Մատչելիության հղումներ

ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը շնորհվեց ճապոնացի գիտնական Տակեո Կանադեին


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ճապոնացի գիտնական, Քարնեգի Մելոն համալսարանի պրոֆեսոր, Origami World տեսության հեղինակ, «Վիրտուալ իրականություն» հասկացության ստեղծող Տակեո Կանադեին, ով արժանացել է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին:

Վարչապետը նշել է, որ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակ շնորհելու որոշումը բարձր գնահատանքն է պարոն Կանադեի նվաճումներին, և նշել, որ նրա փորձը գիտության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում օրինակելի է հայ երիտասարդների համար, ովքեր առաջին քայլերն են անում ՏՏ ոլորտում:

Տակեո Կանադեն շնորհակալություն է հայտնել իր գործունեությունը բարձր գնահատանքի արժանացնելու համար և ընդգծել, որ Հայաստանում տեսնում է բարձր տեխնոլոգիաների ոլորտի մեծ ապագա: Նա վարչապետին է ներկայացրել իր գործունեությունը և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել հայ գործընկերների հետ՝ վերջիններիս ներկայացնելով իր փորձն ու կարողությունները:

Հանդիպումից հետո տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին նվիրված նամականիշների մարման արարողությունը: Վարչապետի ներկայությամբ նամականիշները մարել են Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանացած Տակեո Կանադեն, Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը և «Հայփոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Ավագյանը:

Այնուհետև կայացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի հանձնման հանդիսավոր արարողությունը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Հայաստանի կառավարության ղեկավարը մրցանակը հանձնել է Տակեո Կանադեին և նրա պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ հանդես եկել ելույթով:

«Ինձ համար մեծ պատիվ է Հայաստանում հյուրընկալել տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային թռիչք ապահոված գիտնական դոկտոր Տակեո Կանադեին։ Հայաստանի Հանրապետության պետական մրցանակի արժանացած դոկտորը բացառիկ ներդրում է կատարել եռաչափ պատկերների ուսումնասիրության, վիրտուալ իրականության տեխնոլոգիաների զարգացման և այլ կարևոր բնագավառներում։ Պարոն Կանադեի հեղափոխական նորարարությունները նշանակալից զարգացում ապահովեցին գիտության և տեխնոլոգիաների ոլորտում՝ նոր հորիզոններ բացելով համաշխարհային գիտական հանրույթի, հետևաբար նաև՝ ողջ մարդկության առջև։ Եվ զարմանալի չէ, որ դոկտոր Կանադեն արժանացել է ու, վստահ եմ, դեռ արժանանալու է բազմաթիվ այլ հեղինակավոր մրցանակների», - մասնավորապես ասել է Փաշինյանը:

«2019 թվականը հեղափոխական զարգացման տարի էր նաև մեր երկրի տեխնոմիջավայրի համար: Հայաստանն իր դիրքերն ամրապնդեց միջազգային հարթակներում: Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային կոնգրեսի և տասնյակ այլ միջոցառումների շրջանակներում Հայաստանն իր հարկի տակ հավաքեց տեխնոլոգիական ոլորտում համաշխարհային դերակատարում ունեցող ընկերությունների, իրենց աշխատանքով գիտական թռիչք ապահոված հազարավոր գիտնականների ու ոլորտի առաջատար մասնագետների», - ընդգծել է վարչապետը:

«Այս տարի լրանում է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակաբաշխության 10 տարին: Այս առիթով ցանկանում եմ շնորհավորել և շնորհակալություն հայտնել մրցանակաբաշխության կազմակերպիչներին և ողջ անձնակազմին, ինչպես նաև նախորդ տարիների մրցանակակիրներին: Նրանցից յուրաքանչյուրն իր ուրույն ներդրումն է կատարել Հայաստանի՝ որպես տեխնոլոգիական երկրի, ճանաչման ու առաջխաղացման գործում: Այս մրցանակաբաշխությունը տեխնոլոգիական ոլորտում յուրատեսակ հնարավորություն և առաջնորդություն է դարձել մեզ համար», - նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Տեխնոլոգիական համաշխարհային պատկերում մեր երկիրը դառնում է ոչ միայն ճանաչելի, այլ նաև՝ օրինակելի։ Հայաստանը, որպես բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական հավակնություններ ունեցող երկիր, արագ տեմպերով զարգանում ու իր դիրքերն է ամրապնդում համաշխարհային տեխնոլոգիական քարտեզի վրա», - հայտարարել է երկրի ղեկավարը:

«Հայաստանի կառավարությունը բարձր տեխնոլոգիաների ուղղությունը հռչակել է ռազմավարական նշանակության ոլորտ։ Ազատ, կոռուպցիայից զերծ ու ժողովրդավար պետությունը, գիտելիքահեն հասարակությունն ու տեխնոլոգիական համաշխարհային նվաճումներ գրանցող ընկերություններին կառավարության անվերապահ աջակցությունը, ոլորտում խիզախորեն ներդրումներ կատարելու կարևորագույն երաշխիքներն են», - շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Տակեո Կանադեն հայտարարել է, որ իր համար մեծ պատիվ է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի պետական մրցանակին արժանանալը: Նա ընդգծել է, որ Հայաստանը լավ հարթակ է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալելու համար, և ընդգծել Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի դերը կադրերի պատրաստման գործում: Տակեո Կանադեի խոսքով՝ Հայաստանում կան մեծ էներգիա և ներուժ ունեցող երիտասարդներ, որոնք իրենց գաղափարներով կարող են նպաստել ոլորտի առաջընթացին ու զարգացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG