Մատչելիության հղումներ

«Կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները». Արմեն Սարգսյանը՝ ներդրողներին


Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՎԶԵԲ ԱԼԳ գագաթնաժողովին
Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը մասնակցում է ՎԶԵԲ ԱԼԳ գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը նոյեմբերի 22-ին Լոնդոնում մասնակցել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան գործընկերության (ԱլԳ) առաջին ներդրումային գագաթնաժողովին։

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը Ուկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Մոլդովայի վարչապետների, Վրաստանի փոխվարչապետի հետ մասնակցել է «Խթանելով աճը. հնարավորություններ ներդրողների համար» խորագրով լիագումար քննարկմանը։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են իրենց երկրների ներդրումային հնարավորությունները, ներդրումային միջավայրի ու մթնոլորտի բարելավման ուղղությամբ գործադրվող ջանքերը, ինչպես նաև մարտահրավերները։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ պետք է օտարերկրյա ներդրողները մտնեն Հայաստանի պես փոքր շուկա ունեցող երկիր, նախագահ Սարգսյանն ասել է, որ կան հարյուրավոր պատճառներ, թե ինչու է պետք ներդրումներ անել Հայաստանում:

«Ես չեմ թվարկի հարյուրը և կբավարարվեմ միայն մի քանիսով,- նշել է Հայաստանի նախագահը:- Դուք նշեցիք Հայաստանի չափերի մասին: Այո, մեր երկիրն ունի 3.5 մլն բնակչություն, սակայն, փոքր երկիր լինելով, համաշխարհային ազգ է: Արտասահմանում բնակվում է 4-5 անգամ ավելի շատ հայ: Նրանց մեծ մասը նաև ՀՀ քաղաքացիներ են: Ես ամեն ամիս ստորագրում եմ մարդկանց բազմաթիվ դիմումներ, ովքեր ստանում են Հայաստանի անձնագիր: Ուստի, երբ մտածում եք Հայաստանի մասին, պետք է մտածեք փոքր պետության, բայց համաշխարհային ազգի մասին: Մեր շուկան 15 միլիոնանոց շուկա է, ոչ թե 3 միլիոնանոց: Արտասահմանում բնակվող շատ հայեր, հատկապես հանրապետությունում տեղի ունեցած փոփոխություններից հետո, պատրաստ են գալ և ներդրումներ անել Հայաստանում: Ուստի, երբ մտածում ենք Հայաստանում ներդրումների մասին, պետք է հասկանանք, որ կան տեղացի հայեր, համաշխարհային հայեր և այլք:

Երկրորդը՝ հայկական շուկան փոքր է, սակայն մենք Եվրամիության հետ ստորագրել ենք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիր և սպասում ենք դրա վերջնական վավերացմանը, որպեսզի ավելի ու ավելի մոտ լինենք ԵՄ-ին թե՛ տնտեսական կապերի, թե՛ առևտրի, թե՛ այլ առումներով: Սակայն պետք չէ մոռանալ նաև, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է կազմում, ինչը հավելյալ 170 մլն մարդ է ենթադրում: Հայաստանը կարող է լինել դարպաս ցանկացածի համար, ով ուզում է ներդրումներ անել տարածաշրջանում:

Էլ չեմ խոսում այն փաստի մասին, որ ավելի ու ավելի շատ երկրներ են ազատ առևտրի մասին համաձայնագրեր ստորագրում ԵԱՏՄ և նախկին Խորհրդային Միության անդամ երկրների հետ», - ասել է նա։

Որպես երրորդ պատճառ Արմեն Սարգսյանը նշել է վստահությունը. «Դուք կարող եք վստահել Հայաստանին: Մեկուկես տարի առաջ մենք ունեցանք հեղափոխություն, որի ղեկավարները շատ անցնցում կերպով դարձան կառավարության անդամներ։ Դա հեղափոխություն էր, որը ստացավ թավշյա անվանումը։

Սա մի երկիր է, որտեղ ձեր խոնարհ ծառան՝ նախագահը, առանց վախենալու, առանց թիկնապահների փողոցներով քայլեց դեպի այնտեղ, որտեղ 200-300 հազար մարդիկ ցույցի էին դուրս եկել: Դուք կարող եք վստահել Հայաստանին, մեր երկրում անգամ ամենամեծ փոփոխությունները կարող են իրականացվել շատ հանգիստ։

Դուք կարող եք Հայաստանին վստահել ձեր գումարները: Եթե հազարավոր տարիներ հետ դառնանք, մեր տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում հայերը հայտնի էին որպես առևտրականներ, թանկարժեք զարդեր պատրաստողներ: Եվ ինչպես այն ժամանակ, այնպես էլ հիմա դուք կարող եք վստահել Հայաստանին: Կարող եք ձեր գումարը վստահել Հայաստանին՝ որպես պետություն և որպես ֆինանսական կենտրոն: Հայաստանի բանկային սեկտորն այն քչերից է, որը ներկայացնում է միջազգային բանկային ոլորտը: Մեր երկրում ունենք մեծ եվրոպական բանկեր, տարածաշրջանային, ռուսական և այլ բանկեր: Եվ բանկային համակարգը մեզ մոտ շատ կայուն է»:

Նա ընդգծել է, որ Հայաստանում հսկայական փոփոխություններ են տեղի ունենում, հասարակությունը փոխվում է՝ դառնալով ավելի ժողովրդավար, բաց քաղաքացիական հասարակություն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG