Մատչելիության հղումներ

Ադրբեջանական խորհրդարանի լուծարումն ընդդիմության տարբեր արձագանքներին է արժանացել


Ադրբեջանի խորհրդարանը, արխիվ

Ադրբեջանական ընդդիմությունն առայժմ չի կողմնորոշվում` ինչ մարտավարություն է հարկավոր որդեգրել երկրի խորհրդարանի լուծարումից հետո:

Ադրբեջանի Միլի Մեջլիսի լիազորությունները վաղաժամ դադարեցնելու և արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նախաձեռնությամբ երեկ հանդես եկավ իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության քաղաքական խորհուրդը` հանձնարարելով խորհրդարանական մեծամասնությունը ներկայացնող պատգամավորներին նման առաջարկով դիմել երկրի նախագահ Իլհամ Ալիևին:

Ադրբեջանում գործող առաջատար ընդդիմադիր ուժերից մեկի` «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին համոզված է, որ ադրբեջանական իշխանությունները որոշել են խորհրդարանական ընտրությունները նախատեսվածից գրեթե մեկ տարի շուտ անցկացնել, որպեսզի լիարժեքորեն վերահսկեն քաղաքական պրոցեսները:

«Իշխանություններին այս որոշմանը դրդած գլխավոր գործոնն այն ըմբռնումն է, որ բողոքավոր ընտրազանգվածի թվաքանակը Ադրբեջանում օրեցօր մեծանում է: Կառավարությունը չգիտի, թե մինչև հաջորդ աշուն ինչ փոփոխությունների կենթարկվի ուժերի հարաբերակցությունը երկրում: Այդ իսկ պատճառով նրանք խորհրդարանը վաղաժամ լուծարում են, որպեսզի վարչակազմը կարողանա հանպատրաստից ընտրություններ կազմակերպել և հերթական անգամ կեղծել դրանք», - նշում է Ալի Քերիմլին:

Ընդդիմադիր գործիչը չի հավատում, որ գործող իշխանություններն Ադրբեջանում կարող են արդար ընտրություններ անցկացնել: Դրա հետ մեկտեղ Քերիմլին նշում է, որ իր ղեկավարած կուսակցությունը կքննարկի առաջիկա ընտրություններին մասնակցության հնարավորությունը:

«Ժողովրդական ճակատը» և Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը լրջորեն կքննարկեն ստեղծված կացությունը», - ասում էր Քերիմլին:

«Մուսավաթի» առաջնորդ Արիֆ Հաջիլին խորհրդարանի լուծարումը դրական է գնահատում, սակայն վստահ չէ, որ հաջորդ գումարման Միլի Մեջլիսն ավելի լավը կլինի:

«Այս խորհրդարանն, իհարկե, պետք է ցրել, քանի որ այն ձևավորվել է առանց ժողովրդի մասնակցության: Բայց նույնատիպ խորհրդարանի ձևավորումից խուսափելու համար հարկավոր է բարեփոխել ընտրական օրենսգիրքը», - Ֆեյսբուքի իր էջում գրել է Հաջիլին:

Առաջիկա ընտրությունների հանդեպ թերևս ամենալավատեսորենը տրամադրված են նախկին քաղբանտարկյալ Իլգար Մամեդովի «Հանրապետական այլընտրանք» REAL շարժման շարքերում, խորհրդարանի լուծարման մասին քաղաքական որոշումը հրապարակելուց մի քանի ժամ անց հայտարարում էր ընդդիմադիր գործիչը:

«Խորհրդարանի լուծարման հիմքերը ի հայտ եկան դեռ մայիս ամսին, երբ Միլի մեջլիսը հրաժարավեց քննարկել մեր կուսակցության ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունները, որոնք վերաբերում էին Բաքվում քաղաքապետի ընտրությունների անցկացմանը, - նկատում է Մամեդովը հավելելով. - Խորհրդարանը կարելի էր դեռ այն ժամանակ լուծարել, քանի որ այն խուսափել էր իր օրինաստեղծ գործառույթների կատարումից: Չցրեցին այն ժամանակ, ցրում են հիմա: Ամեն դեպքում խորհրդարանի լուծարումը մենք դրական ենք գնահատում և պատրաստվում ենք առաջիկա ընտրություններին»։

XS
SM
MD
LG