Մատչելիության հղումներ

«Նյութեր էին պատրաստում չարամտորեն երաշխավորման պարտավորությունները չկատարելու վերաբերյալ»


«Լուսավոր Հայաստան»-ի ղեկավար Էդմոն Մարուքյան, արխիվ

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) մերժել է քրեական գործի հարուցումը Ազգային ժողովի ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի և «Լուսավոր Հայաստան» (ԼՀԿ) խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գործողությունների վերաբերյալ նախապատրաստված նյութերով՝ հանցակազմի բացակայության պատճառով:

Ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությամբ հանրապետական նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրը՝ Անահիտ Ֆարմանյանն ազատ էր արձակվել կալանքից, բայց հետագայում խուսափել քննությունից:

Ինչպես «Ազատությանը» փոխանցեց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը, Անահիտ Ֆարմանյանի անձնական երաշխավորությունը ստանձնած պատգամավորների կողմից իրենց պարտավորությունները չկատարելու փաստով, որի հետևանքով մեղադրյալը խուսափել է քննությունից, օրենքով սահմանված կարգով նյութեր են նախապատրաստվել, բայց հետո նյութերի հիման վրա քննիչի կողմից որոշում է կայացվել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի հարուցումը մերժելու մասին:

Էդմոն Մարուքյանը այսօր «Ազատության» հարցին, թե ՀՔԾ-ում բացատրություններ տալով՝ ի՞նչ հարցերի են պատասխանել, և ինչպե՞ս են գնահատում ընդհանրապես իրավիճակը, արձագանքեց․ - «Գիտեք, նյութեր էր նախապատրաստվում Հատուկ քննչական ծառայությունում՝ չարամտորեն երաշխավորումների պարտավորությունները չկատարելու վերաբերյալ, որ ես և տիկին Զոհրաբյանը չարամտորեն, միգուցե չարամտորեն չենք կատարել մեր պարտականությունները, որի շրջանակներում մենք բացատրություններ ենք տվել, թե ինչ գործողություններ ենք արել, և քրեական գործի հարուցումը մերժվել է»:

«Ըստ էության, ինձ համար զարմանալի է, որ խափանման միջոցը փոխված մեղադրյալը ունի անձնագիր իր ձեռքում, և անձնագիրը քրեական գործում կարված չէ, ՍԵԿՏ-ը (սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգը) փակ չէ սահմանում, և մարդը շատ հանգիստ կարողանում է սահմանը անցնել, որից հետո երաշխավորողին հարցնում են, ասում են՝ բա մարդը անցել է և չի գալիս», - նշեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարը:

«Այսինքն, երբ դուք երաշխավորությունը տալիս էիք, չգիտեիք, որ նա անձնագիր ունի և կարող է անարգել դուրս գալ երկրից», - այս դիտարկմանը Մարուքյանը պատասխանեց․ - «Այո, այո: Մենք երաշխավորությունը տվել ենք, որից հետո մեկ տարի նա մասնակցել է բոլոր քննչական գործողություններին, պատշաճ ձևով ապահովել է իր մասնակցությունը, որի վերաբերյալ էլ մենք բացատրություն տվեցինք, որ մենք մեր պարտականությունները կատարել ենք: Եվ երեկ նամակ եմ ստացել, որ քրեական գործի հարուցումը մերժվել է: Այդքանը, որևէ բան չեմ կարող ավելացնել»:

«Տվյալ պարագայում իրավիճակը հետևյալն է եղել՝ պատգամավոր է եկել և խնդրել է, որ իր քրոջ՝ մտավորական մարդու, թոռնատեր կնոջ համար նման միջնորդություն կատարենք, որ չկալանավորվի և քննությանը մասնակցի ազատության մեջ, որը մենք հարգել, բավարարել ենք: Բայց ես միշտ խուսափել եմ երաշխավոր լինել, չնայած շատ է դեպքեր եղել, որ կանգնել ենք, և հիմա էլ շատ կան, ահավոր շատ մեզ դիմում են՝ և՛ մեզ, և՛ մյուս խմբակցություններին: Սա, կարծում եմ, բոլոր պատգամավորների համար պետք է վատ փորձ լինի, որ որևէ պարագայում զգույշ լինեն նման երաշխավորություն անելուց», - ընդգծեց «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդը:

«Ամեն դեպքում, ես չեմ կարող քրեական գործով մեկնաբանություններ անել, որովհետև երբ որ մենք կապվել ենք, Սամվել Ֆարմանյանին ասել ենք, որ «քույրդ խուսափում է ներկայանալ», բան, նա ասել է, որ քաղաքական հայտարարություններ է արել դրա վերաբերյալ, և գտնվելու վայրը չգիտի», - նշեց Էդմոն Մարուքյանը:

Նա կարծիք հայտնեց, որ «օրենսդրությունը պիտի այնպիսին լինի, որ երբ որ մարդը մեղադրյալ է ներգրավված և տվել է ստորագրություն չհեռանալու վերաբերյալ, կամ երաշխավոր կա, կամ գրավ է վճարված, էական չի, նա չպիտի անձնագիրը իր ձեռքում ունենա, ՍԵԿՏ-ն էլ՝ բաց, որ երբ ուզենա՝ երկրից գնա»:

«Չնայած չեմ կարծում, որ էս էն մի ահասարսուռ դեպքերից է, բայց ամեն դեպքում: Մենք էնպիսի մարդկանց ունենք Հայաստանից գնացած, որ՝ միլիոնավոր դոլարների չարաշահումների մասին է խոսքը գնում, էս գործը սովորական, շարքային գործ է, բայց ամեն դեպքում», - ամփոփեց Մարուքյանը:

XS
SM
MD
LG