Մատչելիության հղումներ

Ռուսաստանը 4 տարով զրկվում է միջազգային բոլոր մրցաշարերին մասնակցելու իրավունքից


Համաշխարհային հակադոպինգային գործակալության գործադիր կոմիտեն (WADA) այսօր միաձայն ընդունել է Համապատասխանության հանձնաժողովի առաջարկությունները և հակադոպինգային օրենսգրքին չհամապատասխանող ճանաչել Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը՝ RUSADA-ն։

Սա նշանակում է, որ ռուսաստանցի մարզիկները չեն կարող մասնակցել միջազգային խոշոր մրցաշարերին երկրի դրոշի ներքո, և Ռուսաստանը զրկվում է միջազգային խոշոր մրցաշարեր անցկացնելու իրավունքից։ Առաջիկա 4 տարիներին Ռուսաստանը չի կարողանա մասնակցել Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին։ Միևնույն ժամանակ ռուսաստանցի մարզիկները կկարողանան հանդես գալ միջազգային խոշոր մրցումներում չեզոք դրոշի ներքո և առանց օրհներգի, եթե կարողանան ապացուցել, որ դոպինգ չեն օգտագործել։

«Կարևորը մեր այսօրվա որոշման մեջ, որ մենք իրական պատժամիջոցներ ենք սահմանում նրանց դեմ, որ մեղավոր են այս մանիպուլյացիաների մեջ և դուռը բաց ենք թողնում մաքուր, դոպինգի հետ ոչ մի կապ չունեցող մարզիկների համար», - այսօր ասուլիսին հայտարարել է WADA-ի ղեկավար Վիթոլդ Բանկան։

Ռուսաստանն իրավունք ունի այս որոշումը բողոքարկել սպորտի արբիտրաժային դատարանում։ RUSADA-ի վերահսկիչ հանձնաժողովի անդամ Սերգեյ Խրիչիկովը «Տասս»-ին հայտնել է, թե Ռուսաստանի հակադոպինգային գործակալությունը WADA-ի որոշումը բողոքարկելու համար 21 օր ունի։ Դեռ հայտնի չէ՝ բողոքարկելու է Ռուսաստանը, թե ոչ։

Հիշեցնենք, վերջին 2 օլիմպիադաներին ռուսաստանցի մարզիկների միայն մի մասն է մասնակցել, այն էլ օլիմպիական դրոշի ներքո։ Ռուսաստանի մարզիկների մի զգալի մասին թույլ չեն տվել մասնակցել խաղերին։ Պատմությունը, փաստորեն կրկնվում է։

Խրիչիկովը բացատրել է, որ WADA-ի սահմանափակումները տարածվում են միայն համաշխարհային կարգի մրցաշարերի վրա և չեն տարածվում մայրցամաքային ու տարածաշրջանային մրցումների վրա, ինչը նշանակում է, որ Ռուսաստանը չի կորցնում Ֆուտբոլի Եվրոպայի 2020թ. առաջնության 4 հանդիպումները Սանկտ Պետերբուրգում անցկացնելու իրավունքը։ Մրցաշարերի պաշտոնապես հաստատված ցուցակ դեռ չկա։

Անցած տարի WADA-ն և Ռուսաստանը պայմանավորվել էին ռուսական հակադոպինգային գործակալության կարգավիճակը վերականգնելու ճանապարհային քարտեզի շուրջ։ Միջազգային փորձագետները պետք է ստանային մոսկովյան հակադոպինգային գործակալության էլեկտրոնային բազա, որի ստուգման արդյունքում պարզվել է, որ լաբորատորիան պարզապես փոխել է բազայի տվյալները, որոնք վերաբերում էին նաև Սոչիի 2014թ. Օլիմպիական խաղերին մասնակցած ռուսաստանցի մարզիկների դոպինգ-թեստերին։ Ստեղծված իրավիճակի համար ավելի վաղ RUSADA-ի ղեկավար Յուրի Գանուսը քննադատել էր Ռուսաստանի սպորտային իշխանություններին, նույնիսկ նամակ էր գրել երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին։

Կրեմլը, սակայն, այն ժամանակ հայտարարել էր, թե Գանուսն ամբողջ տեղեկությանը չի տիրապետում։ Ավելի վաղ RUSADA-ի նախկին ղեկավար Գրիգորի Ռոտչենկովը բազայի հետ մեկտեղ մեկնել էր ՌԴ-ից ԱՄՆ։

WADA-ի այսօրվա որոշումից հետո Մոսկվայում քննարկում են՝ արդյոք մասնակցելու են ռուսաստանցի մարզիկները Օլիմպիական խաղերին օլիմպիական դրոշի ներքո, թե ոչ։ Ինչպես անցած անգամ, այսօր էլ տարբեր կարծիքներ են հնչում. մի մասն ասում է, որ ռուսաստանցի մարզիկները պետք է հրաժարվեն Օլիմիական խաղերից, մյուսն էլ ասում է, որ մարզիկներն ստեղծված իրավիճակի համար պատասխանատու չեն և որևէ մեղք չունեն։

XS
SM
MD
LG