Մատչելիության հղումներ

Մյունխենում մահացել է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը


Մյունխենի հիվանդանոցներից մեկում այսօր մահացել է Ռուսաստանի երբեմնի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից մեկը՝ Մոսկվայի երկարամյա քաղաքապետ Յուրի Լուժկովը։ Նա 83 տարեկան էր։

Մոսկվայի քաղաքապետի առաջին ընտրություններին՝ 1991-ին նա ընտրվել էր փոխքաղաքապետ, երբ Ռուսաստանի մայրաքաղաքը ղեկավարում էր Գավրիլ Պոպովը։ 1991-ի հեղաշրջման փորձի ժամանակ Լուժկովն ակտիվորեն աջակցել է Բորիս Ելցինին: 1992-ին Ռուսաստանի առաջին նախագահը նրան նշանակել է Մոսկվայի քաղաքապետ։ Տարիներ անց Լուժկովն ընդդիմացել է Ելցինին՝ միավորվելով հայտնի քաղաքական գործիչ, Ռուսաստանի նախկին վարչապետ Եվգենի Պրիմակովի հետ։

1999-ին մեծ քաղաքական կշիռ ունեցող Լուժկովն աջակցել է նախագահական ընտրություններում առաջին անգամ հաղթած Վլադիմիր Պուտինին։ Լուժկովը Ռուսաստանի երկար տարիներ իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության հիմնադիրներից է։

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնը Լուժկովը զբաղեցնում էր մինչև 2010 թվականը, երբ այն ժամանակ նախագահ Դմիտրի Մեդվեդևը նրան պաշտոնանկ արեց՝ «կորցրել է վստահությունը» ձևակերպմամբ։

Լուժկովը մեծ հեղինակություն էր վայելում մոսկվացիների շրջանում, նույնիսկ այսօր նրան համեմատում են գործող քաղաքապետ Սերգեյ Սոբյանինի հետ, որը Մոսկվան, մոսկվացիներից շատերի կարծիքով, վերածել է մշտապես նորոգվող արևելյան տոնավաճառի։

Սրա հետ մեկտեղ, Լուժկովը, անկախ փորձագետների կարծիքով, պուտինյան իշխանության հիմնական հենասյուներից էր, իսկ նրա կինը՝ Ելենա Բատուրինան, մի ամբողջ կայսրություն էր կառուցել մոսկովյան շինարարությունների վրա և այսօր էլ Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից է։

Վերջին տարիներին պաշտոնանկությունից հետո Լուժկովը ընտանիքի հետ միասին ապրում էր Եվրոպայում և Ռուսաստանի քաղաքականությանը չէր միջամտում։ Նրա ընտանիքին իր ցավակցություն է արդեն հայտնել Սոբյանինը:

Հայաստանի նախկին իշխանությունները և Մոսկվայի հայ համայնքը Յուրի Լուժկովին հայերի մեծ բարեկամն էին համարում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG