Մատչելիության հղումներ

Կառավարության նախագծով նախատեսվում է փակել մի քանի ՔԿՀ-ներ և ստեղծել նորերը


Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ
Քրեակատարողական հիմնարկ Հայաստանում, արխիվ

Հայաստանի կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թթ. ռազմավարությունը, դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, ծրագրի կատարումը համակարգող խորհրդի ձևավորման և գործունեության կազմակերպման կարգը:

Ըստ հիմնավորման՝ ներկայումս առկա չէ որևէ փաստաթուղթ, որով համապարփակ կերպով անդրադարձ կկատարվի քրեակատարողական և պրոբացիայի համակարգի խնդիրներին, և կնախանշվեն այդ խնդիրների լուծմանն ուղղված ուղիները: Այս ռազմավարության և դրանից բխող միջոցառումների ցանկի ընդունման դեպքում մեկ միասնական փաստաթղթի միջոցով կապահովվի քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի կանխատեսելի զարգացումն ու կատարելագործումը:

Ռազմավարությամբ, մասնավորապես, պահման պայմանների բարելավման և քրեակատարողական հիմնարկների օպտիմալացման շրջանակում նախատեսվում է փակել «Նուբարաշեն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները և Երևանի Սիլիկյան թաղամասում կառուցել շուրջ 1200 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ: Կփակվի նաև «Գորիս» քրեակատարողական հիմնարկը և կկառուցվի 350 լրակազմ ունեցող քրեակատարողական նոր հիմնարկ:

Նախագիծն արդեն առկա է, հիմնարկը նախատեսվում է կառուցել Խնձորեսկում: «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկն Ազգային անվտանգության ծառայության վարչական շենքից նախատեսվում է տեղափոխել նախկին «Էրեբունի» քրեակատարողական հիմնարկի մասնաշենք: Ռազմավարությամբ նախատեսվում է փակել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկը և «Սևան» քրեակատարողական հիմնարկի վարչական տարածքում կառուցել «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի համար սահմանված լրակազմով՝ փակ, կիսափակ ռեժիմների և կալանավորվածների պահելու վայր, այդ թվում՝ կալանք պատժատեսակի համար նախատեսված մասնաշենք:

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նախատեսվում է ապահովել օդափոխության համակարգ, ստեղծել կիսաբաց ուղղիչ հիմնարկի համար անհրաժեշտ պահման պայմաններ, ինչպես նաև զարգացնել բժշկական ստացիոնարի կարողությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG