Մատչելիության հղումներ

Ոստիկանապետի պաշտոնակատարը խորհրդակցություն է անցկացրել Ճանապարհային ոստիկանությունում


Լուսանկարը՝ Ոստիկանության պաշտոնական կայքէջից
Լուսանկարը՝ Ոստիկանության պաշտոնական կայքէջից

Ճանապարհային ոստիկանը պետք է լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, քաղաքացիների հետ շփումներում լինի գրագետ ու բարեհամբույր, նաև վճռական՝ իրավախախտներ հայտնաբերելիս։ Այս մասին հայտարարել է Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը շաբաթ օրը Ճանապարհային ոստիկանությունում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:

Սարգսյանը կարևորել է Ճանապարհային ոստիկանության ու Ոստիկանության մյուս ստորաբաժանումների սերտ համագործակցությունը և մատնանշել դեպքեր ու հանցագործություններ, որոնք բացահայտվել են այդ համագործակցության շնորհիվ։

Ոստիկանապետի պաշտոնակատարն անդրադարձել է նաև Ճանապարհային ոստիկանությունում կոռուպցիայի և արատավոր երևույթների խնդրին և նշել, որ օրինախախտները հայտնաբերվում և ենթարկվում են պատասխանատվության։

Ծառայողական պարտականությունները բարեխիղճ կատարելու համար Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Ճանապարհային ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալով, կրծքանշաններով ու պատվոգրերով։

Խորհրդակցության ավարտին Արման Սարգսյանը շրջել է Ճանապարհային ոստիկանությունում, ծանոթացել խախտումների արձանագրման և օպերատիվ կառավարման կենտրոնների աշխատանքին, ասված է Հայաստանի ոստիկանության պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում:

Հիշեցնենք, երկու օր առաջ հաղորդվեց, որ մեղադրանք է առաջադրվել Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արթուր Տոնոյանին, նա կալանավորվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG