Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել


Շիրակի պետհամալսարանի շենքը, արխիվ
Շիրակի պետհամալսարանի շենքը, արխիվ

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել: Վերջինս, ի դեպ, հանրապետական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ Անահիտ Ֆարմանյանը ներգրավվում է որպես մեղադրյալ՝ առանձնապես խոշոր չափի խարդախության մեղադրանքով: Դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն, 2012-2016 թթ. ուսումնական տարիների ընթացքում շրջանավարտներին հատկացվող դիպլոմները և դրանց միջուկները պատվիրելու և հատկացնելու պատրվակով 3529 շրջանավարտից խաբեությամբ գումար են վերցրել, թեև այդ նպատակով գումար է դուրս գրված եղել: Նախնական տվյալներով՝ հափշտակված գումարը կազմում է 19 միլիոն 409500 դրամ: Անահիտ Ֆարմանյանի շահերի պաշտպան Հովհաննես Խուդոյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ իրենք մինչ այժմ նախաքննական մարմնից պաշտոնապես չեն ստացել Ֆարմանյանին ներկայացվող մեղադրանքը, և այդ մասին տեղեկացել է մամուլից:

«Զուտ այն փաստը, որ խարդախության մեջ է մեղադրվում, արդեն բացարձակ աբսուրդ է, որովհետև խարդախությունը ենթադրում է, որ անձը պետք է դրամական միջոցները որևէ գործողությամբ, ոչ օրինական ճանապարհով վերցնի իրեն, ինչը բացառվում է տիկին Ֆարմանյանի դեպքում: Որևէ նման գործողություն չի կատարվել»,- ասաց փաստաբանը:

Հովհաննես Խուդոյանի համար տարօրինակ է ոչ միայն այն, որ չեն ծանուցել մեղադրանքի մասին, այլև հանգամանքը, որ դատարանը քննել է կալանքը խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: - «Ոչ միայն նիստին ներկա չենք եղել, նաև տեղեկացված չենք եղել, որ առհասարակ կալանավորման հարց է քննարկվում»,- տարակուսեց փաստաբանը:

Ինչ վերաբերում է հայտարարված հետախուզմանը, պաշտպանը դա ևս անհասկանալի է համարում, քանի որ Ֆարմանյանը վարույթն իրականացնողներին տեղեկացրել է, որ որոշ ժամանակով բացակայելու ու վերադառնալու է․ ֊ «Նա հիմա գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում և վերադառնալու է, խուսափելու որևէ միտում չկա»:

Խուդոյանն ասաց նաև, որ «շատ կարճ ժամկետում» կբողոքարկեն մեղադրանքի առաջադրման և խափանաման միջոցի ընտրության մասին որոշումները:

Անահիտ Ֆարմանյանի եղբայրը, Սամվել Ֆարմանյանը, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ փաստաբանների կողմից տեղեկությունների պաշտոնական ճշտման փուլում են։ - «Մինչև լուրի պաշտոնական խողովակներով ճշտումը, իմ կողմից որևէ արձագանք և քաղաքական գնահատական չի լինելու (ավելորդ է ասել, նաև քրոջս կողմից, ով հարուցված «գործի» հետ կապ ունի այնքանով, որքանով իմ հարազատ քույրն է)։ Էս մասին դեռ շա՜տ ենք խոսելու»,- գրել է պատգամավորը, հավելելով․ - «Ողջամտությունը, տղամարդկությունն ու հայրենասիրությունը ավելի շուտ կարող են մտազուգորդվել այս կրկեսի նախաձեռնողների ու կատարողների ազգանունների, անկախ իրենց քաղաքական ու այլ երանգներից, քան՝ հանցագործություն եզրույթը Ֆարմանյան ազգանվան հետ»։

Սամվել Ֆարմանյանը խոստացել է արձակուրդից վերադառնալուն պես ասուլիս հրավիրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG