բոլոր ձևերը։ Ծխախոտային արտադրատեսակներ օգտագործող դեռահասներին և վերարտադրողական տարիքի կանանց, ովքեր դիմում են բժշկական հաստատություններ, կտրամադրվի նիկոտինից կախվածության բուժման և հետևանքների վերացմանն ուղղված անվճար բժշկական օգնություն։ Սույն օրենքով նախատեսված նորմերը խախտող անձինք կենթարկվեն պատասխանատվության։

Երկրորդ ընթերցմամբ էլ ընդունվելու դեպքում օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրը, բացառությամբ որոշ կետերի. փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն 2022 թվականի մարտի 15-ից։

Օրենքի նախագիծը երեկ Ազգային ժողովում ներկայացնող առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը մի շարք փաստական տվյալներ ներկայացրեց. - «Ըստ 2016-2017 թվականների՝ ԱՀԿ-ի ստեպ մեդոթաբանությամբ իրականացված հետազոտության տվյալների, ծխում է Հայաստանի Հանրապետության բնակչության 28 տոկոսը, ներկայում ծխում է չափահաս տղամարդկանց կեսից մի փոքր ավելին՝ 52 տոկոսը, իսկ կանանց 2-3 տոկոսը։ Հարցվածների կեսից ավելին նշել է, որ ենթարկվել է ծխախոտի երկրորդային ծխի ազդեցությանը տանը, իսկ կանանց 21 տոկոսը և տղամարդկանց 32 տոկոսը՝ աշխատավայրում։ Արձանագրվել է նաև, որ հղի կանանց ավելի քան 70 տոկոսը ամեն օր ենթարկվում է երկրորդային ծխի ազդեցությանը։ Հայաստանի բնակչության շրջանում առավել տարածված ոչ վարակիչ հիվանդություններից մահացության բեռը կազմում է մոտ 80 տոկոս։ Ոչ վարակիչ հիվանդությունների հիմնական ռիսկի գործոններից մեկը հանդիսանում է հենց ծխախոտի օգտագործումը։ Ծխախոտի օգտագործմամբ պայմանավորված՝ ոչ վարակիչ հիվանդություններին վերագրելի է քաղցկեղի տարբեր ձևերը, առավել հաճախ՝ թոքի, բերանի խոռոչի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, շագանակագեղձի, երիկամի, միզապարկի, կրծքագեղձի»։

Փոխնախարարը նաև ներկայացրեց, թե որքանով կնվազի ծխողների թիվը. - «Բոլոր դրույթները եթե մտնեն ուժի մեջ միևնույն օրը, ապա ելնելով մյուս երկրների գնահատականներից և փորձից՝ մոտավորապես 1-2 տոկոս տարեկան նվազեցում ենք ունենալու բնակչության շրջանում ծխելու տարածվածության հետ կապված»։

Ի դեպ, օրենքը միաձայն չընդունվեց։ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեպ քվեարկեց։ Պատգամավոր Գևորգ Գորգիսյանը պարզաբանեց՝ իրենք կողմ են ծխելու դեմ պայքարին, բայց նախագիծը թերություններ ունի՝ հույս հայտնելով, որ դրանք մինչև երկրորդ ընթերցում կշտկվեն։

Հակածխախոտային պայքար մղող Campaign for tobacco free kids ամերիկյան հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջուշուա Աբրամսն, անդրադառնալով որոշ տնտեսվարողների այն պնդումներին, թե հանրային սննդի վայրերում ծխելու արգելքը կվնասի իրենց բիզնեսին, ընդգծել էր. - «Եթե այս կարգավորումները տնտեսության վրա բացասական ազդեցություն ունենային, տասնյակ երկրներում չէին կիրառվի։

Ողջամտությունը ցույց է տալիս, որ եթե երկրները մեկը մյուսի հետևից ընդունում են, կիրառում և օգտվում այս օրենքներից և դրա հետ կապված որևէ տնտեսական ճգնաժամի չեն բախվում, ապա տնտեսության վրա բացասական ազդելու իմաստով դա իսկապես նշանակություն չունի։ Եթե լինի որևէ բացասական ազդեցություն տնտեսության վրա, դա կվերաբերի միայն ծխախոտ արտադրողներին։ Բայց դա նորմալ է, որովհետև այն, ինչ նրանք արտադրում են, թունավոր է սպառողների համար։ Երբ բանը հասնում է վաճառքին, այլ երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ արգելվել է կրպակներում ծխախոտի վաճառքը, կրկապկներն ուղղակի սկսում են վաճառել այլ ապրանքներ»։

Փորձագետը կարծում է՝ օրենսդրությունը, որն այժմ Հայաստանն ընդունում է, կարող է էապես նպաստել ծխողների թվի կրճատմանը․ - «Չեմ տեսել մի երկիր, որ չի կարողացել հեշտությամբ իրականացնել այս օրենքները, քանի որ օրենքը համեմատաբար պարզ է։ Լավագույն օրենքները նրանք են, որ ամենապարզն են, որ չունեն բացեր, սողանցքներ։ Եթե բոլոր հասարակական վայրերը դառնան ծխից ազատ, առանց որևէ բացառությունների, դա շատ ավելի հեշտ կդարձնի օրենքի կիրարկումը: Այս տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ռումինիայում, գործում են օրենքի այդ տարբերակները, և հաջողությունն ակնհայտ է: Ինչո՞ւ Հայաստանում պետք է այլ կերպ լինի։

Իրականում տարբերություն չկա, թե մի երկիր ավելի կամ պակաս ժողովրդավար է, ավելի կամ պակաս զարգացած է։ Բոլոր երկրներում այս օրենքները կիրառվում եմ մեծ հաջողությամբ»։

XS
SM
MD
LG