Մատչելիության հղումներ

«Մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ»․ վարչապետը մասնակցել է ՀՔԾ ծառայողական օրվան նվիրված նիստին


«Ոչ ոք ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, մենք մեր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու ենք առաջ», - ՀՀ հատուկ քննչական ծառայության ծառայողի օրվան և ծառայության կազմավորման 12-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհավորել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին և ծառայության բոլոր աշխատակիցներին մասնագիտական օրվա կապակցությամբ և նկատել, որ ՀՔԾ-ն այն մարմինն է, որը Հայաստանում քննում է բարձրաստիճան պաշտոնյաների կողմից թույլ տրված իրավախախտումների դեպքերը, այդ առիթով հարուցված քրեական գործերը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացնում է, որ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում նշել է․ «Իհարկե, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և իր էությամբ Հատուկ քննչական ծառայությունն անկախ մարմին է, բայց, այնուամենայնիվ, պետք է արձանագրել, որ այդ մարմնի գործունեության համար շատ կարևոր են այն քաղաքական համատեքստը և մթնոլորտը, որ երկրում առկա են, որովհետև, այնուամենայնիվ, այո, ինստիտուցիոնալ անկախությունն ինքնին չի նշանակում և երբեք չի կարող նշանակել միջավայրային անկախություն, մթնոլորտի անկախություն»:

Վարչապետի խոսքով՝ իշխանությունների խնդիրն է արձանագրել, որ Հայաստանում պաշտոնյաները չեն կարող լինել օրենքից վեր, և սա սկզբունքային այն ինստիտուցիոնալ փոփոխությունն է, որը պետք է անել առաջիկայում: «Ամենևին մտադիր չեմ արձանագրելու, թե այս խնդրի լուծումը միայն, այսպես ասած, ինչպես ընդունված է ասել, պատժողական քաղաքականության բաղադրամաս է: Ոչ, ամենևին: Այստեղ շատ կարևոր են այս առումով այն ինստիտուցիոնալ բարեփոխումները, որոնք մենք սկսել ենք, և որոնք մենք հետևողական տանելու ենք՝ Կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությունն ենք ընդունել, Դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունն ենք ընդունել, բայց նախկին և ներկա պաշտոնյաների գործունեության հնարավոր չարաշահումների պատշաճ քննությունը պետք է լինի շատ երևելի և երևացող փարոս, դրոշակ մեր մտադրությունների լրջության մասին, որովհետև ռազմավարություններ, քաղաքականություններ, հայտարարություններ մինչև այժմ էլ ընդունվել են, արվել են:

Վարչապետը ավելացրել է, որ այսօր բոլոր քննչական մարմիններում, այդ թվում՝ Հատուկ քննչական ծառայությունում առկա է քննիչների ծանրաբեռնվածության մեծ խնդիր:

«Այսօր, երբ ուսումնասիրում ենք քննիչների միջին ծանրաբեռնվածությունը, տեսնում ենք, որ, ըստ էության, մարդիկ աշխատում ենք անմարդկային պայմաններում: Եվ իսկապես, այս աշխատանքի համար ես կուզենայի նախևառաջ շնորհակալություն հայտնել Հատուկ քննչական ծառայության քննիչներին, ընդհանրապես մեր քննչական մարմիններին, դատախազությանը՝ իրենց կատարած աշխատանքի համար», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ գործադիրը պետք է մտածի Հատուկ քննչական ծառայության քննիչների սոցիալական երաշխքիների մասին և ավելացրել, որ հարցի քննարկումը մշտապես ՀՔԾ պետը բարձրացնում է կառավարության առաջ և այդ օրակարգը շատ կարևոր է:

Փաշինյանը հավաստիացրել է, որ ոչ ոք և ոչ մի բան չի պատրաստվում մոռանալ, կորցնել օրակարգը, և գործադիրն իր հռչակած օրակարգով հետևողականորեն գնալու է առաջ:

Վարչապետն ընդգծել է, որ մեծ հաշվով կառավարության քաղաքականության մեծագույն նպատակը պետական պաշտոնյայի ինքնազգացողությունը, ինքնաընկալումը փոխելն է և մարդանց ընկալումը փոխելն է պետական պաշտոնյայի նկատմամբ:

Ըստ տարածած հաղորդագրության, Իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ վարչապետի միջնորդությամբ և ՀՀ նախագահի հրամանագրով «Մխիթար Գոշի» մեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետի տեղակալ Հովհաննես Ենոքյանը, ՀՔԾ ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գեղամ Մարգարյանը:

Հանրապետության վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Գարեգին Բեգոյանը և ՀՔԾ պետին առընթեր հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Աշոտ Ժամկոչյանը:

Պարգևները հանձնել է անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը, ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանն իր խոսքում անդրադարձել է ծառայության գործունեության արդյունքներին, այդ թվում` ծառայությունում քննված գործերի վերաբերյալ վիճակագրական տվյալներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG