Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը Ռուսաստանի կողմից Ղրիմի փաստացի գրավումը գերադասում է բռնակցում չանվանել: Այդ մասին Ղազախստանի ղեկավարը հայտարարեց գերմանական Deutsche Welle-ին տված հարցազրույցում:
«Նախևառաջ մենք այն, ինչ տեղի է ունեցել Ղրիմում, բռնակցում չենք անվանում: Մեր կարծիքով՝ ինչ տեղի է ունեցել, տեղի է ունեցել: Բռնակցումը չափազանց կոշտ ձևակերպում է Ղրիմի պարագայում», - նշում էր Ղազախստանի նախագահը` պատասխանելով Deutsche Welle-ի լրագրող Ժաննա Նեմցովայի հարցին, թե արդյո՞ք պաշտոնական Աստանան 2014 թվականին վախեցել էր Ղրիմի բռնակցումից: Լրագրողն, ըստ ամենայնի, Ղազախստանի հյուսիսում մեծաթիվ ռուսալեզու բնակչության առկայությունն ու նրանց շրջանում Ղրիմի իրադարձությունների օրինակով անջատական տրամադրությունների տարածումն էր ակնարկում:
«Որևէ վախ կամ ահաբեկվածություն չի եղել, քանի որ մենք, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի հետ բարիդրացիական, վստահության վրա հիմնված հարաբերություններ ունենք: Ի սկզբանե մենք հավատում էինք Ռուսաստանի ղեկավարության իմաստությանն ու պարկեշտությանը: Այդ իսկ պատճառով, մտավախություններ, թե [Ռուսաստանի կողմից] կարող են որոշակի քայլեր ձեռնարկվել, մենք չենք ունեցել` չնայած մեր որոշ այսպես կոչված «գործընկերներ» մեզ այդ մասին մշտապես հիշեցնում էին», - հայտարարում էր Կասիմ Ժոմարտ Տոկաևը` չհստակեցնելով, սակայն, թե հատկապես որ երկրները ներկայացնող գործընկերներն են հանդես եկել նման նախազգուշացումներով:
Ղազախստանի նախագահը Ռուսաստանի և Ուկրաինայի հարաբերություններում Աստանայի դիրքը բնութագրում է շատ կարճ` «բացարձակ հանգստություն և դիտորդի դիրքորոշում»:
Ղազախստանի նախագահը նաև հավելում է, որ Աստանայում վստահ են` Ուկրաինայի արևելքում առկա խնդիրների լուծման միակ տարբերակը խաղաղ բանակցություններն են` միջազգային հանրության կողմից ճանաչված Մինսկի ձևաչափի շրջանակներում:
«Մինսկի բանակցությունները, ըստ էության, մեկնարկել են Նուրսուլթան Նազարբաևի նախաձեռնությամբ: Ճիշտ է, նա այն ժամանակ առաջարկում էր այդ բանակցություններն անցկացնել Աստանայում: Բայց քանի որ մեր մայրաքաղաքը Եվրոպայից հեռու էր գտնվում, որոշվեց բանակցությունները Մինսկում անցկացնել: Այսօր Մինսկում կնքված համաձայնագրերը միակ իրավական փաստաթուղթն են հանդիսանում, որն ի վերջո կարող է հանգեցնել այսպես կոչված «ուկրաինական խնդրի» կարգավորմանը», - նշում էր Տոկաևը: