Մատչելիության հղումներ

Վարչապետ. Եկել է ռազմավարությունների իրագործման ճանապարհային քարտեզներ ունենալու ժամանակը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն` Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարության նախագծի շուրջ:

Մինչ քննարկման մեկնարկը վարչապետը հանդես է եկել բացման խոսքով, որում անդրադարձել է հեղափոխությունից հետո 1.5 տարվա ընթացքում մեր երկրի զարգացման ուղղությամբ տարբեր ոլորտներում գրանցված արդյունքներին և մի շարք արձանագրումներ արել: Ըստ նրա, առաջիկայում պետք է ավելի շատ ժամանակ տրամադրել ռազմավարությունների և ռազմավարական բնույթի աշխատանքների վրա:

«Ինչո՞ւ հիմա: Իհարկե, մեր կառավարության ձևավորման հենց առաջին օրից մենք ռազմավարական պատկերացումների շուրջ շատ ակտիվ աշխատանք ենք արել: Հիմա կարող ենք արձանագրել, որ ավարտել ենք անցումային կառավարման տրամաբանությամբ մեր աշխատանքը, որովհետև գիտեք, որ 2018 թվականի հեղափոխական փոփոխություններից հետո այդ փուլն անխուսափելի էր, և մենք պետք է որոշակի անցումային շրջան ունենայինք: Ինչո՞ւ ենք արձանագրում, որ այդ անցումային շրջանն այլևս համարում եմ ավարտված: Առաջինը կապված է տնտեսության և մեր տնտեսության արդի իրավիճակի, մակրոտնտեսական իրավիճակի հետ», - ասել է վարչապետը:

Նա հիշեցրել է, որ առաջին 9 ամսվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել է 7.5 տոկոս տնտեսական աճ, սա ոչ թե տնտեսական ակտիվության ցուցանիշն է, այլ տնտեսական աճը, այսինքն՝ համախառն ներքին արդյունքի աճը, «ինչը նշանակում է, որ մենք տնտեսական հեղափոխության այս փուլի մեր խնդիրը լուծել ենք», - նկատել է նա, ապա շարուակել. - «Ոչ միայն լուծել ենք տնտեսության կայունացման հարցը հեղափոխությունից հետո, այլև դրել ենք կայուն և բարձր տնտեսական աճ ապահովելու բոլոր հիմքերը:

Հաջորդ խնդիրը, որ կարևոր է այս համատեքստում՝ վերջին 1.5 տարվա ընթացքում մեզ հաջողվել է լուծել մեր արտաքին քաղաքականության ամենահրատապ խնդիրները: Այս համատեքստում շատ կարևոր եմ համարում արձանագրելը, որ Հայաստանի Հանրապետությունը, մեր կառավարությունը կարողացել է այդ թվում դիրքավորվել, մեր ընթացիկ պատկերացումներին, մեր ռազմավարական շահերին և նպատակներին համապատասխան, Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում:

Հաջորդ կարևոր արձանագրումը, որ պետք է անեմ, հետևյալն է. մեզ հաջողվել է, և դա այլևս իրողություն է՝ ապահովել Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական կայունությունը և ապահովել ժողովրդավարական կայունությունը տևականորեն և արձանագրել, որ այդ կայունությունը հիմնված է Հայաստանի Հանրապետության ժողովրդի վստահության քվեն ունեցող քաղաքական իրողությունների վրա, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության ժողովրդի պատկերացումներին համապատասխան քաղաքական իրողություններ արձանագրելու կարողության վրա»:

Վարչապետն ընդգծել է, որ 1.5 տարվա պրոցեսները՝ թե՛ տնտեսության ոլորտում, թե՛ արտաքին քաղաքական ոլորտում, թե՛ Ղարաբաղի հարցի կարգավորման բանակցային գործընթացում, թե՛ քաղաքական կյանքի և ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների առումով, ցույց են տվել մեր ռազմավարական պատկերացումների մրցունակությունը կամ դրանց համապատասխանությունը Հայաստանի Հանրապետության ազգային և պետական շահերին:

Անդրադառնալով ՀՀ հետագա զարգացման ռազմավարության անհրաժեշտության հարցին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Մենք այս փուլում պետք է արդեն ամփոփենք մեր ռազմավարական պատկերացումները, և մենք՝ որպես կառավարություն, նաև հանրությանը պիտի առաջարկենք այն տրամաբանությունը, թե 5, 10, 20, 30 տարի հետո և եթե հնարավոր է, ավելի շատ Հայաստանի Հանրապետությունն ինչպիսի երկիր պետք է լինի մեր պատկերացմամբ:

Այս արձանագրումը, իհարկե, լավ է, բայց ժամանակակից աշխարհում և իրողություններում մենք այս խնդրի լուծման համար ունենք մի շատ կարևոր մարտահրավեր. ժամանակակից աշխարհը շատ արագ է փոխվում, և նպատակին հասնելու միջոցները կարող են շատ լուրջ փոփոխություններ կրել: Եթե ենթադրենք, որ 1991 թվականին մենք հստակ ձևակերպած լինեինք, թե ինչպիսին ենք ուզում տեսնել Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականին տնտեսական, քաղաքական, ժողովրդագրական, անվտանգային միջավայրի, արտաքին քաղաքականության առումով, բայց համաձայնեք, որ դժվար կլիներ կանխատեսել 1991 թվականին, որ, օրինակ՝ 2000-ական թվականներին հայտնվելու են նոր տեխնոլոգիաներ՝ այֆոնից սկսած սոցիալական ցանցերով ավարտված, որոնք էական ազդեցություն են ունենալու այդ նպատակներին հասնելու և նույնիսկ նպատակների ձևակերպման մեր գործիքակազմի վրա:

Հետևաբար, մենք ունենք 2 խնդիր՝ ձևակերպել մեր ռազմավարական պատկերացումները և միևնույն ժամանակ այդ ռազմավարությունների վերանայման և վերամշակման այնպիսի գործիքներ ներառել և ստեղծել, որոնք մեզ կօգնեն այդ ռազմավարական պատկերացումները զարկերակային կապի մեջ պահել իրականության հետ, որպեսզի ռազմավարական մեր մշակումները, մեր փաստաթղթերը չկորցնեն կապն իրականության հետ, չկորցնեն ապրելու, կենդանի մնալու, իրականությունից ազդվելու և իրականության վրա ազդելու իրենց ընդունակությունը»:

Խորհրդակցության անդրադարձ է եղել ռազմավարական փաստաթղթերի մշակման գործընթացին, ռազմավարությունների սուբորդինացիոն համակարգին, միմյանց համապատասխանեցման և փոխգործուն կապի ստեղծման, ինչպես նաև մոնիթորինգի իրականացման հարցերին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG