Մատչելիության հղումներ

«Ոչ թե պետությունն է կառուցում, այլ մասնավոր ընկերությունը»․ «Թաղման բյուրոյի» տնօրենը՝ դիակիզարանների մասին


Դիակիզարանների կառուցման մասին օրերս հայտնած «Թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանը չի ցանկանա, որ այրեն իր կամ իր հարազատներից որևէ մեկի դին, բայց կարծում է՝ հասարակությունը պետք է ընտրության հնարավորություն ունենա:

Հայաստանում դիակիզարանների կառուցման մասին լուրը տարածվեց օրեր առաջ և բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց, շատերը քննադատեցին, թե դիակներն այրելը հայ առաքելական եկեղեցու հետևորդին հարիր չէ և հակաքրիստոնեական է, քանի որ Սուրբ գրքում գրված է՝ «հող էիր հող դարձիր», շատ էին նաև հանրային քննարկում պահանջողները:

«Էդ դիակիզարանը կառուցվում է ոչ թե պետական միջոցներով, ոչ թե պետությունն է կառուցում, այլ մասնավոր ընկերությունը, որը որ բիզնես շահեր է հետապնդում, նախևառաջ ինքը պետք է հանրային քննարկում իրականացներ, ինքը պետք է հանրային լսումներ իրականացներ, մեզ ասել են՝ «դուք դե՞մ եք, թե՞ կողմ եք», մենք ասել են՝ «մենք կողմ ենք», - նշեց Իսկանդարյանը:

Դիակիզարաններն ու մասնավոր գերեզմանատները կարող են թեթևացնել գերեզմանների տարեցտարի մեծացող տարածքների, ու դրանց ոչ բարվոք ոչ բարվոք վիճակի խնդիրը, այս պահին երկուսը հիմնելու ցանկություն կա արտասահմանյան ներդրողներից:

Երևանի 21 գերեզմանատների ընդհանուր տարածքը 500 հեկտարից ավելի է, դա 2 անգամ ավելի շատ է մայրաքաղաքի կանաչապատ տարածքներից:

«Բոլոր, սենց ասած, ներդրողներին տվել ենք Հայաստանի Հանրապետության հուղարկավորությունների կազմակերպման և դիակիզարանների մասին օրենքը, որոնք ուսումնասիրել են, փորձում են հիմա, սենց ասած, բացել մասնավոր գերեզմանատուն և դիակիզարաններ», - ասաց Արման Իսկանդարյանը:

Ի պատասխան «Ազատության» հարցի Մայր Աթոռ սուրբ Էջմիածնից հայտնեցին՝ դիակիզարան կկառուցեն թե չեն կառուցի պետության որոշելիքն է, և որ այս հարցով մեկնաբանություն տալու կարիք չկա․ «Տարիներ շարունակ եկեղեցին հնչեցրել է իր տեսակետը դիակիզման երևույթի մասին, ամենքը, տեղյակ են, օրենքն ընդունված է: Արդեն գործող օրենքի պայմաններում ներկայիս ծավալվող քննարկումը արհեստական օրակարգ է, եկեղեցին շարունակելու է իր հետևորդներին ուսուցանել այս առնչությամբ իր հայացքները»:

Բնակչության հատուկ սպասարկում ՀԱՈԿ-ի կամ, այսպես ասած, «Թաղման բյուրոյի» տնօրեն Արման Իսկանդարյանը ասում է՝ դիակիզարանները կկառուցվեն ծայրամասերում, որի մոտակայքում բնակավայր չկա և չի էլ նախատեսվում, որ քաղաքին պիտանի որևէ օբյեկտ կլինի։

Իսկանդարյանը պարզաբանում է, ըստ 2006 թվականին ընդունված «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատներ ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքի, ցանկացած մասնավոր գերեզմանատուն պետք է դիակիզարան ունենա կամ էլ կնքի պայմանագիր գործող դիակիզարանի հետ, բայց քանի որ այս պահին Հայաստանում դիակիզարան չկա, մասնավոր գերեզմանատուն հիմնել ցանկացողը պետք է նաև դիակիզարան կառուցի։

«Միայն դիակիզարան չէ, պիտի լինի նաև սգո հանդիսությունների սգո սրահ, պետք է լինի նաև դիակիզման պատ, պետք է տարածքը կանաչապատ լինի, պետք է ծառեր լինեն տարածքում, պետք է փակ լինի տարածքը, այսինքն՝ այդտեղ մենակ դիակիզարանը չի, եթե մարդը ուզում է մասնավոր գերեզմանատուն բացի, պիտի ծառայությունները ինքը ամբողջովին ունենա», - ասաց Իսկանդարյանը:

«Թաղման բյուրոյի» տնօրենի գնահատմամբ՝ մասնավոր գերեզմանատների չափորոշիչներն ու պահանջները հաշվի առնելով դրանք պետականներից ավելի լավը կլինեն, որովհերտև պետականը պահելու ծախսը մեծ է, իսկ մասնավորն ինքն իր բիզնեսը կանի։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG