Այսօր Չեխիայի մայրաքաղաքում կմեկնարկի Ռուսաստանի նախկին փոխարտգործնախարար, այժմ Դաշնության խորհրդի անդամ Գրիգորի Կարասինի և Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեի բանակցությունների հերթական փուլը:
Դատելով ռուսաստանյան լրատվամիջոցների հրապարակումներից` Աբաշիձե - Կարասին ձևաչափում կազմակերպված հերթական այս հանդիպման առանցքային թեման է լինելու Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը:
Ռուսաստանի իշխանությունները վրացական և ռուսական օդանավակայանների միջև ուղիղ չվերթները չեղարկեցին այս տարվա հուլիսին` Թբիլիսիում ծավալված բողոքի գործողությունների ֆոնին: Պաշտոնական Մոսկվան պնդում էր, որ Վրաստանում հակառուսական տրամադրությունների աճ է նկատվում, և իր քաղաքացիներին խորհուրդ էր տալիս զերծ մնալ հարևան երկիր ուղևորություններից:
Մոսկովյան «Իզվեստիա»-ն այսօր մեկնարկող բանակցությունների նախօրեին, վկայակոչելով Ռուսաստանի կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները, գրում է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ ավիափոխադրումները, ըստ ամենայնի, վերականգնվելու են առաջիկա ամիսներին` 2020 թվականի սկզբին:
«Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև Նոր տարի ավիափոխադրումները վերականգնելու հնարավորություն չի լինի, քանի որ Վրաստանում քաղաքական ճգնաժամ է, և Թբիլիսիում զանգվածային ցույցեր են ծավալվել», - գրում է «Իզվեստիա»-ն:
Դրա հետ մեկտեղ, մոսկովյան պարբերականը պնդում է, որ չվերթների վերականգնման հարցով Ռուսաստանի կառավարությունը վրացական իշխանությունների հետ որևէ բանակցություն չի վարել: «Ավիափոխադրումների վերսկսման մասին որոշումը Մոսկվան ինքնուրույն է կայացնելու», - նշում է թերթը:
Գրիգորի Կարասինը, ով թեև լքել է Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունը, բայց կառավարության հատուկ հանձնարարությամբ շարունակում է համակարգել Թբիլիսիի հետ շփումները, այս հարցում որևէ կանխատեսմամբ առայժմ հանդես չի գալիս:
«Ավիահաղորդակցության հարցում շատ բան կախված է այն հանգամանքից, թե որքան առողջ կլինի մեր երկկողմ հարաբերություններում տիրող մթնոլորտը: Առայժմ, հաշվի առնելով [Թբիլիսիից] ամեն օր ստացվող լուրերը, մեր վրացի գործընկերները այս հարցում պարծենալու առիթներ չունեն: Մենք, սակայն, առաջընթաց ապահովելու ցանկության առումով հաստատակամ ենք: Դրա հետ մեկտեղ՝ պետք է համապատասխան բարոյա-քաղաքական իրավիճակ ձևավորվի: Սխալ կլիներ պնդել, թե այժմ այն առկա է», - նշում էր Կարասինը:
Զուրաբ Աբաշիձեի համոզմամբ էլ՝ ավիափոխադրումների հարցում գնդակը Ռուսաստանի դաշտում է:
«Այդ որոշումը միակողմանիորեն Ռուսաստանն է կայացրել: Եթե նրանք ավիափոխադրումները վերականգնելու ցանկություն ունեն, դա կանեն ինքնուրույնաբար: Տեխնիկական տեսանկյունից վրացական կողմը ավիափոխադրումների վերսկսման հետ որևէ խնդիր չունի: Ընդհանուր առմամբ մենք ողջունում ենք չվերթների հնարավոր վերականգնումը», - ռուսական ՏԱՍՍ գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է Աբաշիձեն:
Այսօրվա բանակցությունների ընթացքում, ըստ ռուսական մամուլի, Կարասինը և Աբաշիձեն պատրաստվում են մանրամասնորեն քննարկել «առևտրատնտեսական հարաբերություններում հասունացած մի շարք խնդիրներ, ինչպես նաև Ռուսաստանի և Վրաստանի միջև ցամաքային կապի ապահովման ընթացքում պարբերաբար ծագող խոչընդոտները»․ խոսքը, ըստ ամենայնի, Վերին Լարսի անցակետի գործունեությանն է վերաբերում: