Մատչելիության հղումներ

ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ


Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը:

Դեսպան Լին Թրեյսիին ուղեկցել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության քաղաքական և տնտեսական բաժնի ղեկավար Ռայան Քեմբելլը, քաղաքական հարցերով մասնագետ Լիլիթ Օհանյանը: ՀՅԴ Հայաստանի կառույցը ներկայացրել են ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ԳՄ անդամներ՝ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը և Աշոտ Սիմոնյանը:

Հաղորդագրությունում նշված է, որ Իշխան Սաղաթելյանն ընդհանուր գծերով ներկայացրել է իշխանափոխությունից հետո Հայաստանում ձևավորված քաղաքական իրողությունները: Նա մասնավորապես հնչեցրել է ՀՅԴ Հայաստանի կառույցի գնահատականներն ու մի շարք մտահոգություններ բարձրաձայնել երկրում ընթացող քաղաքական գործընթացների առնչությամբ:

Հանդիպմանը մասնակից՝ ՀՅԴ ԳՄ մյուս անդամները շեշտել են հանրապետությունում իրական, բովանդակային և համակարգված բարեփոխումների իրականացման անհրաժեշտությունը, միաժամանակ իրենց անհանգստությունն են արտահայտել երկրում սահմանադրական և ժողովրդավարական ինստիտուտների նկատմամբ նկատվող անառողջ գործընթացների կապակցությամբ:

Դեսպան Թրեյսին իր խոսքում մասնավորապես նշել է. «Ես արժևորում եմ ԱՄՆ դեսպանատան երկարամյա հարաբերությունները Հայաստանի քաղաքական կուսակցությունների, այդ թվում՝ ՀՅԴ-ի հետ: Միացյալ Նահանգները շարունակում է հավատարիմ մնալ Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական ու սոցիալական կառավարմանն աջակցելու՝ իր հանձնառությանը, ինչպես դա եղել է մեր դիվանագիտական հարաբերությունների 27 տարիներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG