Մատչելիության հղումներ

Երևանը հակադարձում է Սումգայիթի դեպքերի վերաբերյալ Ալիևի հայտարարությանը


ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյան, արխիվ

«Մենք դատապարտում ենք ներքաղաքական խնդիրների հասցեագրման նպատակով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող հարցերի, մասնավորապես՝ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգության շահարկումը», - ասել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով անցած շաբաթ Սումգայիթում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարությունների վերաբերյալ հարցին:

«Սումգայիթյան ջարդերը լավագույնս փաստագրված են, և Ադրբեջանի կողմից փաստերի խեղաթյուրումը ժխտողականության վտանգավոր դրսևորում է, որը հրահրում է հայերի նկատմամբ ատելություն և ցեղասպան միտումներ: Բաքվում, Կիրովաբադում, Մարաղայում, Թալիշում և այլուր հայերի նկատմամբ իրականացված ոճրագործությունները, էթնիկ զտումները և զանգվածային ջարդերի չդատապարտումը ու ավելին՝ դրանց արդարացումը, Ադրբեջանի իշխանությունների կողմից խրախուսվող հակահայկական հռետորաբանությունը, Ռամիլ Սաֆարովի և հայերի սպանելու համար այլ մարդասպանների հերոսացումը. այս ամենը խաթարում է վստահության ձևավորումը և վնասում խաղաղ գործընթացին», - Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ շեշտել է Նաղդալյանը:

«Բացահայտելով Ադրբեջանի մտադրությունը և այս ուղղությամբ իրականացված քաղաքականությունը՝ փոխելու Արցախի ժողովրդագրական պատկերը՝ հայերի քանակի նվազեցման և ադրբեջանցիների քանակի ավելացման միջոցով՝ Ադրբեջանի նախագահն առավել ընդգծում է հայկական կողմի՝ Արցախի ժողովրդի էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությանն առնչվող հիմնական մտահոգության վավերականությունը 1988թ.-ին և այսօր», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը:

«Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին քաղաքական կամք ցուցաբերել Սումգայիթի զանգվածային բռնություններին իրական գնահատական տալու առնչությամբ, դադարեցնել ժխտողականությունը և հարգել զոհերի ու վերապրածների արժանապատվությունը, արժանահավատորեն նպաստել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստմանը», - ասել է Աննա Նաղդալյանը:

Ադրբեջանի նախագահը անցած շաբաթ Սումգայիթ քաղաքի 70-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է, մասնավորապես, թե «Սումգայիթում 1988 թվականին տեղի ունեցած անկարգությունները»՝ հայերի ջարդերը, «կազմակերպել էին հայ ազգայնականները»:

Իլհամ Ալիևը նաև ասել է, որ «եթե 1982-ին Հեյդար Ալիևը չմեկներ Մոսկվա և շարունակեր աշխատել Ադրբեջանում, ապա ադրբեջանցիների թիվը Լեռնային Ղարաբաղում 10 տարում կարող էր գերազանցել 50 տոկոսը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG