Բրատիսլավայում Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության Նախարարների խորհրդի շրջանակներում Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի արտաքին գերատեսչությունների ղեկավարներ Դավիդ Զալկալիանին, Աուրել Չոկոյը և Վադիմ Պրիստայկոն ստորագրել են համաձայնություն, որով Եվրոպական միությանն առաջարկում են ստեղծել համագործակցության նոր ձևաչափ՝ «Եվրամիություն + ասոցացված երեք երկիր»:
2004 թվականին Եվրամիությունը հանդես է եկել «Արևելյան գործընկերության» նախաձեռնությամբ, որի նպատակն է ընդարձակել կապերը նախկին խորհրդային վեց հանրապետությունների՝ վերը նշված եռյակի, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի և Ադրբեջանի հետ: Գաղափարի ամենաակտիվ ջատագովներից էին Լեհաստանը և Շվեդիան:
«Արևելյան գործընկերությունը» վեց երկրներին պետք է ընձեռեր քաղաքական, տնտեսական, իրավական, ինչպես նաև մարդու իրավունքների և ընդհանրապես արևմտյան արժեհամակարգի առումով Եվրոպայի հետ առավել մերձենալու հնարավորություն:
Առաջին գագաթնաժողովը գումարվել է 2009 թվականի մայիսի 7-ին Պրահայում:
Վրաստանը և Ուկրաինան ի սկզբանե հայտնել են Եվրոպական միությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրության մասին, ինչին կտրականապես դեմ է իրեն ԽՍՀՄ իրավահաջորդը հռչակած Ռուսաստանը: Մոլդովան՝ որպես չեզոք պետություն, միայն Եվրամիությանն անդամակցելու նպատակ ունի:
2004 թվականից ի վեր նախկին խորհրդային տարածքում տեղի են ունեցել դրամատիկ իրադարձություններ՝ նախ 2008-ի ռուս-վրացական կարճատև պատերազմի արդյունքում Վրաստանը զրկվել է Աբխազիայից և Հարավային Օսիայից:
2013 թվականի նոյեմբերի 28-ից 29-ը Վիլնյուսում նշանակված էր «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որի ընթացքում Ուկրաինան պետք է Եվրամիության հետ կնքեր Ասոցացման պայմանագիրը:
Գագաթնաժողովից ընդամենն օրեր առաջ կառավարությունը հայտնել է, որ սառեցնում է գործընթացը: Անմիջապես սկսվել են ցույցեր Կիևում և այլ քաղաքներում, տեղի են ունեցել ընդհարումներ, զոհվել են մարդիկ:
Զանգվածային շարժման գագաթնակետը դարձել է 2014 թվականի փետրվարի 21-ի ուշ երեկոյան նախագահ Վիկտոր Յանուկովիչի և նրա զինակիցների փախուստը Կիևից: Երկու օր անց երկրի ղեկավարի պարտականությունները ստանձնել է Գերագույն ռադայի նախագահ Անդրեյ Տուրչինովը:
Դրան զուգահեռ Ուկրաինայի արևելքում և Ղրիմում ակտիվացել է անջատական շարժումը:
Ռուսները բռնակցել և Ռուսաստանի մաս են հռչակել Ղրիմը, Դոնբասում սկսվել է արյունալի պատերազմն, որն առայսօր չի ավարտվել և մոտ 13 հազար կյանք է խլել:
Նույն տարվա սեպտեմբերի 3-ին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը՝ շատերի համար անսպասելի, հայտնել է, որ հանրապետությունը վճռել է միանալ ԵԱՏՄ-ին:
Մինչդեռ, Ուկրաինան և Վրաստանը՝ չնայած տարածքային կորուստներին, պնդել են, որ Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու մտադրությունը մնում է անփոփոխ:
Այդպիսով, «Արևելյան գործընկերության» վեց երկրներից երեքի ճակատագրում էական փոփոխություններ են եղել:
Ի վերջո, Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրել են Ասոցացման պայմանագրերը: Հայաստանն էլ բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության պայմանագրով:
Եվ հիմա Թբիլիսին, Քիշնևը և Կիևը Բրյուսելին առաջարկում է «Եվրոպական միություն + երեք ասոցացված երկիր» գաղափարը: Այն ենթադրում է ինտեգրում տրանսպորտի, էներգետիկայի և այլ ոլորտներում:
Բացի այդ, նոր ֆորմատի շնորհիվ այդ երեք երկրները տեսանելի ապագայում աստիճանաբար կստանան Եվրամիության անդամ-երկրների համար երաշխավորված 4 հիմնարար իրավունքները, այն է՝ ապրանքների, ծառայությունների, դրամագլխի և աշխատուժի ազատ տեղաշարժ: