Մատչելիության հղումներ

«Իմ քայլը» խմբակցության պատգամավորի օրենսդրական նախաձեռնությունը տարատեսակ մեկնաբանություններ է հարուցել


Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյան («Իմ քայլը»)

Քաղաքացին կարող է պետական բյուջե վճարել 10 մլն դրամ և բանակում ծառայել ընդամենը 1 ամիս:  Արագացված ընթացակարգով զինվորական ծառայության մասին նման օրենսդրական նախաձեռնություն է շրջանառության մեջ է դրել իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Արագացված ընթացակարգով զինվորական ծառայություն անցնելու իրավունք, ըստ նախաձեռնության հեղինակի, ունեն Հայաստանի և օտարերկրյա պետության տարածքում բնակվող պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձինք:

Պատգամավորը չի կարծում, թե այսպիսով թուլացնում է բանակը, քանի որ ըստ էության չծառայող քաղաքացիները կվճարեն 2 պայմանագրային զինծառայողի 2 տարվա աշխատավարձը:

«Գումարի կեսով ներգրավել պայմանագրային զինծառայողների և գումարի մյուս հատվածով կառուցել նոր մարզասրահներ բոլոր զորամասերում, որոշ տեղերում հագեցած նաև լողավազաններով, և մեր Զինված ուժերում ծառայող զինծառայողներին խրախուսել զբաղվել սպորտով: Ինչի հետևանքով նաև կքչանա ծխող զինծառայողների թիվը, և կունենանք մարտունակ բանակ», - պարզաբանեց Սարգսյանը:

Պատգամավորը հղում է անում դեռ 2005-ից գործող կարգավորմանը, համաձայն որի 27 տարին լրացած և ծառայությունից խուսափելու հոդվածով հետապնդվող քաղաքացիները կարող են խուսափել պատասխանատվությունից՝ վճարելով ամեն բացակա զորակոչի համար 200 հազար դրամ:

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանի խոսքով, այդ կարգավորումը գործողության մեջ է մինչև դեկտեմբերի 1-ը և բացառվում է, որ այն երկարաձգվի: Հենց այս տրամաբանության մեջ է Բալայանը հորդորում է ըմբռնել նաև Հայկ Սարգսյանի նախագծի նկատմամբ Պաշտպանության նախարարության բացասական դիրքորոշումը, որի մասին Բալայանը «կաշկանդված է հայտարարել», քանի դեռ կառավարությունում չի քննարկվել:

Ըստ էության, Բալայանը չի բացառում նաև օրենքի հակասությունը Սահմանադրության հետ․ - «Զինվորական ծառայությունը ինչո՞վ է պայմանավորված, ո՞րն է հիմքը: Դա Սահմանադրությունն է, որտեղ գրված է՝ յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է մասնակցել Հայաստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը: Ճի՞շտ է: Հիմա եթե վերցնում ենք Սահմանադրությունը, դա ոչ թե հայեցողական լիազորություն է, այլ դա պարտավորություն է, որն ուղղակիորեն գրված է Սահմանադրության մեջ: Զինծառայություն չանցնելու հիմքերը ևս օրենքով սահմանված են: Դրանից զատ, այսօրվա քաղաքականությունը կառավարության հետևյալի մեջ է․ կառավարության պարտավորությունն է կիրառել այն օրենքները, որոնք ընդունվում են Ազգային ժողովի կողմից և համապատասխանաբար ստորագրվում են նախագահի կողմից: Այդ համատեքստում այսօր գոյություն ունեցող ձևաչափի փոփոխություն որպես այդպիսին Պաշտպանության նախարարությունը չի քննարկում և Պաշտպանության նախարարության համար ընդունելի չէ»:

Փոխնախարը փոխանցեց նաև, որ իշխող խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը իրենց տեղեկացրել է, որ պատգամավորի նախաձեռնությունը խմբակցությունում չի քննարկվել:

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հղում է անում իր օրենսդրական նախաձեռնությանը, որտեղ ամբողջովին հակառակն է՝ խստացվում է ծառայությունից խուսափող անձանց պատիժը՝ ըստ էության ակնարկելով, որ նախաձեռնությունը պետք չէ դիտարկել որպես մեծամասնության կողմից արված քայլ:

«Հայկ Սարգսյանի շրջանառության մեջ դրած օրինագիծը դեռ պետք է երկար ճանապարհ անցնի», - հավելեց Քոչարյանը:

Ձեր առաջարկով բանակը չե՞ք դարձնում միայն սոցիալապես անապահով խավի համար, և չկա՞ արդյոք այստեղ սոցիալական անարդարության հարց: Սրան Հայկ Սարգսյանը այսպես է հակադարձում՝ այդ խնդիրը հիմա էլ կա․ մեկը կարողանում է իր որդու համար թանկարժեք մեքենա գնել, մյուսը՝ ոչ․ - «Սա իմ երազած Հայաստանն է, որտեղ այլևս չի լինի պարտադիր զինվորական ծառայություն»:

Չնայած Հայկ Սարգսյանի դիտարկմանը, թե այս քայլով բանակը ավելի է ուժեղանալու, քանի որ 18 տարեկան զինվորին կփոխարինի ավելի փորձառու պայմանագրային զինծառայողը, Պաշտպանության փոխանախարարր Բալայանը հակառակ կարծիքն է հայտնում․ - «Ես չեմ ուզում Ձեր ասած սցենարը քննարկել, որովհետև մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը: Բայց Պաշտպանության նախարարությունը, որի ենթակա մարմին է հանդիսանում Զինված ուժերի գլխավոր շտաբը, իրականացնում է օրենքով սահմանված լիազորություններ և կրում են այն պարտականությունները, որոնք օրենքով սահմանված են»:

Որպեսզի նախագիծը Ազգային ժողովի նիստերի դահլիճում քննարկվի, պետք է, որ այն ստանա խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի դրական եզրակացությունը։ Մինչ այդ իր կարծիքը պետք է հայտնի նաև կառավարությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG