Հայաստանի գլխավոր դատախազությունը հայտնում է հերթական պետական գույքը շուկայական արժեքից մի քանի անգամ ցածր գնով օտարելու դեպքի բացահայտման մասին։
Պետական գույքի կառավարման կոմիտեից ստացված փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրվել է Երևանի Էրեբունի վարչական շրջանի Անդրֆեդերացիայի փողոցում գտնվող, պետական սեփականություն հանդիսացած 203.5 քմ մակերեսով սանիտարահամաճարակային տեսչության շենքի և 506.29 քմ մակերեսով հողամասի օտարման գործընթացի օրինականությունը: Պարզվել է, որ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության նախաձեռնությամբ ՍՊ ընկերության կողմից 2017թ. մարտի 24-ին գնահատվել է վերոնշյալ գույքի շուկայական արժեքը: Գնահատման վերաբերյալ եզրակացության համաձայն՝ այն կազմել է մոտ 8.3 մլն ՀՀ դրամ:
Սակայն հիշյալ եզրակացությունը կազմվել է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջների անտեսմամբ, գույքի գնահատումն իրականացվել է առանց որևէ իրավական հիմքի, մասնավորապես՝ առանց ծառայությունների մատուցման պայմանագրի:
Այս տարվա սեպտեմբերի 4-ին կայացած մրցույթի ժամանակ գույքն օտարվել է 4.7մլն ՀՀ դրամով, այն դեպքում, երբ 2017թ. մարտի դրությամբ գույքի հավանական շուկայական արժեքը կարող էր կազմել շուրջ 40 մլն դրամ կամ գնահատված արժեքից շուրջ հինգ անգամ ավելի։ Այսինքն՝ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության պատասխանատու պաշտոնատար անձինք, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով՝ առանց օրենքով սահմանված գնումների ընթացակարգերի, առանց պայմանագիր կնքելու, ընկերությանը առաջարկել են իրականացնել Գույքի գնահատման աշխատանքները:
Նկատի ունենալով, որ ուսումնասիրությունների արդյունում ձեռք են բերվել առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տվյալներ՝ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ): Նախաքննության կատարումը հանձնարարվել է ՀՀ քննչական կոմիտեին: