Մատչելիության հղումներ

Վարչապետ Փաշինյանն այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի


Լուսանկարը՝ կառավարության լրատվական ծառայության

Իտալիա պաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ այցելել է Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցի և Քահանայապետական Լևոնյան հայ վարժարան, հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթոլիկների առաջնորդ Տեր Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը և «Լևոնյան» Քահանայապետական վարժարանի տնօրեն Գերապայծառ Հայր Նարեկ վարդապետ Նամոյանը ողջունել են վարչապետին և նրա տիկնոջը Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցում և եկեղեցու անունից աջակցություն հայտնել Հայաստանի վարչապետի այն բոլոր քայլերին, որոնք միտված են հզորացնելու հայոց պետականությունը և բարեկեցիկ կյանք տալու հայ ժողովրդին ու Հայաստանին։

«Մեծ հետաքրքրությամբ հետևում ենք Սփյուռքի հայկական գաղթօջախներ կատարած Ձեր այցելություններին և ոգևորվում ենք հայկական ազգային նկարագիրը պահպանող կենտրոններ, ինչպիսիք են Վենետիկի Սուրբ Ղազար կղզին՝ Մխիթարյան միաբանությունը և Հռոմի Սուրբ Նիկողայոս Հայ Կաթողիկե եկեղեցին Ձեր այցելություններով, որոնք, բացի կրթական և մշակությանին կենտրոններ լինելուց, հայ հոգևոր ինքնության պահպանման և հոգևորականների պատրաստման կաճառներ են», - նշել են նրանք։

Նիկոլ Փաշինյանն էլ ասել է. - «Մեր ժառանգությունն առաջին հերթին հոգևոր է, որովհետև կապ չունի՝ Հայ Առաքելական եկեղեցու, թե Հայ Կաթոլիկ եկեղեցու մասին ենք խոսում։ Կարծում եմ, որ շատերը չէ, որ սրա մասին գիտեն և ինձ համար նույնպես պետք է խոստովանեմ՝ անակնկալի որոշակի տարրեր կային, որ հենված են նույն արժեքների վրա։ Սուրբ Ղազար կղզում հաճույքով արձանագրեցի, որ տաճարի հիմնական խորանները նվիրված են Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին, Գրիգոր Լուսավորիչին, և սա այն հոգևոր ամբողջությունն է, որ մեզ բոլորիս միացնում է։

Ես ուզում եմ հավատալ, որ մեր պատմության և ժողովրդի այս նոր ժամանակաշրջանը հենց դրա մասին է, որ մենք ինքներս մեզ ավելի լավ ճանաչենք, ավելի ամբողջական գնահատենք, չզլանանք դիտել մեր թերությունները, չվախենանք շեշտել մեր առավելությունները, չվարանենք բարձրաձայնել մեր նպատակները և չվախենանք հաստատ քայլերով գնալ մեր նպատակների հետևից»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG