Մատչելիության հղումներ

Փաշինյան. Բախվում ենք քաղաքակրթական խնդիրների


Գործադիրի այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կառավարությունը նպատակաուղղված է լուծել նախորդ տարիներին Հայաստանում կուտակված շոշափելի խնդիրներ, սակայն «բախվում է քաղաքակրթական խոչընդոտների»։

«Խնդիրն այն է, որ մեր կառավարությունն իր գործունեության ընթացքում բախվում է և հանդիպում է այսպես ասած սոցիալ-հոգեբանական կամ քաղաքակրթական մի շարք խնդիրների, որոնց մասին ես կուզենայի այսօր այստեղ ես բարձրաձայնել:Մենք նպատակաուղղված ենք Հայաստանի Հանրապետությունում լուծել շատ կոնկրետ շոշափելի և տեսանելի խնդիրներ և դա սկսել է մեզ մոտ ստացվել: Բայց մենք ի՞նչ խնդրի հետ ենք բախվում, երբ մի խմբի, մի սուբյեկտի, մի բնակավայրի խնդիր լուծում ենք՝ պարտադիր, չուզող հարևանի տրամաբանությամբ ի հայտ է գալիս մեկ այլ խումբ, բնակավայր, սուբյեկտ, որն ասում է՝ այդ ինչո՞ւ իր հարցը լուծեցիր, այլ ոչ թե մեր հարցը», - ասաց Փաշինյանը:

«Երբեմն տպավորություն է ստացվում, թե ավելի լավ է ընդհանրապես ոչ մի բան չանել, որպեսզի բոլորը հանգիստ, համակերպված հուսահատության հետ, ինչպես ձեզ հայտնի նախորդ շրջանում, իրենց յուղի մեջ տապակվեն», - շարունակեց Փաշինյանը: - «Ընդհանրապես սա լուրջ խնդիր է, որովհետև կարծում եմ՝ ակնհայտ է, որ 30 տարի Հայաստանի Հանրապետությունում կամ 5 տարի, մեկ տարի, էական չէ, կուտակված խնդիրները մեկ գործողությամբ հնարավոր չէ լուծել, որովհետև եթե մենք փորձենք մեկ գործողությամբ լուծել բոլոր խնդիրները՝ մեծ հավանականությամբ, 100 տոկոս հավանականությամբ մենք մեր երկիրը կկանգնեցնենք կոլապսի և ձախողումների առաջ: Ինչո՞ւ եմ սա կոչում քաղաքակրթական խնդիր, որովհետև երբ մտածում եմ՝ ո՞րն է այս երևույթի հիմքը, այդ մտածումների ընթացքում եկա այն եզրակացության, որ Հայաստանը միշտ էլ առանձնապես ուժեղ չի եղել շատ պրիմիտիվ մի քաղաքակրթական մեխանիզմում՝ հերթ կանգնելու գործում»:

Վարչապետը մանրամասնեց․ - «Օրինակ, տեղեկություն ունենք, որ Արծվաշենի մեր սիրելի հայրենակիցները պատրաստվում են կրկին կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անել: Դե յուրե արձանագրված է, բոլոր այդ մարդիկ ստորագրել են պարտավորություն, որ պետությունն իրենց նկատմամբ ունեցած բոլոր պարտավորությունները կատարել է՝ նոտարով հաստատված: Մենք հանդիպել ենք, քննարկել ենք, ասում ենք ժողովուրդ ջան այսպիսի խնդիր կա, ասում են՝ այո, այն ժամանակ իշխանությունը բիրտ է եղել, պարտադրել է, որ մենք այդ փաստաթուղթը ստորագրենք: Շատ լավ, հասկանում ենք, բայց ի՞նչն է պատճառը, որ նորից այս դրսևորումը տեղի է ունենում: Կա պարզ պատճառ, որովհետև մենք 1,2 միլիարդ դրամ տրամադրել ենք փախստականների համար, կոնկրետ խնդիրներ լուծելու համար, բայց փախստականները նույնիսկ դա չեն ստացել: Այս ի՞նչ երևույթ է, չուզողի, չուզող հարևանի տրամաբանությամբ ասել՝ ինչո՞ւ նրա հարցը լուծեցիք: Կամ ի՞նչ է ակնկալվում, մեզնի՞ց էլ է ակնկալվում, որ մենք էլ բիրտ լինե՞նք: Նույնն էլ Ամուլսարում ստեղծված իրավիճակի շուրջ էր, ասում էինք ժողովուրդ ջան, 5 տարի ձեր աչքի առաջ այդ ամեն ինչը տեղի էր ունենում, ձեր ձայնն ինչո՞ւ չէիք բարձրացնում, ասում էին՝ մեզ կբռնեին, բիրտ էր իշխանությունը, մեզ հետապնդումների կենթարկեին: Այսինքն ի՞նչ, ուզում եք ասել, որ Հայաստանի Հանրապետությունում կարելի է նորմալ հարաբերություն հաստատել միայն բիրտ ուժի կիրառմա՞մբ, ա՞յդ է մեր ակնկալիքը, ա՞յդ է մեր ուզածը: Հարաբերությունների այս ձևը բացարձակապես անընդունելի է, որովհետև սա քաղաքակրթական առումով փորձ է Հայաստանը կրկին հետ գլորել բոլորովին ուրիշ տրամաբանության մեջ»:

Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա էին անում արծվաշենցիները։ Արծվաշենը Գեղարքունիքի մարզի էքսկլավն էր Ադրբեջանի տարածքում, որը 1992 թվականի օգոստոսին գրավեցին ադրբեջանական զինված ուժերը։ Գյուղի բնակիչները հարկադրաբար տեղափոխվեցին Հայաստանի այլ բնակավայրեր, հիմնականում՝ սահմանամերձ, Արշվաշենից մոտ 20 կիլոմետր հեռու ընկած Ճամբարակ։

Երբ փոխանցեցինք վարչապետի խոսքը, թե ժամանակին պետական որոշակի աջակցության դիմաց փաստաթուղթ են ստորագրել, որ կառավարությունից այլևս պահանջ չունեն, վիճաբանություն սկսվեց, թե ով է ստորագրել նշված փաստաթուղթը, ոչ չի ստորագրել, ով է ստացել աջակցության գումարը, ով չի ստացել: Արծվաշենցի մի տղամարդ պնդում էր, թե իրենից բացի, բոլորը ստացել են աջակցության գումարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG