Մատչելիության հղումներ

«Ասել, որ ամբողջովին հաշվառելի է դարձել տնտեսությունը, շուտ է», - նշում է տնտեսագետը


Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան, արխիվ
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյան, արխիվ

Այս տարվա առաջին տասն ամիսներին պետական բյուջեի եկամուտները 2018 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 20, իսկ 2017-ի համեմատ՝ 32 տոկոսով, կազմելով 1 տրիլիոն 197 միլիարդ դրամ: Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը եկամուտների աճը նախ և առաջ պայմանավորվում է ստվերային տնտեսությունների կրճատմամբ:

«Թեև, ասել, որ ամբողջովին հաշվառելի է դարձել տնտեսությունը, շուտ է, բազմաթիվ օրինակներ կան և բազմաթիվ աղբյուրներ կան, որոնք դեռ պետք է գան լուսարձակի տակ, այսինքն՝ հարկման դաշտ», - «Ազատության» հետ զրույցում նշեց տնտեսագետը:

Եկամուտների աճին զուգահեռ, այս տարի թերակատարվել են կապիտալ ծախսերը: Մանասերյանի գնահատմամբ՝ պետությունը պիտի հստակ առաջնահերթություններ ընդունի և անգամ մեկ վայրկյան չպիտի մտածի, թե ինչի վրա կարելի է ծախսել խնայված փողերը: «Ցավոք սրտի, ներկայիս կառավարությունը դեռ շատ էս հարցում առաջընթաց չի ցուցաբերում», - ասաց նա:

2019-ին չծախսված գումարների փաստը տնտեսագետը մտահոգիչ է համարում և հիշեցնում, որ, միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկը օրերս հաստատեց Հայաստանին 50 միլիոն դոլար վարկի տրամադրումը․ - «Տարիմաստություններ, անշուշտ, կան: Վստահ եմ, որ շատ բնական հարց է առաջանալու, թե «մինչ դուք ձեր միջոցները չեք կարողանում ծախսել, ապա ի՞նչ կարիք կա նոր միջոցներ ներգրավելու»:

Այսպիսի հարցերից խուսափելու համար Մանասերյանը իշխանություններին կոչ է անում հստակեցնել առաջնահերթությունները: Ըստ մասնագետի՝ չծախսված գումարների փաստն իշխանությունների համապատասխան որոշումների բացակայությունից է բխում: «Կարծում եմ՝ մի քայլ, որը ուղղակի անհրաժեշտ է կառավարության համար օդ ու ջրի պես՝ ներգրավել փորձագիտական հանրությանը և համախորհուրդ որոշումներ կայացնել ի օգուտ երկրի, ժողովրդի և տնտեսության զարգացման: Իսկ, հավատացեք, որ ցանկացած խնդիր, որը այսօր ծառացած է մեր առջև, ունի մեկից ավելի լուծումներ», - ընդգծեց տնտեսագետը:

Ինչ վերաբերում է վարկեր վերցնելուն, Մանասերյանն ասում է՝ ինքը այս կամ այն ծախսերի ֆինանսական աղբյուրների առաջնահերթությունն այս կերպ կդասավորեր՝ առաջին տեղում կլինեին պետեկամուտները, «դրանից հետո այն գումարները, որ էսօր կա և՛ բնակչության ձեռքին, և նաև, չզարմանաք, գործարար աշխարհի մի մասը դա կանխիկ է նախընտրում պահել՝ կա՛մ վերածել արտարժույթի, կա՛մ ձուլակտորների, կա՛մ հանել Հայաստանից դուրս, այ էս «կամ»-երը էն մեծ ռեսուրսներն են, ընդ որում՝ յոթանիշ թվերով արտահայտված, որոնք անպայման իրենց ներդրման կարիքն ունեն»:

Թաթուլ Մանասերյանն ասում է՝ եթե սրանք չբավարարեն, մեկ այլ աղբյուր էլ կա՝ հայության ֆինանսական ներուժը: «Կարելի է և պետք է թողարկել բաժնետոմսեր, էդ առաջարկը մենք ներկայացրել ենք կառավարությանը, և ուրախ կլինեմ, եթե դա ուշադրության արժանանա, էնպիսի մեծ պրոյեկտների համար, ինչպիսիք անլուծելի է թվում, ասենք՝ «Նաիրիտ»-ը, Վանաձորի «Քիմպրոմ»-ը, մեր ատոմակայանի երկրորդ էներգաբլոկը, որ ես ամենախրթին էս խնդիրներն եմ ասում, որոնք ունեն պարզ լուծում», - ընդգծեց տնտեսագետը:

XS
SM
MD
LG