Մատչելիության հղումներ

Երիտասարդ ռուսաստանցիների կեսից ավելին ցանկանում է արտագաղթել


Արտապատկերում «Լևադա կենտրոնի» կայքէջից

Ռուսաստանում անցկացված նոր հարցման համաձայն, Դաշնությունից հեռանալու մասին երազող երիտասարդների թիվը հասել է այս տասնամյակում ամենաբարձր ցուցանիշին: Հարցումն անցկացրած «Լևադա կենտրոնը» երեկ է հրապարակել արդյունքները:

18-24 տարեկանների ավելի քան կեսը վստահ ցանկանում է արտագաղթել: Տարիքային բոլոր խմբերից հարցվածների 21 տոկոսն առնվազն դեմ չէ հայրենիքից հեռանալուն: Այդ ցանկությամբ համակվածների 7 տոկոսն արդեն կատարում է արտագաղթելու համար կոնկրետ քայլեր:

Նոր երկրում բնակություն հաստատելու մտադրություն ունեցողների երկրորդ խումբը 25-ից 39 տարեկաններն են: Նրանց 30 տոկոսն է հստակ ցանկանում արտագաղթել:

Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, դրանք շտկելուն ուղղված կառավարության վիճահարույց փորձերը և ամռան ամիսներին տեղի ունեցած բողոքի զանգվածային ակցիաները լուրջ սպառնալիք են դարձել երկու տասնամյակ իշխող Վլադիմիր Պուտինի համար:

Հարցվածները թվարկել են հանգամանքները, որոնք դրդում են մտորել արտագաղթելու մասին: Երկու առաջնահերթ մտահոգություններն են վախը երեխաների ապագայի համար և տնտեսական-սոցիալական վատթարացող կացությունը:

Երրորդ կարևոր հանգամանքը հարցվածի և նրա ընտանիքի անդամների համար որակյալ բուժսպասարկում ապահովելու անհրաժեշտությունն է:

2014 թվականին 18-24 տարեկանների 20 տոկոսն է երազել արտագաղթելու մասին: 2019-ին այդ տարիքային խմբի ցուցանիշն աճել է ավելի քան 30 տոկոսով, ինչն աննախադեպ երևույթ է:

Փաստորեն, 2014-ից սկսած այդ միտումը հետզհետե աճել է և այս տարի գագաթնակետին է հասել հատկապես մայիսից սեպտեմբեր ընկած շրջանում:

Այդ ամիսներին Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում և ռուսաստանյան տասնյակ այլ քաղաքներում տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում ոստիկանները բիրտ ուժ են կիրառել հարյուրավոր ընդդիմադիրների նկատմամբ:

Բողոքի առիթ է դարձել ՏԻՄ ընտրություններում ու հատկապես Մոսկվայի քաղաքային դումայում ընդդիմության թեկնածուների գրանցումը ցանկացած պատրվակով մերժելու իշխանության գործելակերպը:

Հեռանալու ցանկության մասին հայտնած ռուսաստանցիների 56 տոկոսը նշել է, որ «երկիրը սխալ ճանապարհով է շարժվում, և իրենք ամաչում են Ռուսաստանում տեղի ունեցած իրադարձությունների համար»:

Այդ մարդկանց 73 տոկոսը նշել է, որ հավանություն չի տալիս նախագահ Պուտինի քաղաքականությանը, 39 տոկոսն էլ հայտնել է, որ պատրաստ է մասնակցել ռուսաստանյան քաղաքական կյանքին:

«Լևադա կենտրոնի» հարցերին պատասխանել է 1601 բնակիչ: Հարցումն անցկացվել է սեպտեմբերի 2-ից հոկտեմբերի 2-ը ռուսաստանյան 137 բնակավայրերում ապրող 18 տարեկանից բարձր տարիքի մարդկանց շրջանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG