Մատչելիության հղումներ

Հայաստանում փակվելու են մի շարք բանտեր, կառուցվելու են նորերը


Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ
Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Հայաստանում փակվելու են մի շարք բանտեր, և կառուցվելու են նորերը: Կառավարությունն այսօր հաստատեց քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների 2019-2020 թվականների ռազմավարությունն ու 2019-2023 թվականների միջոցառումների ծրագիրը:

Զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տեղեկացրեց՝ նպատակը ազատազրկված անձանց պահման պայմանների բարելավումն ու քրեակատարողական հիմնարկների օպտիմալացումն է. - «Ազատությունից զրկված անձանց համար կապահովվեն միջազգային չափանիշներին համապատասխան պահման պայմաններ, քրեակատարողական հիմնարկները կվերազինվեն անվտանգության և հսկողության ապահովման ժամանակակից ինժեներատեխնիկական միջոցներով, որոնք կնպաստեն հիմնարկների արդյունավետ կառավարման գաղափարի ներդրմանը», - մանրամասնեց նախարարը։

Նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևան քաղաքում՝ Սիլիկյան թաղամասում, կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ, որից 200-ը՝ բուժման կարիք ունեցող անձանց համար: Կփակվի նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկը, իսկ նորը, որի նախագիծն արդեն առկա է, կկառուցվի Խնձորեսկում: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից կտեղափոխվի նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը ևս կփակվի, փոխարենը նոր մասնաշենք կկառուցվի «Սևան» քրեակատարողական հիմնարկում:

««Արմավիր» քրեակատարողական հիմնարկում ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները», - ներկայացրեց Բադասյանը։

Նախագծով դիտարկվում է նաև քրեակատարողական հիմնարկներում սննդի ապահովման, սանիտարահամաճարակային միջոցառումների իրականացման և հնարավորության դեպքում այլ գործառույթների կազմակերպումը մասնավորին պատվիրելու հարցը: 2020 թվականի տարբեր փուլերում Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպումը կիրականացնի մասնավորը։ Ռազմավարության մեջ անդրադարձ կա նաև կոռուպցիոն բնույթի դրսևորումների բացահայտմանն ուղղված քայլերին:

«Նախատեսվում է իրականացնել ընդհանուր աուդիտ, բացի այդ քրեակատարողական հիմնարկներն անհրաժեշտ է վերազինել հսկողության միջոցներով, հսկողության գործիքների արդիականացումն առաջին հերթին ենթադրում է քրեակատարողական հիմնարկները ժամանակակից տեսադիտման համակարգերով վերազինելուն, ինչը հնարավորություն կտա ստեղծել օպերատիվ կառավարման կենտրոն և առցանց ռեժիմով իրականացվող հսկողության պայմաններում բացառել քրեակատարողական հիմնարկներում տարածված այնպիսի կոռուպցիոն երևույթներ, ինչպիսիք են հավելյալ զբոսանքը, կրճատված կարանտինային ժամանակահատվածը, բաց բանտախցերը, հանձնուքները չստուգելը և այլն», - ասաց արդարադատության նախարարը։

Նախագծի իրականացման նախնական ֆինանսական գնահատականը շուրջ 50 մլրդ դրամ է, որի հիմնական մասն ուղղվելու է նոր քրեակատարողականների կառուցմանը: Նախագծի ֆինանսական ծավալը կառավարության անդամներից շատերին հետաքրքրեց։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տարակուսեց՝ Հայաստանն ունի՞ նման հնարավորություններ, թե՞ ոչ:

«Ստանձնում ենք պարտավորություն, որ ամեն դեպքում պետական բյուջեից ֆինանսավորում լինելու է, և հարաբերակցությունը միջազգային դոնորների կողմից ստացվող աջակցությամբ, այսինքն՝ բանակցությունները շարունակում ենք», - նկատեց Ռուստամ Բադասյանը։ Փոխվարչապետը հավելեց՝ ավելի լավ է ունենալ ծրագրերի ցանկ, որից հետագայում, հանրային ներդրումների կառավարման արդյունավետությունից ելնելով, կգնահատվեն և կընտրվեն առաջնահերթությունները։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը հարցրեց՝ նախագծի քանի տոկոսն է կառավարության միջնաժամկետ ծրագրում արտացոլված։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը բացատրեց՝ միջնաժամկետ ծրագիրը հաստատվել է դեռ հուլիսի 10-ին, նախագիծը բերվել է այսօր, հետևաբար չէր էլ կարող արտահայտված լինել: Քննարկումների ընթացքում նախարար Բադասյանը ընդգծեց, որ ծրագիրն իսկապես հավակնոտ է, և ժամկետային խախտումները չեն բացառվում:

Նա դեռ սկզբում հայտարարեց՝ հատկանշական է, որ այս ոլորտում սա առաջին ռազմավարությունն է, և մինչ այս չի եղել համակարգված փաստաթուղթ, որն անդրադարձ կկատարեր պատժողական քաղաքականությունից վերականգնողական արդարադատության անցմանը։

XS
SM
MD
LG