Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչներին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ


Բողոքի ակցիա Վրաստանում, արխիվ

Վրաստանի իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է առանց արդյունքները, կողմերին չի հաջողվել ընդհանուր հայտարարի գալ ընտրական համակարգի փոփոխությունների շուրջ:

Ինչպես հայտարարել է ընդդիմադիր գործիչ Գրիգոլ Վաշաձեն, իշխանությունները չունեին որևէ առաջարկ և գաղափար, իսկ ընդդիմության ցանկացած առաջարկ նրանք կտրականապես մերժել են: Հանդիպմանը մասնակցած իշխանության ներկայացուցիչը՝ արդարադատության նախարար Թեա Ցուկուլյանին իր հերթին հայտարարել է, թե ընդդիմության առաջարկը ակնհայտորեն հակասում է երկրի Սահմանադրությանը:

Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը նախ խոստացել էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, այնուհետև տապալել այդ մասին օրենսդրական նախաձեռնությունը, ինչը երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրեց:

Վրաստանում երկրորդ շաբաթն է՝ բողոքի ցույցերը չեն մարում, ընդդիմությունը պահանջում է մինչև 2020 թվականը վերացնել մեծամասնական ընտրակարգը: Խնդրի շուրջ միավորված վրացական ընդդիմադիր ուժերը միասնաբար մշակել են այսպես կոչված «գերմանական մոդել», որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը:

Այսօրվա հանդիպումից հետո ընդդիմադիր առաջնորդ Գիգա Բոկերիան հայտարարել է, որ բողոքի ակցիաները կշարունակեն այնքան ժամանակ, մինչեւ չհասնեն արդյունքի:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG