Մատչելիության հղումներ

Ռուսաստանում արձագանքում են երկրին 2018-ի Օլիմպիադայից հեռացնելու որոշմանը


Շվեյցարիա - Համակիրը Ռուսաստանի դրոշն է թափահարում Միջազգային օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․
Շվեյցարիա - Համակիրը Ռուսաստանի դրոշն է թափահարում Միջազգային օլիմպիական կոմիտեի կենտրոնակայանի դիմաց, Լոզան, 5-ը դեկտեմբերի, 2017թ․

«Պետք է էմոցիաները մի կողմ դնել և խորն ուսումնասիրել կատարվածը», - այսպես է մեկնաբանել Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Ռուսաստանին 2018 թվականին Հարավային Կորեայում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղերից հեռացնելու Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) որոշումը։

«Ստեղծված իրավիճակը մեզնից պահանջում է մանրամասն ուսումնասիրել, թե ինչու է կոմիտեն մեր երկրի հանդեպ նման որոշում կայացրել, դեռ վաղ է հետևություն անելը», - ասել է Պեսկովը, հավելելով, որ չգիտի՝ արդյո՞ք պաշտոնանկ կարվեն համապատասխան պաշտոնյաները։

Ռուսաստանի փոխվարչապետ Արկադի Դվորկովիչը այսօր հայտարարել է, որ ռուսաստանցի մարզիկներն ամեն դեպքում պետք է մասնակցեն Օլիմպիական խաղերին: Դվորկովիչը, այդուհանդերձ, նույնպես անարդար է համարում Օլիմպիական կոմիտեի որոշումը:

Գեղասահքի հանրահայտ մարզիչ Տատյանա Տարասովան ևս հայտարարել է, որ օլիմպիական խաղերը մարզիկների կարիերայի կարևորագույն մրցումներ են, և նրանք պետք է մասնակցեն խաղերին՝ անգամ չեզոք դրոշի ներքո:

Տարասովան նաև երկրի փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին է մեղադրել կատարվածի համար և հայտարարել է, որ այդպիսի սպորտի նախարար ունենալը խայտառակություն է:

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը, մինչդեռ, դեռ երեկ երեկոյան հայտարարել է, որ չեչեն մարզիկները չեն մասնակցի Օլիմպիադային:

Ռուսաստանցի մարզիկների մասնակցության հարցը երկրի Օլիմպիական կոմիտեն կորոշի դեկտեմբերի 12-ին:

Հիշեցնենք, Միջազգային օլիմպիական կոմիտեն երեկ աննախադեպ որոշում է կայացրել՝ հեռացնել Ռուսաստանին ձմեռային օլիմպիական խաղերից հակադոպինգային կանոնները բազմիցս խախտելու պատճառով։ Եվ սա առաջին անգամ է, երբ խաղերից զրկվում է մի ամբողջ երկիր։ Ընդ որում, ռուսաստանցի մարզիկներին՝ նրանց, ովքեր, ՄՕԿ-ի գնահատմամբ, մաքուր են և ներքաշված չեն դոպինգային սկանդալներում, միջազգային պաշտոնյաները կոչ են անում մասնակցել խաղերին չեզոք՝ Օլիմպիական դրոշի տակ, և նույնիսկ առաջարկում են ֆինանսական աջակցություն:

Հայտնի մարզիկ Վիկտոր Անն արդեն հայտարարել է, որ ընդունում է այս պայմանները և համաձայն է մասնակցել խաղերին Օլիմպիական դրոշի ներքո։

Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Ժուկովն արդեն ներողություն է խնդրել երկրի անունից հակադոպինգային կանոնները խախտելու համար, ինչը, թերևս, միանշանակ չի ընդունվել Մոսկվայում։

Ռուսաստանի փոխվարչապետ Վիտալի Մուտկոյին ընդհանրապես արգելել են երբևիցե առնչվել Օլիմպիական խաղերին։ Նա մինչ այդ հայտարարել էր, որ եթե Ռուսաստանին հեռացնեն Օլիմպիական խաղերից, կթողնի իր պաշտոնը, սակայն մինչև այս պահը որևէ հայտարարություն չի արել։

Մուտկոն, հիշեցնենք, 2014 թվականին զբաղեցնում էր Ռուսաստանի սպորտի նախարարի պաշտոնը և Սոչիի Օլիմպիական խաղերի հիմնական կոորդինատորներից էր։

Այս աննախադեպ որոշումը ՄՕԿ-ը կայացրել է երկու զեկույցների արդյունքում: Դրանցից մեկը պատրաստել էր Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) փորձագետ Ռիչարդ ՄըքԼարենը, և այս զեկույցի հիմքում Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին ղեկավար Գրիգորի Ռոդչենկովի ցուցմունքներն էին։ Ռոդչենկովը պատմել է, որ Ռուսաստանում գոյություն ունի պետական դոպինգային համակարգ, և այն ակտիվորեն կիրառվել է Սոչիի Օլիմպիական խաղերի ժամանակ։ ՄՕԿ-ը, ի դեպ, վերանայել է Սոչիի Օլիմպիադայի արդյունքները, և Ռուսաստանի հավաքականը առաջին հորիզոնականից հայտնվել է չորրորդում։

Կոմիտեի այս որոշման հանդեպ ռուսաստանցիների վերաբերմունքը տարբեր է, մի մասը սրա հետևում քաղաքականություն և հակառուսական հիստերիա է տեսնում ու համարում է, որ Ռուսաստանը պետք է բոյկոտի Օլիմպիական խաղերը, մի մասն էլ՝ որ սպորտի ոլորտի չինովնիկները պետք է պաշտոնանկ արվեն, իսկ ռուսաստանցի դոպինգից մաքուր մարզիկները պետք է անպայման մասնակցեն խաղերին և հաղթեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG