Մատչելիության հղումներ

«Լա նոր 83 եմ»․ վանաձորցի գյուտարար վարպետն ասում է՝ երկաթից է ստացել իր երկաթյա ուժը


«Լա նոր 83 եմ»: Վանաձորցի Հելբերտ Ալեքսանյանն ասում է` երկաթից է ստացել իր երկաթյա ուժը։ Իր ձեռքով հաստոցներ, սղոցներ, ծորակի տնտեսող փականներ ու կենցաղում անհրաժեշտ այլ իրեր է նախագծել ու պատրաստել։

«Ջրի ծորակներ: Էդ ինչ որ տեսնում ես, սա սարքած ա՝ ես եմ սարքել, բոլորը, ինչ որ տեսնում ես ստեղ», - նշում է Ալեքսանյանը:

Կիրովականի գիտահետազոտական ինստիտուտում աշխատել ու բազմաթիվ նորարարություններ է հեղինակել։ Հելբերտ Ալեքսանյան անուն ազգանունը բազմաթիվ գյուտեր հավաստող վկայագրերի վրա են նշել։

«Ա'յ սա էրկաթից ա, էս դուռը, բայց չի էրևում, որ էրկաթ ա, ոնց որ փետի արտադրանք ըլնի: Էդ ջրի ծորակները որ ես սարքեցի, սովետական կարգերի ժամանակ էր, ինձ մի հատ բնակարան նվիրեցին՝ քաղկոմը ու քաղսովետը, հմի ունեմ էդ բնակարանը, միացրել եմ ու սարքել եմ», - պատմում է վարպետը:

Հուզմունքով է հիշում՝ իր հռչակավոր գյուտերը հասել են աշխարհի տարբեր երկրներ։ Լավ հուշեր ունի 80-ականներից, երբ Հնդկաստանի ղեկավարի նստավայրում պատվավոր հյուր էր․ - «Հլա բախչից էլ մի էրկու հատ մանդարին ենք գողացել: Հընգերս ասավ՝ բա չասե՞նք, որ Ինդիրա Գանդիի բախչից մանդարին ենք կերել»:

Այն, ինչ գլխի մեջ էր, հիմա խնամքով թղթին է հանձնում՝ սերունդներին ավանդելու համար։ Նրանք են մեր երկրի ապագան, ասում է․ - «Էն ստանոկները որ կան, հմի արդեն ես 83 տարեկան եմ, չգիտեմ ինչ կլնի, երբ կլնի, ա՛յ նա գծագրել եմ բոլորը, որ ստեղ մարդիկ, էրեխեքը, ջահելները կարենան սարքեն»:

Համոզված է, որ այսօրվա երիտասարդներն ավելին են անելու, քան իրենց սերունդը։ Մի սերունդ, որը, ըստ նրա, և՛ ստեղծեց, և՛ թալանեց ունեցածը։ Ափսոսանքով է խոսում այն ահռելի գործարանների մասին, որոնցից այսօր հետքն էլ չի մնացել․ - «Բալա, էլ կլյաուզ չանեմ, էլի»:

Տնտեսական հեղափոխության գնացող Հայաստանի համար դժվարանում է բանաձև ասել։ Բայց ողջ կյանքը աշխատանքին ու նորարարությանը նվիրած վանաձորցին համոզված է՝ երկիրը առաջ կգնա, եթե յուրաքանչյուր քաղաքացի փորձի ինչ-որ բան ստեղծել իր շուրջը։

«Մենք ուզում ենք անընդհատ գողանանք, անընդհատ վերցնենք, բայց չենք ուզում մի բան տանք: Որ ամեն մարդ ինչքան որ ինքը ուտում ա, ըդքանը ցանի, հետ որ ստանա․․․», - ասում է 83-ամյա վարպետը:

Երկարակեցության նրա գաղտնիքն էլ կապված է ստեղծարարության ու արդարության հետ։ «Այդպես եմ ապրել», - ասում է։

«Պտի հալալ ապրես, բալա, հալալ, որ ոչ մի բանից չվախենաս: Շատ մարդիկ վախից են մեռնում՝ գիշերը չի կարըմ քնի, ցերեկը էնքան բաներ ա արել, որ գիշերը չի կարողանում քնի, բա նա կապրի՞», - ընդգծում է Հելբերտ Ալեքսանյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG