Մատչելիության հղումներ

Վրաստանի իշխանությունները կքննարկեն ընտրական համակարգի՝ ընդդիմության առաջարկած մոդելը


«Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձե

Վրաստանի իշխանությունները համաձայնել են քննարկել ընդդիմության առաջարկած՝ ընտրական համակարգի բարեփոխման այսպես կոչված «գերմանական մոդելը», այս մասին հայտարարել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության ներկայացուցիչ Իրակլի Կոբախիձեն:

Նա շեշտել է, որ այդ քայլին են դիմում Վրաստանում դիվանագիտական ներկայացուցչությունների խնդրանքով: «Գերմանական մոդելը», Կոբախիձեի խոսքով, նոյեմբերի 30-ին ընդդիմության հետ նախատեսված առաջին հանդիպմանը քննարկվող թեմաներից մեկն է, և «իշխանությունները մտադիր չեն այդ հարցի վրա կանգ առնել»:

Վրաստանի իշխող ուժը, որը նախ խոստացել էր 2020 թվականի խորհրդարանական ընտրություններն անցկացնել բացառապես համամասնական ընտրակարգով, այնուհետև տապալել այդ մասին օրենսդրական նախաձեռնությունը, պնդում է, որ «գերմանական մոդելի» և երկրի Սահմանադրության միջև ակնհայտ հակասություններ կան: Ընտրական բարեփոխումներն իշխող ուժի կողմից տապալումը երկրում բողոքի մեծ ալիք բարձրացրեց. Վրաստանում երկրորդ շաբաթն է՝ բողոքի ցույցերը չեն մարում, ընդդիմությունը պահանջում է մինչև 2020 թվականը վերացնել մեծամասնական ընտրակարգը:

Խնդրի շուրջ միավորված վրացական ընդդիմադիր ուժերը միասնաբար մշակել են այսպես կոչված «գերմանական մոդել», որը բացառում է որևէ ուժի կողմից խորհրդարանական բացարձակ մեծամասնություն ունենալու հնարավորությունը:

Recommended

XS
SM
MD
LG