Մատչելիության հղումներ

Փաշինյանը նշում է՝ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ՀԱՊԿ երկրների անվտանգության համար


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր հայտարարել է, թե Հայաստանը մտադիր է այսուհետ շարունակել իր ներդրումն ունենալ ՀԱՊԿ-ի արդյունավետության հետագա բարձրացման և միջազգային հեղինակության ամրապնդման գործում:

Ղրղըզստանի մայրաքաղաքում այսօր կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովը: Հայաստանի վարչապետը երեկ երեկոյան էր ժամանել Բիշքեկ գագաթնաժողովի շրջանակներում:

Գագաթնաժողովին ունեցած իր ելույթում Հայաստանի ղեկավարը նաև անդրադարձել է ղարաբաղյան խնդրին և համոզմունք հայտնել, որ ռազմատենչ նկրտումները բացարձակապես անհեռանկարային են և խաղաղ բանակցությունների և խնդրի խաղաղ լուծմանն այլընտրանք չկա: Բացի այս, Փաշինյանը նկատել է, որ Ադրբեջանի ղեկավարության դիրքորոշումը վտանգավոր է ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ՀԱՊԿ երկրների անվտանգության համար:

«Կարծում եմ՝ նոր էսկալացիան աղետալի հետևանքներ կթողնի ոչ միայն Հարավային Կովկասի տարածաշրջանում, այլ նրանից դուրս: Ադրբեջանը, գտնվելով պատերազմական իրավիճակում, կարող է դառնալ հարմար ցատկահարթակ իսլամական ծայրահեղականների համար, ովքեր կորցնելով ազդեցությունը Սիրիայում փնտրում են նոր տարածքներ իրենց գործունեության համար: Ընդ որում՝ Ադրբեջանն աշխարհագրական առումով շատ հարմար հարթակ է, որի միջոցով ծայրահեղականները կարող են ծավալել իրենց գործունեությունը բոլոր ուղղություններով», - ասել է Հայաստանի վարչապետը:

Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀԱՊԿ-ն ունի անհրաժեշտ միջոցներ Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր էսկալացիան կանխելու համար: Նրա խոսքով՝ հնարավոր էսկալացիան կանխելու համար ՀԱՊԿ երկրները, ելնելով անվտանգության պահպանման շահերից, պետք է թողնեն անպատասխան Ադրբեջանի կողմից նոր զենք ձեռք բերելու դիմումները:

ՀԱՊԿ հավաքին Հայաստանի կառավարության ղեկավարը նաև հայտարարել է․ «Ուրախ եմ նշել, որ մենք կարողանում ենք համաձայնության գալ նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ: Վստահ եմ, որ Ստանիսլավ Զասի փորձը կարևոր կլինի այս պատասխանատու պաշտոնում»:

Հիշեցնենք՝ հեղափոխությունից հետո Հայաստանը հետ էր կանչել կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին, ում դեմ քրեական գործ է հարուցվել:

ՀԱՊԿ-ի այսօրվա նիստին նախագահությունը կազմակերպությունում ստանձնել է Ռուսաստանը: ՌԴ-ն մտադիր է եկող տարի երկրորդ համաշխարհային պատերազմում կրած հաղթանակի 75-ամյա հոբելյանին նվիրված մեծ միջոցառում կազմակերպել մայիս 9-ին Մոսկվայում: Այսօր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին պաշտոնապես հրավիրել է մասնակցել հաղթանակին նվիրված զորահանդեսին Կարմիր հրապարակում:

Պուտինն այսօր նաև հայտարարել է, թե ՀԱՊԿ-ը պետք է զարգացնի խաղաղապահ առաքելությունը: Մինչ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները մասնակցում էին նեղ շրջանակով նիստին, Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը «Սպուտնիկ» գործակալության հարցերին պատասխանելիս անդրադարձել էր հայ-ռուսական հարաբերություններին՝ ասելով, թե դրանք հիանալի զարգանում են:

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի շփումը կառուցողական է», - ասել է Դմիտրի Պեսկովը, հավելելով, թե Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական ժամանակ է անցել և հայ-ռուսական հարաբերություններում դադարը լրացվել է:

Պուտին-Քոչարյան հարաբերությունների մասին հարցին, Պեսկովը մանրամասն պատասխան չի տվել, միայն ասել է․ «Ձեզ մեկ բան կարող եմ ասել՝ վերջին այցի ժամանակ Պուտինը հանդիպել էր Քոչարյանի տիկնոջ Բելլա Քոչարյանին, նրանք կապը պահպանում են: Պուտինն ու Քոչարյանը ընկերական հարաբերություններ ունեն»:

Հայ-ռուսական հարաբերություններին անդրադարձել էր նաև Պուտինի օգնական Յուրի Ուշակովը՝ նկատելով, թե Մոսկվայի և Երևանի միջև բոլոր խնդիրները լուծվում են:

Ռուսաստանցի փորձագետները համարում են, թե ՀԱՊԿ-ը չի վերածվել սառը պատերազմի տարիների Վարշավյան պայմանագրի կազմակերպության, նշելով, թե տարաձայնությունները ՀԱՊԿ-ում պահպանվում են: Փորձագետների կարծիքով՝ կազմակերպությունը հետխորհրդային տարածքում կայունացնող դերակատարություն ունի և նրա դերը պետք չէ թերագնահատել:

Կազմակերպությանն անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Տաջիկստանը և Ղրղըզստանը: Վերջին շրջանում ռուսական մամուլում քննարկվում է կազմակերպության հնարավոր ընդլայնման հեռանկարները՝ Ուզբեկստանի և Ադրբեջանի հաշվին:

XS
SM
MD
LG