Մատչելիության հղումներ

Արթուր Վանեցյանը հրաժարականի դիմում է ներկայացրել


Արթուր Վանեցյանն ու ՀՖՖ գործկոմի անդամները պատասխանում են լրագրողների հարցերին:
Արթուր Վանեցյանն ու ՀՖՖ գործկոմի անդամները պատասխանում են լրագրողների հարցերին:

Ավելի քան չորս ժամ տևած Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) գործադիր կոմիտեի նիստի ավարտին հայտնի դարձավ, որ հրաժարականի դիմում է ներկայացրել ֆեդերացիայի նախագահ Արթուր Վանեցյանը: Ֆեդերացիայի գործկոմը հաստատել է հրաժարականը:

ՀՖՖ գործկոմի անդամ, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը հայտնեց, որ կհեռանան նաև գործկոմի անդամները, և ֆեդերացիայի նոր նախագահին և գործկոմի անդամներին կընտրի գալիք ամիս գումարվելիք ընդհանուր ժողովը:

Ռուբինյանը հարկ համարեց նշել․ - «Պետք է նաև կրկին ֆիքսել, որ պարոն Վանեցյանի հրաժարականը կրկին եղել է զուտ ֆուտբոլային, և գործկոմը ողջունել է պարոն Վանեցյանի՝ պատասխանատվություն վերցնելու պատրաստակամությունը: Միևնույն ժամանակ, գործկոմը նաև իր պատասխանատվությունն է գիտակցում ֆուտբոլի առողջացման գործում, և առաջիկա մի ամիսը՝ մինչև նոր ժողովը, գործկոմի միակ գործն է լինելու հասարակական կազմակերպությունների ցուցակը մաղելը: Իսկ ընթացիկ կառավարմամբ Ֆուտբոլի ֆեդերացիայի կզբաղվի Արմեն Մելիքբեկյանը: Կա խնդիր հայկական ֆուտբոլում, եղել են ոչ գոհացուցիչ արդյունքներ: Կա խնդիր նաև ֆուտբոլի ոլորտի որոշակի մաքրման: Եվ պարոն Վանեցյանը իր հրաժարականով է սկիզբ դրել այս բարեփոխման ընթացքին, իսկ գործկոմը իր որոշմամբ է սկիզբ դրել այս բարեփոխման ընթացքին, որի համատեքստում առաջիկա ամիսը ամենակարևորն է լինելու»:

«Չակերտավոր հատնաբերելու են այն ՀԿ-ները, որոնք ֆիկտիվ են, որևէ գործունեություն չեն ծավալում և ընդգրկված են ժողովում ուղղակի թվաքանակի համար: Այդ կարևոր աշխատանքը այս մեկ ամսվա ընթացքում իրականացվելու է, մաքրվելու է ժողովը: Եվ այդ ժողովը, որը վայելելու է վստահություն բոլորի կողմից՝ ֆուտբոլային հանրության կողմից, ֆուտբոլասերների կողմից, հասարակության կողմից, ընտրելու է նոր նախագահ և նոր գործկոմ», - ասաց Արթուր Վանեցյանը:

Այս իրավիճակը ստեղծվել է Պալերմոյում կայացած Իտալիա - Հայաստան հանդիպումից հետո, որն ավարտվեց իտալացիների խոշոր հաղթանակով՝ 9:1: Ֆուտբոլային հանրությունը «խայտառակ» որակեց այդ պարտությունը:

Դրանից հետո սկսեցին խոսել ֆեդերացիայի նախագահի, գործկոմի անդամների և հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականների մասին:

ՀՖՖ գործկոմի անդամ, խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը («Իմ քայլը») հայտնեց, որ գլխավոր մարզչի հարցը իրենք չեն քննարկել: Չեն քննարկել նաև ոչ-ֆուտբոլային ցանկացած հարց:

Արթուր Վանեցյանը նաև ասաց, որ ինքը չի համարում, թե ինքը թերացել է ՀՖՖ նախագահի պաշտոնում: Այդուհանդերձ հավելեց, որ 9:1 հաշվով պարտությունից հետո որևէ մեկը պիտի պատասխանատվությունը վերցներ իր վրա․ - «Իրականում Ֆուտբոլի ֆեդերացիան արել է շատ մեծ աշխատանք․ մենք զարգացրել ենք ենթակառուցվածքները, մենք ներդրել ենք մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման նոր ծրագիր, կառուցել ենք բազմաթիվ փոքր դաշտեր: Միայն այս տարվա կտրվածքով 51 փոքր դաշտ է կառուցվել մարզերում: Ծրագիրը հաստատված է, և այդ ծրագիրը, անկախ անձերից, շարունակվելու է: Առաջիկա չորս տարում մենք կառուցելու ենք ևս 500 դաշտ Հայաստանի տարբեր մարզերում: Այսինքն, թերացման մասին խոսք չկա: Կա բարոյական պատասխանատվության հարց»:

Ալեն Սիմոնյանը, իր հերթին, ասաց, թե այն, որ իրենք ևս հրաժարվում են իրենց պաշտոններից, խոսում է այն մասին, որ իրենք էլ պատասխանատվության են զգում:

XS
SM
MD
LG