Մատչելիության հղումներ

Փաշինյանը շեշտում է՝ ԶՈՒ-ն, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարևորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը և նկատել, որ այն կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: «Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, որովհետև զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որևէ բան իմաստ չի ունենա», - ասել վարչապետը:

«Այսօր որ շատ են խոսում ռազմական բալանսի մասին, ասում են` Ադրբեջանն այս ունի, այս ունի, այս ունի: Մենք ի՞նչ ենք ասում. նախ մենք բնականաբար ամեն ինչ անում ենք, այսօր մենք նոր տեխնիկա տեսանք, այսօր այնպիսի ձեռքբերումներ ունենք, որոնք էկրանների առաջ ցույց տալու չէ, ու կշարունակենք ունենալ այդպիսի ձեռքբերումներ, բայց մեր պատմությունը մեզ ի՞նչ է ասում. 88, 90, 91 թվականներին մենք ավելի պատրաստ էինք պատերազմի, քան Ադրբեջա՞նը, իհարկե` ոչ, նրանք ինչքա՞ն զենք ունեին, մե՞նք ինչքան զենք ունեինք: 1918 թվականին` Սարդարապատի ժամանակ, մենք ավելի՞ պատրաստ էինք. ավելի անպատրաստ չի լինում ընդհանրապես, բայց մենք այսօր կանք, մենք այսօր նստած ենք Մատաղիսում` որպես հաղթած ժողովրդի ներկայացուցիչներ, և մենք իրար աչքերի մեջ նայում ենք և տեսնում ենք այդ հաղթանակի կամքը, որը դաստիարակվել է մեր անցյալ հաղթանակներով և որը մեզ մոտ դաստիարակում է ապագա հաղթանակների վճռականություն», - հայտարարել է Փաշինյանը:

«Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ ամենամեծ նպատակն է, որ դուք ամեն օր, ամեն պահ զգաք իմ անձնական հարգանքը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, զգաք իմ անձնական հարգանքը ձեր ծնողների նկատմամբ, զգաք, որ չկա այդպիսի խնդիր, դարդ, որի լուծումն ինձ համար նույնքան կարևոր չէ, որքան ձեզնից յուրաքանչյուրի համար, ձեր ծնողների համար: Մեր խնդիրն է, իմ խնդիրն է, որ դուք զգաք իմ անձնական սերը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր անցած ճանապարհի նկատմամբ, բայց ամենակարևորը` ձեր ապագայի նկատմամբ, որովհետև ապագան այն է, ինչ մենք այսօր ձևակերպում ենք», - շեշտել է Հայաստանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ մասնավորապես ասել է.

«Մենք ավելի քան 2 մլրդ դրամ ենք հատկացրել զինվորների ծառայության պայմանները բարելավելու համար: Այժմ մեծ թափով ընթանում է սննդի որակը բարելավելու ծրագիրը, որը թույլ տվեք ասել, հեղափոխական նշանակություն ունի, ընդ որում, երեք ուղղությամբ. ամենաառաջինը` զինվորի սննդի որակի մակարդակն է, երկրորդը` դրանից զինվորի ինքնազգացողությունը, թե ինչպես է կառավարությունը վերաբերվում զինվորին և նրա կարիքներին, երրորդը` դրա սոցիալական ազդեցությունը: Ուզում եմ արձանագրել, որ սննդի փոփոխության արդյունքում զինվորների ծնողները հանձնուքների նախկին ծավալը չեն ուղարկում: Դա նշանակում է, որ նաև նրանց ծախսերն են կրճատվում, դա նաև սոցիալական ազդեցություն է ունենում:

Հաջորդը, սպառազինությունների ձեռքբերման առումով ուրախ եմ և հպարտությամբ կարող եմ ասել, որ մենք այս մեկուկես տարվա ընթացքում շատ շոշափելի ձեռքբերումներ ունենք: Այս համատեքստում, կարևորում եմ նաև զինթոշակառուների բնակարանային ապահովման խնդրի լուծումը, որովհետև այսօրվա սպան գիտի, որ վաղը զինթոշակառու է լինելու, և կառավարությունը երբեք այդ հարցն օրակարգից չի հանելու: Հակառակը, Արցախի իշխանությունների հետ ունենք պայմանավորվածություն, որ մենք գործող սպայակազմի բնակարանային խնդիրները պետք է մինչև 2023 թվականը ներառյալ լուծենք համատեղ ուժերով:

Բացի սպառազինությունից, այսօր ձեռք է բերվում ավտոմոբիլային մեծ քանակությամբ տեխնիկա, շատ մեծ փոփոխություններ են տեղի ունենում և շարունակվելու են տեղի ունենալ զինվորների հագուստի և կոշիկի առումով: Այստեղ դեռ չենք հասել մեր ուզած որակին, բայց շատ էական փոփոխություն կա»:

«Այս ամենի ամենակարևոր իմաստը հետևյալն է. զինվորն ամենահեռավոր մարտական հենակետում պետք է իր կողքին զգա կառավարության ներկայությունը, ժողովրդի ներկայությունը, Հայրենիքի ներկայությունը: Զինվորը դիրքում երբեք իրեն միայնակ պետք է չզգա: Ես նկատի ունեմ` մենք ասում ենք սնունդ, հագուստ, զենք, ենթակառուցվածքների բարելավում, տեսադիտարկման համակարգեր, այսօր դիրքերն ապահովվում են խմելու ջրով, և այդ պրոցեսը մեծ թափով ընթանալու է և ավելի մեծ թափ է ստանալու: Ճիշտ է, այս ամենը տեխնիկական նշանակություն ունի, բայց ես ուզում եմ ընդգծել դրանց բովանդակությունը:

Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս և այդպես լինելու է միշտ և այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարևոր իմաստը մտքի և զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան», - հայտարարել է վարչապետը:

«Ամենակարևորը չնշեցի. զինված ուժերում սպայական կազմի աշխատավարձերի բարձրացումը, որը շատ էական բարձրացում է, դա խորհրդանշական բարձրացում չի կարելի համարել: Ձեր հարցին ի պատասխան՝ ես շարունակում եմ և դեռ ավարտին չեմ հասնում և այդ ավարտը չի լինելու, որովհետև այս պրոցեսը շարունակվելու է անընդհատ: Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG