Մատչելիության հղումներ

ՀՅԴ-ից արտաքսված երիտասարդը պնդում է՝ իրենց պատժելու պատճառը նաև Քոչարյանին քաղբանտարկյալ չհամարելն է


Արտակ Մելիքյան, 9 դեկտեմբերի, 2019թ.

Դաշնակցության Երիտասարդական միությունում բնականոն են համարում իրենց 3 ընկերների արտաքսումը կուսակցությունից, քանի որ նրանք հրապարակային քննադատել են Դաշնակցությանը, ինչն արգելված է կուսակցության կանոնագրով։

ՀՅԴ Երիտասարդական միության պատասխանատու Արշակ Պետրոսյանն ընդգծում է՝ երբ երիտասարդը մտնում է կուսակցության շարքերը, նա երդվում է՝ ձեռքը դնելով Դաշնակցության կանոնագրքի վրա։ Ըստ նրա, կուսակցության ներքին ժողովրդավարությունը թույլ է տալիս անդամներին ժողովների ժամանակ արտահայտվել, բայց երբ ժողովը կայացնում է որոշում, ապա այդ պահից սկսած բոլորը դառնում են մի զինվոր՝ այդ որոշումը իրականություն դարձնելու համար։

Հիշեցնենք, անցած շաբաթ Դաշնակցությունը իր շարքերից հեռացրեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 3 անդամների, ովքեր դեմ էին արտահայտվել ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին՝ պնդելով, որ երկխոսության միջոցով հնարավոր է հասնել բարձրացված խնդիրների լուծմանը։

Այսօր հրավիրած ասուլիսում, սակայն, Դաշնակցության Երիտասարդական միության ներկայացուցիչները պնդեցին՝ իրենց ընկերները արտաքսվել են կուսակցությունից ոչ թե ցույցերին չմասնակցելու, այլ Դաշնակցությանը հրապարակային քննադատելու համար։

«Որոշումը կայացվել է ոչ թե նրա համար, որ իրենք ցույցերին չեն մասնակցել, այլ որ հրապարակային քննադատել են կուսակցությանը, որն արգելված է մեր կանոնագրով։ Հիմա լավն է, թե վատն է կանոնագիրը, դա այլ հարց է, մեզ համար կա այդ մի կանոնագիրը, որին մենք բոլորս ենթակա ենք։ Մեզ համար քննադատության տեղը ժողովն է», - ասաց Երիտասարդական միության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Արշակ Պետրոսյանն էլ հավելեց. -«Յուրաքանչյուր անձ, երբ որ մտնում է շարքերը, երդում է տալիս, երդում է տալիս հստակ նպատակի՝ ձեռքը դնելով կանոնագրի և կուսակցության ծրագրի վրա։ Դաշնակցականի երդումը սովորական երդում չի, էն երդումներից չի, որ մենք ամեն օր կարող է բազմաթիվ անգամ լսենք մեր առօրյա կյանքում՝ հորս արև կամ մորս արև արտահայտություններով»։

Մինչդեռ արտաքսված երիտասարդներից Արտակ Մելիքյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իրենց կուսակցությունից հեռացրել են ոչ թե խնդրի մասին հրապարակային արտահայտվելու, այլ կուսակցության ղեկավարության մի շարք պնդումների հետ չհամաձայնելու պատճառով։ Մասնավորապես, երիտասարդի փոխանցմամբ, իրենք չեն համաձայնել, որ սահմանադրական կարգի տապալման մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, նաև պնդել են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պատճառ չեն տեսնում։

Նշենք, որ անցած շաբաթ համացանցում տարածվեց «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության մի շարք անդամների կողմից կազմված նամակ, որում ասվում էր, թե հոկտեմբերի վերջին Դաշնակցության կոմիտեների ժողով է անցկացվել՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու օրակարգով։ Նամակում նշվում է նաև, թե ելույթ է ունեցել Դաշնակցության Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, ով խոսել է Քոչարյանի քաղաքական բանտարկյալ լինելու և քաղբանտարկյալների պաշտպանություն իրականացնելու անհրաժեշտության մասին։ «Ընկերոջ համոզմամբ մենք՝ որպես Դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին», - ասված է տարածված նամակում։

Դաշնակցությունից արտաքսված «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախկին անդամ Արտակ Մելիքյանը հաստատում է՝ նամակը իրենք են կազմել, բայց դա ուղղված էր ընկերներին, իրենք ցանկացել էին տեղեկացնել նաև Սփյուռքի դաշնակցականներին, թե իրականում ինչ է կատարվում կուսակցությունում, իսկ թե ով է այն հրապարակայնացրել, տեղյակ չեն։

«Մենք, օրինակ Ռոբերտ Քոչարյանին քաղբանտարկյալ չենք համարում, չենք էլ համարի», - ասաց նա։ Հարցին՝ այդ մասին ասե՞լ են իրենց կուսակցական ընկերներին, նա պատասխանեց. - «Իհարկե, ասել ենք, ասել ենք տարբեր ժողովներում, տարբեր հարթակներում մենք այս մասին խոսել ենք, բարձրաձայնել ենք և պնդել ենք»։

Դիտարկմանը, որ նամակում խոսվում էր նաև արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշումը չկիսելու մասին, Արտակ Մելիքյանն արձագանքեց. - «Տեսեք, նույնը Արայիկ Հարությունյանի պահանջի հետ, մենք տեսել ենք, որ չկան այդ համապատասխան կետերը, որով պետք է նախարարը հրաժարական տա, նույնն էլ արտահերթ խորհրդարանական ընտրությունների հետ է, այսօր չկա էն պատճառը, որ պետք է արտահերթ խորհրդարանական ընտրություններ լինեն, որովհետև տարուկեսից մի քիչ ավել առաջ տեղի են ունեցել ընտրություններ, որոնց գրանցված արդյունքի հետ համաձայն է եղել նաև Հայ Յեղափոխական Դաշնակցությունը։ Լավ, թեկուզ արտահերթ խորհրդարանական ընտրություններ հաջողվեն մեզ, կարծում եք՝ էս տվյալ վարկանիշով մենք հանրության կողմից ընդունվելո՞ւ ենք, այսինքն՝ էս վարկանիշը բավարարո՞ւմ է այնքան, որ մենք հայտնվենք խորհրդարանում»։

Հարցադրմանը, թե ինչ են նշանակում այդ «պարտիզանական հարվածները», ինչի մասին շատ խոսվեց, իսկ այսօր էլ Երիտասարդական միության պատասխանատուն էլ ասաց, որ «եթե հարվածներ, ապա միայն Հայաստանից դուրս՝ թշնամիների հետ կարող է դա առնչություն ունենալ, ներսում իրենք թշնամիներ չունեն», Արտակ Մելիքյանն այսպես պատասխանեց. - «Ես հիմա չեմ ուզում բացվել էտ մասով՝ «պարտիզանական հարվածների», բայց կուզենամ, որ նախ Հրանտ Մարգարյանն այս հարցին պատասխանի, թե ինչ նկատի ունի «պարտիզանական հարված» ասելով»։

Ի դեպ, Դաշնակցությունից հեռացված երիտասարդը պնդում է՝ իրականում Դաշնակցությունը միանձնյա ղեկավարվում է մեկ մարդու կողմից, տվյալ դեպքում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի։ Մելիքյանն ասաց՝ տեղեկություններ ունի, որ հենց Հրանտ Մարգարյանի բառերն են, որ Քոչարյանին պետք է քաղբանտարկյալ համարել, արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ դնել։

Մելիքյանն ասում է, որ իրենց մեղադրում են իշխանական լինելու մեջ, քանի որ դեմ են արտահայտվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների գաղափարին և հրաժարվել են մասնակցել կրթության նախարարի հրաժարականի պահանջով ցույցերին։ Իսկ կուսակցության ներքին շարքերին վստահեցնում են, թե Սփյուռքի դաշնակցականների կողմից են ուղղորդվում, մինչդեռ իրենք որևէ մեկի հետ կապ չունեն, անկախ ուսանողներ են, իսկ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը մշտապես աչքի է ընկել իր ընդդիմադիր կեցվածքով։

Ի դեպ, Մելիքյանի փոխանցմամբ՝ Ուսանողական միության ավելի քան 5 տասնյակ ընկերներ աջակցում են իրենց և ինքնամեկուսացվել են Դաշնակցությունից։


XS
SM
MD
LG