Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահները


Վլադիմիր Պուտինը և Վլադիմիր Զելենսկին:

Փարիզում այսօր «Նորմանդյան» ձևաչափով գումարվում է Ֆրանսիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի նախագահներ Էմանյուել Մակրոնի, Վլադիմիր Զելենսկու, Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը, որի օրակարգում ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորումն է:

Դա կլինի 2016 թվականից ի վեր Ռուսաստանի և Ուկրաինայի ղեկավարների առաջին հանդիպումը: Բացի այդ, Զելենսկին նախագահի պաշտոնում առաջին անգամ է հանդիպելու ռուսաստանցի պաշտոնակցի հետ:

Մոսկվան մշտապես հերքել է միջամտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությանը և ռուս անջատականներին ռազմական, ֆինանսական և քաղաքական աջակցություն տրամադրելու մեղադրանքը:

Մինչդեռ, բազում փաստեր հակառակն են վկայում: Միջազգային քրեական դատարանը 2016 թվականի զեկույցում Արևելյան Ուկրաինայում տեղի ունեցող բախումները միանշանակ անվանել է «միջազգային հակամարտություն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև»:

Փարիզյան հանդիպման հավանական արդյունքը թե՛ Կիևը և թե՛ Մոսկվան շատ զուսպ են գնահատում, նկատել տալով, որ, ամենայն հավանականությամբ, ինչ-որ լուրջ առաջընթաց չի արձանագրվի:

Այդ տեսակետն են կիսում նաև արևմտյան երկրները: «Մենք կարծում ենք, այս հանդիպումը թույլ կտա առաջ տանել Ուկրաինայի հակամարտության խաղաղ և հարատև կարգավորման խնդիրը, որը Եվրոպական միության համար առաջնահերթություններից մեկն է», - ասել է Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով պատասխանատու Ժոզեպ Բորելը:

Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն այսօր Բրյուսելում Եվրոպայի խորհրդի արտաքին գործերի խորհրդի նիստում ասել է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջխաղացում դժվար թե լինի:

«Ամենալավ հանգամանքը հենց հանդիպման բուն փաստն է, բայց ավելին ակնկալել չարժե», - ասել է Լինդեն:

Շվեդիայի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև Ռուսաստանի նկատմամբ Եվրամիության սահմանած պատժամիջոցների մասին:

«Մենք չենք կարծում, թե հարկ է թուլացնել պատժամիջոցները: Քանի դեռ չկա մինսկյան համաձայնությունների նկատմամբ վերաբերմունքի փոփոխություն՝ Եվրամիությունը պետք է ուժի մեջ պահի պատժամիջոցները», - ասել է Անն Լինդեն:

«Նորմանդյան» ձևաչափը հաստատվել է 2014 թվականի հունիսից: Այն ժամանակ միջազգային համայնքը նշել է Երկրորդ աշխարհամարտում Նորմանդիայում արևմտյան դաշնակից զորքերի ափհանման 70-ամյակը:

Միջոցառումների շրջանակներում Դոնբասի թեման առաջին անգամ միասին քննարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի, Ֆրանսիայի և Գերմանիայի ղեկավարները: Դրա առիթով այդ ձևաչափին տրվել է «նորմանդյան» անունը:

Չորս երկրները շարունակել են քննարկումները արտգործնախարարների, դեսպանների, բանագնացների և փորձագետների մակարդակով:

2014 թվականի սեպտեմբերի 5-ին Մինսկում արձանագրություն է ստորագրել Ռուսաստանի, Ուկրաինայի և ԵԱՀԿ-ի ներկայացուցիչներից կազմված եռակողմ շփման խումբը: Դրա պահանջներից գլխավորը՝ հրադադարը, գործնականում չի պահպանվել:

2015 թվականի փետրվարի 11-ից 12-ը Վլադիմիր Պուտինը, Պետրո Պորոշենկոն, Ֆրանսուա Օլանդը և Անգելա Մերկելը Մինսկում բանակցել են «Նորմանդյան» քառյակի ձևաչափով:

Լայնածավալ պատերազմական գործողություններ Դոնբասում տևական ժամանակ է չկան, բայց երկու կողմերից զինվորների և խաղաղ բնակիչների կյանքեր խլող ընդհարումներ հաճախ են տեղի ունենում: 2014 թվականից մեկնարկած պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 13 հազար մարդ:

XS
SM
MD
LG