Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն այցելել է ՊԲ հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է պաշտպանական բանակի հյուսիսային հատվածի սահմանապահ դիրքեր: Վարչապետ Փաշինյանին և նախագահ Սահակյանին ուղեկցել են ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը և ԱՀ Պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կարեն Աբրահամյանը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ սահմանապահ դիրքերում Նիկոլ Փաշինյանին և Բակո Սահակյանին զեկուցել են առաջնագծում առկա վիճակի, սահմանապահ դիրքերում վերջին շրջանում իրականացված ինժեներական, տեխնիկական հագեցվածության ապահովման ուղղությամբ կատարված աշխատանքների մասին:

Հայաստանի վարչապետը և Արցախի նախագահը ծանոթացել են զինծառայողների կենցաղային պայմաններին և զրուցել զինվորների հետ: ՀՀ կառավարության ղեկավարը կարևորել է զինված ուժերի, ռազմարդյունաբերության շարունակական զարգացումը և նշել, որ բանակը պետք է դառնա տնտեսության զարգացման լոկոմոտիվը: Վարչապետը կարևորել է զինված ուժերում սննդի նոր կարգի ներդրումը և նկատել, որ այն կարող է խթանել նաև գյուղատնտեսության զարգացումը, քանի որ գյուղմթերքը ձեռք է բերվելու ուղիղ գյուղացուց:

Զինծառայողների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է սահմանապահ դիրքեր այցելելու նպատակին, զինված ուժերի զարգացմանը, զինծառայողների շրջանում միջանձնային հարաբերություններին և այլ հարցերի:

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ այժմ Զինված ուժերում տեղի են ունենում հսկայական փոփոխություններ: «Իհարկե, այդ փոփոխությունները ձեզնից մի մասը կզգա շուտ, կապված տեղակայման վայրից, այլ հանգամանքներից, բայց դուք մի բան պետք է իմանաք. սովորաբար ընդունված է ասել, որ անվտանգությունը, բանակն առաջնահերթություն է, բայց ես ասում եմ, որ անվտանգությունը, բանակը բոլոր առաջնահերթությունների առաջնահերթությունն է, որովհետև զինված ուժերի մարտունակությունից, ամրությունից է կախված ձեր թիկունքում տեղի ունեցող ցանկացած բան, ցանկացած բանի իմաստ ունենալը, հակառակ դեպքում որևէ բան իմաստ չի ունենա», - ասել վարչապետը:

«Որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ, իմ ամենամեծ նպատակն է, որ դուք ամեն օր, ամեն պահ զգաք իմ անձնական հարգանքը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, զգաք իմ անձնական հարգանքը ձեր ծնողների նկատմամբ, զգաք, որ չկա այդպիսի խնդիր, դարդ, որի լուծումն ինձ համար նույնքան կարևոր չէ, որքան ձեզնից յուրաքանչյուրի համար, ձեր ծնողների համար: Մեր խնդիրն է, իմ խնդիրն է, որ դուք զգաք իմ անձնական սերը ձեզնից յուրաքանչյուրի նկատմամբ, ձեր ծնողների նկատմամբ, ձեր անցած ճանապարհի նկատմամբ, բայց ամենակարևորը` ձեր ապագայի նկատմամբ, որովհետև ապագան այն է, ինչ մենք այսօր ձևակերպում ենք», - շեշտել է Հայաստանի ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նաև հարցազրույց է տվել Արցախի Հանրային հեռուստաընկերությանը, որի ժամանակ մասնավորապես ասել է. - «Զինված ուժերը, զինվորը, սպան պետք է զգան, որ իրենց կողքին է կառավարությունը, ժողովուրդը, Հայրենիքը` ամեն վայրկյան, 24 ժամ, գիշեր ու ցերեկ, տարին 12 ամիս և այդպես լինելու է միշտ և այս զգացողությունը զինվորի սրտում, զինվորի հոգում պետք է անընդհատ ուժեղանա: Իհարկե, դա կապված է շոշափելի ենթակառուցվածքների, ձեռքբերումների հետ, բայց այդ փոփոխությունների ամենակարևոր իմաստը մտքի և զգացողության փոփոխություններն են, որոնք ես համոզված եմ, որ կան»:

«Հայոց բանակն ուժեղանալու է ամեն օրվա հետ, ամեն շաբաթվա հետ, ամեն ամսվա հետ, ամեն տարվա հետ և ամեն դարի հետ: Ու այդպես շարունակվելու է հավերժ», - հայտարարել է վարչապետը:

Տե՛ս նաև այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG