Մատչելիության հղումներ

Արտյոմ Երկանյանը հերքում է, թե Բաքվում հանդիպել է Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ


Կարլեն Ասլանյանը «Ազատության» տաղավարում հյուրընկալել է անցած շաբաթ ԵԱՀԿ համակարգմամբ տեղի ունեցած հայ և արդբեջանցի լրագրողների փոխադարձ այցերի շրջանակներում Ադրբեջան մեկնած «Շանթ» հեռուստաընկերության մեկնաբան Արտյում Երկանյանին:

«Ազատություն»․ - Դուք առաջին անգամ չէիք Ադրբեջանի մայրաքաղաքում, այդուհանդերձ վախի, անհանգստության զգացում ունեի՞ք:

Երկանյան․ - Տարբերությունն այն էր, նախորդ տարիներ համեմատ, որ սահմանը հատելուց առաջ ԵԱՀԿ ներկայացուցիչներն առաջարկեցին ստորագրել մի փաստաթուղթ, որով մենք հաստատում էինք, որ գիտակցում ենք ուր ենք գնում, և որ ԵԱՀԿ-ն մեր անվտանգության և կյանքի համար որևէ պատասխանատվություն չի կրում: Այդ պահին հասկացանք, թե ինչ է տեղի ունենում․ դա երևի վախ չէր, բայց սթափեցնող մի բան էր: Իրենք ուզում էին համոզվել, որ մենք գիտակցում ենք, թե ինչ ենք անում:

«Ազատություն»․ - Ավելի քան տասը տարվա դադարից հետո է այսպիսի նախաձեռնություն կյանքի կոչվում: Դուք ստացա՞ք տպավորություն, որ սառույցը հալվում է:

Երկանյան․ - Ոչ, իհարկե: Նպատակ չի եղել սառույց հալեցնելու: Երեք լրագրողների այցելության ոչ մի սառույց երբեք չի [հալվի]: Ավելի շատ երեք կողմերն էլ հետապնդել են նպատակ՝ հասկանալու, թե ինչ հասարակական արձագանք կլինի: Կարևորը ոչ թե այն է, թե այնտեղ մեզ ինչ ասացին, մենք այնտեղ ինչ հարցրեցին, այլ, թե ինչպիսի արձագանքներ և մեկնաբանություններ կլինեն մեր այս այցից:

«Ազատություն»․ - Այսօր արդեն ռուսաստանյան «Կոմերսանտը», ձեր այցին անդրադառնալով, գրել է, որ Հայաստանին և Ադրբեջանին պատրաստում են խաղաղության: Չափազանցված չէ՞ այսպիսի այցից այդպիսի վերնագիր գրել:

Երկանյան․ - Ալիևը ասել է իր ելույթներից մեկում, որ պատրաստ է պատրաստել ժողովրդին խաղաղության: Իհարկե, դրան հետևեցին հայտարարություններ, որոնք հակառակն են որակում, բայց, համենայն դեպս, նորություն է, իր բառապաշարում այդպիսի բաներ ես չեմ հիշում: Եվ նկատի ունենանք, որ ամբողջ այս տարիների ընթացքում Մինսկի խմբի համանախագահները, վստահ եմ, նման նախաձեռնություններով հանդես եկել են: Բայց միայն հիմա դա իրականություն դարձավ: Ընդ որում, ասեմ, որ կես տարի է, ինչ այս նախագիծը նախապատրաստվում էր, աշխատում էր Մինսկի խմբի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի թիմը, Հայաստանի և Արցախի արտգործնախարարությունները և Ադրբեջանի նախագահի աշխատակազմը: Անհրաժեշտ է պարտադիր ընդգծել՝ այցի նախապատրաստմանը, որպես լիիրավ մասնակից Արցախի արտգործնախարարությունն է եղել: Ադրբեջանցի լրագրողների անվտանգությունը Արցախի Հանրապետության տարածքում ապահովում էին Արցախի ազգային անվտանգության ծառայությունների ներկայացուցիչները: Այդ ամենի մասին ադրբեջանական կողմն, իհարկե, գիտեր: Փաստորեն ԵԱՀԿ միջնորդությամբ նրանք գործ էին ունենում Արցախի արտգործնախարարության ներկայացուցիչների հետ։ Դա նկատել են նաև մեր ադրբեջանցի գործընկերները, որոնք այժմ քննադատում են Ադրբեջանի իշխանություններին, որ նրանք իրենց թույլ են տվել ճանաչել դե ֆակտո Արցախի վարչակազմը և աշխատել միջնորդավորված այդ վարչակազմի հետ: Մասնավորապես, «Զերկալո» պարբերականը հոդված է գրել, որով դատապարտում է Ադրբեջանի արտգործնախարարությանը, որ դա վկայում է այն մասին, որ նրանք ճանաչում են դե ֆակտո Ստեփանակերտի վարչակազմը, դատապարտում են, որ մարդիկ, ովքեր մինչ այդ եղել են Արցախում՝ ես և Դավիթ Ալավերդյանը, էլ չենք խոսում արցախցի մեր գործընկերոջ մասին, պետք է լինեինք սև ցուցակում, ուստի չէր կարելի մեզ թույլ տալ այցելել Ադրբեջան: Նույնիսկ մեր լրագրողը Բաքվում ներկայանում էր որպես Արցախի պետության պետական հեռուստաընկերության ներկայացուցիչ, և դա այցը նախապատրաստող ադրբեջանցի պաշտոնյաները գիտակցում էին և դրան չեն առարկել: Այդ իմաստով, կարծում եմ, իսկապես աննախադեպ է:

«Ազատություն»․ - Մի արձագանք էլ Բաքվից․ դուք Ադրբեջանում հանդիպում եք ունեցել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչների հետ:

Երկանյան․ - Դա շատ անսպասելի էր: Լեյլա Աբդուլաևան՝ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը հայտարարություն էր տարածել, որ իբր մենք երեք լրագրողներս Բաքվում հանդիպել ենք, մեջբերեմ՝ «Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ադրբեջանական համայնքի հետ»: Իհարկե դա սուտ է, այդպիսի բան չի եղել: Իրականությունը հետևյալն է․ մենք, ի շարս այլ հանդիպումների, հանդիպում ենք ունեցել ադրբեջանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, և այնտեղ ներկա անձանցից մեկը եղել է «Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնք» կոչվող հասարակական կազմակերպության ներկայացուցիչ: Նա բանավեճին առանձնապես ակտիվ չի եղել, նրա ներկայության փաստը այդ հանդիպմանը ամենևին էլ չի կարող վկայել այն մասին, որ հայ լրագրողները հանդիպում են ունեցել Լեռնային Ղարաբաղի ադրբեջանական համայնքի հետ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ․


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG