Մատչելիության հղումներ

«Պարտիզանական հարվածներ» ձևակերպումը եղել է, բայց այն փոխաբերական իմաստ է ունեցել


Դաշնակցությունից հեռացված Անուշ Հովհաննիսյան, 6-ը դեկտեմբերի, 2019թ․

Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հերքում է, թե ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը իշխանության դեմ այսպես կոչված «պարտիզանական մարտեր մղելու» հորդոր է հնչեցրել։

Իշխան Սաղաթելյան, արխիվ
Իշխան Սաղաթելյան, արխիվ

Կանադայում գտնվող Սաղաթելյանն «Ազատությանը» տեղեկացրեց, որ հոկտեմբերին տեղի է ունեցել կուսակցության մարզային կոմիտեների, Գերագույն մարմնի ղեկավար կազմի, Ուսանողական և Երիտասարդական միությունների վարչությունների խորհրդաժողով, որին մասնակցել է 150 դաշնակցական, այդ թվում՝ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը։ Իշխան Սաղաթելյանն ընդգծում է՝ կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջի որոշումը կայացվել է Դաշնակցության Երիտասարդական միության նիստում, իսկ հոկտեմբերին կայացած ղեկավար կազմի խորհրդաժողովում, որին ներկա է եղել նաև Հրանտ Մարգարյանը, Արայիկ Հարությունյանի մասին ընդհանրապես խոսակցություն չի եղել, և չի քննարկվել նաև Երիտասարդական միության կողմից իրականացվող ակցիաների հարց։

«Դա եղել է մեր հերթական հավաքներից մեկը, որին մասնակցել է շուրջ 150 հոգի, եղել է Մարգարյանը, այդ հավաքին մասնակցել է իբրև պարզ շարքային կուսակցական ընկեր, ինքը ևս խոսք ունեցել է այդ հավաքի ժամանակ, բայց այն, ինչ որ ներկայացվում է, դա իրականության հետ կապ չունի», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ այսինքն այդ «պարտիզանական» ձևակերպումը, այդ պայքարի մեթոդների հորդորը չի՞ եղել նրա կողմից,Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչը պատասխանեց․ «Կոնտեքստից կտրված, իրականության հետ առնչություն չունեցող ձևակերպումներով հավաքից տեղեկություններ են դրել շրջանառության մեջ մարդիկ, ովքեր այդ հավաքին ներկա չեն եղել: Այսինքն՝ եթե ներկա չեն եղել, ի՞նչ գիտեն՝ ինչ է խոսվել»:

Նշենք, որ երեկ Դաշնակցությունը իր շարքերից արտաքսեց 3 երիտասարդների, նրանցից 2-ը մինչ այդ Հանրայինի եթերում պատմել էին, որ դեմ են եղել կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անելու Երիտասարդական միության որոշմանը, քանի որ կարծում էին, թե երկխոսության միջոցով կարող էին խնդիրները լուծել։

«Ազատության» հարցին, թե որքանո՞վ է կուսակցության ներքին ժողովրդավարության սկզբունքներից բխում երիտասարդներին Դաշնակցությունից արտաքսելու որոշումը՝ այն բանի համար, որ նրանք չեն կիսում կոնկրետ հարցի շուրջ կայացված որոշումը, Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն արձագանքեց, որ նախ՝ այդ երիտասարդները «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության վարչության անդամներ չեն, հետևաբար՝ միության անունից խոսել չեն կարող, և հետո՝ հայտնի խորհրդաժողովին չեն մասնակցել, և այն, ինչ ասում են, իրականությանը չի համապատասխանում։

Ըստ Գերագույն մարմնի ներկայացուցչի, կուսակցությունում բոլորը ազատ են իրենց կարծիքը հայտնել, բայց եթե քաղաքական ուժը որոշում է կայացնում, ապա այն իրականացնում են բոլորը։

Սաղաթելյանն ասաց, որ նրանք կուսակցությունից արտաքսվել են «որոշումներին չենթարկվելու և կարգապահական արարք թույլ տալու համար, այսինքն՝ չեղած բանի մասին սաբոտաժ ստեղծել, կեղծ լուրեր տարածել, փորձել իրենց գործողություններով վարկաբեկել կուսակցությանը»:

Արման Բաբաջանյան, 6-ը դեկտեմբերի 2019թ․
Արման Բաբաջանյան, 6-ը դեկտեմբերի 2019թ․

Ի դեպ, Ազգային ժողովի ամբիոնից պատգամավոր Արման Բաբաջանյանն այսօր սուր քննադատության ենթարկեց Դաշնակցությանը, հորդորելով ուշադրության տակ առնել Դաշնակցության կողմից «պարտիզանական մարտեր մղելու» վերաբերյալ տեղեկությունները։

«Կարծում եմ, որ բոլորս պիտի մեր զորակցությունը հայտնենք Նիկոլ Աղբալյան ուսանողական այդ միության այն խիզախ երիտասարդներին, ովքեր հաստատեցին, որ տեղի է ունեցել այդպիսի հավաք և այդպիսի հանձնարարություն՝ պետության դեմ «պարտիզանական մարտեր մղելու» և Ազգային անվտանգության ծառայությունը թող ուղղակի իր ուշադրության տակ առնի այս երևույթը», - ասաց Բաբաջանյանը:

Դաշնակցությունից հեռացված Անուշ Հովհաննիսյան, 6-ը դեկտեմբերի 2019թ․
Դաշնակցությունից հեռացված Անուշ Հովհաննիսյան, 6-ը դեկտեմբերի 2019թ․

Մինչդեռ Դաշնակցությունից երեկ արտաքսված Անուշ Հովհաննիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում նշեց՝ իր համար անընդունելի է Արման Բաբաջանյանի այսօրվա ելույթը, քանի որ պատգամավորը իրենց պաշտպանելու քողի տակ փորձում է հարված հասցնել Դաշնակցությունը։

Նախկին դաշնակցական երիտասարդն, ով դեմ է արտահայտվել Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցեր անելուն և երեկ Հանրայինին տված հարցազրույցից հետո արտաքսվել է կուսակցությունից, պնդում է՝ ներքին շարքերին ուղղված գրության մեջ «պարտիզանական հարվածներ» ձևակերպումը եղել է, բայց այն փոխաբերական իմաստ է ունեցել:

«Կարելի էր Արման Բաբաջանյանին հորդորել, որ չփորձի տարընթերցումների ենթարկել այս հարցը ընդհանրապես, ներկայացված պարտիզանական բառն ընդհանրապես և Ազգային անվտանգության խորհրդին, այլ անվտանգության մարմինների կհորդորեի չանսալ Բաբաջանյանի կարծիքին, որ կարող է Դաշնակցությունը ինչ-որ հարված հասցնել պետությանը, պետականությանը, որովհետև Դաշնակցությունը այն ուժն է, որը պահում է պետականությունը», - ասաց Անուշ Հովհաննիսյանը:

«Ազատության» հարցին, թե այդպիսի ձևակերպում այդ շրջաբերականում չի՞ եղել, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Ձևակերպում եղել է որպես այդպիսի «պարտիզանական հարված» ասելով՝ չպետք է հասկանան ինչ-որ ծայրահեղ գործողություններ, այլ մեր կողմից որպես անդամներ մեկնաբանվել է ուղղակի ցույցեր, ակցիաներ, դա բնութագրող ընդամենը բառ է»:

Անուշ Հովհաննիսյանն ասում է, թե չգիտի՝ ով է շարքերին ուղղված գրության արտահոսքը կազմակերպել, բայց նրան պետք է հայտնաբերել և պատասխանատվության ենթարկել։ 25-ամյա երիտասարդը, ով մինչև արտաքսվելը Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ էր, հակադարձելով Գերագույն Մարմնի ներկայացուցչին, պնդում է՝ միության մեծամասնությունը դեմ է եղել Կրթության նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով ցույցերին, քանի որ կարծում էին, որ մինչև այդ պետք էր հարցը քննարկել նախարարի հետ։ Ի դեպ, Անուշի պնդմամբ՝ թեև Դաշնակցության երիտասարդական միությունը ցույցեր անելու որոշում էր կայացրել, բայց Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը այդ որոշումը կատարելու պարտավորություն չունի։

«Եթե լինում են քննարկումներ, բանակցություններ և հարցը չի լուծվում, ես ինքս կմիանայի այդ գործին, կպահանջեի հրաժարականը, քանի որ Արայիկ Հարությունյանն իմ «սրտի նախարարը» չի կամ Նիկոլ Փաշինյանն «իմ սրտի վարչապետը» չի», - ընդգծեց նա:

«Ազատության» հարցին՝ այսինքն ամբողջությամբ Նիկոլ Աղբալյան ուսանողական միությունը չի՞ ցանկացել կատարել Երիտասարդական միության որոշումը, Հովհաննիսյանը պատասխանեց․ «Չի կարող կատարել, նաև պարտավոր չի կատարել Երիտասարդական միության որոշումը»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, 6-ը դեկտեմբերի 2019թ․
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունց, 6-ը դեկտեմբերի 2019թ․

Հավելենք, որ այսօր լրագրողների հետ զրույցում թեմային է անդրադարձել իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, ասելով, որ «պարտիզանական ջոկատների» հետ կապված բաց տեքստով հանձնարարականները ցնցել է իրենց։ Մակունցը ասել է, որ ԱԱԾ-ն ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի։

XS
SM
MD
LG