Մատչելիության հղումներ

Խաչատուրյան քույրերից երկուսին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում


Ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի ցույց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց, Երևան, 24-ը հունիսի, 2019թ․

Ռուսաստանցի քննիչները հայտարարել են, որ Խաչատուրյան քույրերից երկու ավագները պետք է մեղադրվեն սպանության հոդվածով:

Երեք քույրերը սպանել են իրենց հորը 2018 թվականի հուլիսին Մոսկվայի արվարձաններից մեկում, իրենց բնակարանում:​

Քննչական կոմիտեի հայտարարությունում ասված է, որ երկու ավագ քույրերը սպանության պահին գիտակցել են իրենց գործողությունների բնույթն ու ծանրությունը: Միաժամանակ, հայտարարությունում նշվում է երկարատև ֆիզիկական և հոգեբանական տառապանքների առկայությունը որպես մեղմացուցիչ հանգամանք: Եթե մեղադրանքը հաստատվի, նրանց սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Քույրերից կրտսերի համար, ով սպանության պահին 17 տարեկան է եղել, քննությունն առաջարկում է հարկադիր հոգեկան բուժում անցկացնել:

Քույրերից մեկի փաստաբան Մարի Դավթյանը France-Presse լրատվական գործակալությանն ասել է, որ աղջիկները «ողջամիտ ուժ են գործադրել ինքնապաշտպանության համար»:

Խաչատուրյան քույրերը խոստովանել են, որ դանակ և մուրճ են օգտագործել իրենց 57-ամյա հորը սպանելու համար:

Չնայած հանցագործության ծանրությանը՝ տասնյակ հազարավոր մարդիկ Ռուսաստանում հանդես են գալիս ի պաշտպանություն Խաչատուրյան քույրերի, պնդելով, որ աղջիկներն իրենց հոր բռնարարքներից պաշտպանվելու իրավունք ունեին, մեղադրում, քննադատում են Ռուսաստանի դատաիրավական համակարգը՝ ընտանեկան բռնությունների հանդեպ աչքերը փակելու համար: 230 հազար մարդ ստորագրել է Ռուսաստանի իշխանություններին ուղղված խնդրագիրը, որով նրանք խնդրում են քրեական պատասխանատվության չենթարկել երեք քույրերին:

XS
SM
MD
LG