Մատչելիության հղումներ

Հանրային վայրերում ծխելու արգելքը «բացասական ազդեցություն տնտեսության վրա չի թողնում»


Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամս
Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամս

Հանրային վայրերում ծխելու արգելքի հետ կապված քայլերը նշանակալի բացասական ազդեցություն տնտեսության վրա չեն թողնում։ Այս մասին «Ազատության»-ը տված հարցազրույցում ասաց Արևելյան Եվրոպայում և ԱՊՀ երկրներում Campaign for Tobacco Free Kids հասարակական կազմակերպության ծրագրերի տնօրեն Ջոշուա Աբրամսը։

Ստորև թարգմանաբար ներկայացնում ենք հարցազրույցն ամբողջությամբ.

«Ազատություն». - Ծխող տղամարդկանց թիվը Հայաստանում բավականին մեծ է, իսկ ծխող կանանց թիվն այնքան էլ հստակ չէ, քանի որ շատերը թաքցնում են ծխելու փաստը: Ինչպե՞ս կարող է Հայաստանը պայքարել այս իրավիճակի դեմ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծխախոտը շատ էժան է։

Ջոշուա Աբրամս. - Լավագույն բանը, որ պետք է արվի, ու միջազգային փորձը դա է ցույց տալիս, այն է, որ կան մի շարք միջոցառումներ, որ Հայաստանը կարող է ձեռնարկել, և դրանք կարող են նշանակալի ազդեցություն ունենալ ծխողների թվի նվազման վրա՝ ինչպես տղամարդկանց ու կանանց, այդպես էլ մեծահասակների և երիտասարդների շրջանում։ Հայաստանի խորհրդարանում շրջանառվում է մի օրինագիծ, ու եթե այն ընդունվի, մեծապես կնպաստի հանրային առողջությանը։ Այն միջոցառումումը, որի մասին մենք խոսում ենք, առաջին հերթին 100 տոկոսով առանց ծխախոտի հանրային վայրերի ապահովումն է, ինչը բոլորին կպաշտպանի ծխախոտի ծխից:

Բոլորին է հայտնի, որ երկրորդական ծուխը նույնքան մահաբեր է, որքան առաջնայինը։ Այնպես որ ներսում ծխելը արգելելու միջոցով կարելի է հնարավորինս շատ մարդկանց պաշտպանել: Մյուսը ծխախոտի գովազդի, ծխախոտի օգտագործման խթանման և հովանավորության համափարփակ արգելքն է, որովհետև ծխախոտ արտադրողները նախընտրում են իրենց ապրանքը թիրախավորել հատկապես երիտասարդների, նաև կանանց համար, որպեսզի ավելացնելով ծխողների թիվը՝ կարողանան ավելի մեծ շահույթ ստանալ։ Պետք է զերծ պահել նրանց՝ երիտասարդներին վաճառքի հնարավորությունից։ Կա նաև հարկման և գնային քաղաքականությունը։ Դա շատ հասարակ գործիք է։ Որքան բարձր է ծխախոտի գինը, այդքան ավելի ցածր կլինի պահանջարկը։ Շատ արդյունավետ են նաև զգուշացումները։ Օրինակ, հասարակ փաթեթավորումը, որ չկարողանաս ծխախոտի տուփը օգտագործել որպես գովազդ, ու որ վրան լինեն շատ ազդեցիկ զգուշացումներ՝ կապված առողջության հետ, որ կբացատրեն ծխախոտ գնող մարդկանց, թե ինչ ազդեցություն կունենա այն առողջության վրա։ Փորձը ցույց է տալիս, որ միասին այս բոլոր միջոցառումներն իսկապես նվազեցնում են ծխախոտի օգտագործումը։ Դա ստեղծում է մի մթնոլորտ, որտեղ մարդիկ բնական կերպով նախընտրում են առողջ ապրելակերպը։

«Ազատություն». - Կարծում եք՝ սահմանափակող օրենքները բավակա՞ն են Հայաստանի համար։

Ջոշուա Աբրամս. - Նախ, ես դրանք չէի անվանի սահմանափակող օրենքներ։ Դրանք օրենքներ են, որ պաշտպանում են մարդկանց ծխախոտից։ Ծխախոտը միակ օրինական սպառողական արտադրանքն է, որ սպանում է իր սպառողների կեսին: Ծխախոտը թունավոր բույս է, թունավորում է մարդուն: Եվ որքան շատ է մարդն այն օգտագործում, այդքան մեծ է հավանականությունը, որ նա ավելի վաղ կվախճանվի այն հիվանդություններից, որ չծխելու պարագայում պարզապես չէր ունենա։ Այնպես որ, խոսքը հնարավորինս շատ մարդկանց թունավոր նյութից պաշտպանելու մասին է, որը, ցավոք, օրինական կերպով արտադրվում ու օգտագործվում է: Այնպես որ խոսքը մարդկանց պաշտպանելու, ոչ թե սահմանափակումների մասին է։

Մենք նաև խրախուսում ենք ուժեղ կրթական արշավներ, այնպես որ, պետական՝ ծխելը թողնելուն միտված քաղաքականությունը շատ օգտակար կարող է լինել, շատ կարևոր են նաև հանրային իրազեկման ուժեղ արշավները, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչ վնասներ ունի ծխելը։ Բայց եթե չստեղծես կարգավորող շրջանակը, որ օգնում է նվազեցնել մարդկանց ծխելու հնարավորությունները, նման՝ կրթական և ծխելը թողնելու արշավները կլինեն պակաս արդյունավետ։ Եթե ունես ծխից ազատ հանրային վայրեր, դա շատ ավելի հեշտ կդարձնի ծխելը նվազեցնելը կամ ծխելը թողնելը։ Եթե կարողանում ես զերծ պահել ծխախոտ արդադրողներին իրենց արդադրանքը երեխաների շրջանում գովազդելուց և վաճառելուց, դա կրկին ավելի կհեշտացնի կրթական և ծխելը թողնելուն միտված ծառայությունների տրամադրումը։ Սա համալիր մի բան է։

«Ազատություն». - Իսկ ի՞նչ հաջողություններ են ունեցել այլ երկրներն այս փուլում։

Ջոշուա Աբրամս. - Ավելի ու ավելի շատ երկրներ, ավելի քան 100 երկիր, եթե ոչ ավելի, Հայաստանում քննարկվող օրենսդրության նման օրենսդրություն են ընդունում։ Հայաստանի հարևաններից Վրաստանն ունի շատ ուժեղ և համապարփակ օրենք։ Ըստ էության, նրանք օրերս նոր լրամշակումներ արեցին, որոնք ավելի շատ մարդկանց կպաշտպանեն ծխախոտից։ Նույնը Մոլդովայում, այս առումով Ռուսաստանն ունի գերազանց օրենքներ, Ուկրաինան ունի գերազանց օրենքներ, իհարկե Եվրամիությունը՝ կախված տարբեր անդամ երկրներից, ունի գերազանց օրենքներ։ Իռլանդիան առանցքային երկրներից է։ Բնականաբար, Միացյալ Նահանգները, որտեղից ես եմ, ունի մի շարք օրենքներ։ Երկրի դաշնային կառուցվածքի պատճառով մեր օրենքները հիմնականում նահանգների և քաղաքների մակարդակով են, բայց Միացյալ Նահանգները հաջողությամբ կարողացել է նվազեցնել ծխողների թիվը։

Եթե 40 տարի առաջ չափահասների շրջանում ծխողները բնակչության 40 տոկոսն էին կազմում, այժմ այդ ցուցանիշը նվազել է՝ հասնելով 17 տոկոսի։ Նվազել է նաև երիտասարդ ծխողների թիվը, թեև, իհարկե, այժմ ունենք վեյփինգի հետ կապված խնդիրներ, բայց սկսում ենք նաև դրանով զբաղվել։ Հիմնական դասը, որ սերտվել է, այն է, որ այս համափարփակ միջոցառումները աշխատում են։ Ծխողների թիվը նվազում է այն երկրներում, որտեղ ուժեղ միջոցառումներ են իրականացվում։ Ռուսաստանում ծխողների թիվը վերջին 10 տարվա ընթացքում նվազել է 23 տոկոսով։ Նման արդյունք կա նաև Ուկրաինայում։ Այնտեղ, որտեղ այս օրենքները ընդունվում և կիրառվում են, նկատվում է ծխելու տարածման նվազում՝ առանց տնտեսության համար որևէ վնասի։

«Ազատություն». - Մենք խոսում ենք էլեկտրոնային սիգարետների և IQOS-ների մասին։

Ջոշուա Աբրամս. - Այո՛։

«Ազատություն». - Դա խնդի՞ր է, թե՞ ոչ։

Ջոշուա Աբրամս. - Այո։ Այս ամենը խնդրի մի մասն է։ Ինչ վերաբերում է IQOS-ներին, դրանք տաքացվող ծխախոտի սարքեր են։ Կան տարբեր տեսակի սարքեր, կարծում եմ, Հայաստանում ամենաշատ տարածում է գտել IQOS-ը։ Բայց համոզված եմ՝ կլինեն այլ ապրանքներ, որոնք շուտով կներկայանան՝ առանց որևէ կարգավորող օրենսդրության: Իսկ IQOS-ի մեջ տեղադրվող ձողերը ծխախոտ են, նույն ծխախոտն է, ինչ սիգարետի մեջ։ Եվ առողջության համար վնասը նույնն է: Դա նույն թունավոր նյութն է։ Իրականում ոչ մի տարբերություն չկա, թե ինչպես է պետք կարգավորել IQOS-ներն և նման ապրանքները և սովորական ծխախոտը։ Եթե չի կարելի ծխել ներսում, ուրեմն IQOS էլ չպետք է կարողանաս օգտագործել, քանի որ դա առողջության վրա նույն կերպ է ազդում:

Այդ ապրանքներն ընդամենը շատ գեղեցիկ փաթեթավորում ունեն: Էլեկտրոնային սիգարետների խնդիրը մի փոքր այլ է։ Դրանք ծխախոտային ապրանք չեն, բայց նիկոտինային են, այսպես կոչված «նիկոտինի առաքման համակարգ», որտեղ դուք ստեղծում եք գոլորշի, որի միջոցով էլ կլանվում է նիկոտինը։ Խնդիրն այն է, որ դա ուղղակի նիկոտին չէ, ուղղակի գոլորշի չէ, որ մտնում է ձեր օրգանիզմ, դրանք մի շարք քիմիական նյութերն են։ Այ սա կարգավորված չէ, և էլեկտրոնային սիգարետների ազդեցությունը առողջության վրա դեռ նոր են ի հայտ գալիս։ Բայց կրկին բավականին լուրջ խնդիր է։ Միացյալ Նահանգներում էլեկտրոնային սիգարետները հայտնվել են շուկայում մոտավորապես 2011 թվականին։ Այդ ժամանակվանից ի վեր ԱՄՆ-ում երիտասարդների շրջանում վեյփինգը մեծ տարածում է ստացել՝ էլեկտրոնային սիգարետների առումով հասնելով մոտավորապես 20 տոկոսի։ Վերջերս ԱՄՆ-ի հիվանդությունների վերահսկման կենտրոնը հավաքում էր տվյալները թոքերի հիվանդությունների վերաբերյալ։ Եվ այս տարվա մարտ ամսից մինչև նոյեմբեր ամիսը նրանք գրանցել են թոքերի հիվանդության ավելի քան 2 հազար դեպք, որ կապված է էլեկտրոնային սիգարետների օգտագործման հետ, այդ թվում՝ 42 մահ։ Կարծես թե, մեծ թիվ չէ, բայց ժամանակահատվածը, որ վերցվել է ուսումնասիրության համար, շատ կարճ է։ Այնպես որ, իսկապես սա լուրջ խնդիր է։

«Ազատություն». - Նու՞յն է, ինչ սովորական սիգարետի դեպքում:

Ջոշուա Աբրամս. - Փաստն այն է, որ այժմ ավանդական ծխախոտային ապրանքը՝ սիգարետը, Հայաստանում ծխախոտի հետ կապված հիվանդությունների և մահվան հիմնական աղբյուրն է։ Եվ եթե կարգավորվեն այդ արտադրատեսակները, առողջապահության ոլորտի վրա հսկայական ազդեցություն կտեսնեք։ Բայց եթե չկարգավորվեն նոր արտադրատեսակները, ապա դրանով ուղղակի օրենքում մի հսկայական սողանցք կլինի, որը ծխախոտի արտադրողները կօգտագործեն՝ վաճառելով իրենց ապրանքները նոր ծխողներին։ Եվ կտեսնեք, թե ինչպես մարդիկ կփորձեն փոխարինել ավանդական արտադրատեսակները նորով, ու դրա պատճառով որևէ լուրջ ազդեցություն առողջապահության վրա չի լինի:

«Ազատություն». - Հայաստանում IQOS-ները կարելի է գովազդել առցանց՝ լրատվական կայքերի միջոցով, և դրա համար չկա որևէ արգելք, որովհետև միայն սարքն է գովազդվում։

Ջոշուա Աբրամս. - Այո՛։

«Ազատություն». - Ինչպիսի՞ն է փորձն ԱՄՆ-ում այս առումով։

Ջոշուա Աբրամս. - Միացյալ Նահանգներում գովազդի խնդիրը մի փոքր ավելի բարդ է, որովհետև գովազդը կապված է Սահմանադրության առաջին փոփոխության հետ։ Առաջին փոփոխությունը վերաբերում է խոսքի ազատությանը ու ենթադրում է թե քաղաքական, թե արևտրային խոսքի ազատությունը։ Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգներում կան գովազդի քանակը նվազեցնելու հնարավորություններ: Հիմնականում չկա բաց գովազդ, ասենք, պաստառներ կամ ծխախոտը գովազդող արևտրի կետեր։ Նման գովազդը շատ է սոցիալական ցանցերում: Դա խնդիր է Միացյալ Նահանգներում։

Այնտեղ մենք վաճառքում չունենք IQOS-ներ կամ այլ տաքացվող ծխախոտային արտադրատեսակներ։ Դա մի փոքր այլ իրավիճակ է։ Ընդհանուր առմամբ, եթե թույլ ես տալիս ծխախոտ արտադրողներին կամ էլեկտրոնային սիգարետների արտադրողներին գովազդել իրենց արտադրատեսակները սոցիալական ցանցերում կամ առևտրային կետերում, նրանց հնարավորություն ես տալիս ստեղծել ծխողների նոր բազա, որ հիմնականում կազմված է լինում երիտասարդներից։ Հատկապես ինտերնետում նման գովազդը հասանելի կլինի հիմնականում երիտասարդների համար։ Ծխախոտ արտադրողները ձգտում են ներկայիս ծխողներին փոխարինել նոր ծխողներով, որովհետև դա միակ ապրանքատեսակն է, որ սպանում է իր իսկ սպառողներին։ Այսպիսով, նրանք փնտրում են նոր ծխողների, ովքեր կգան լրացնելու հներին։ Եվ դա անելու լավագույն միջոցը գովազդն է։ Այսպիսով, երիտասարդներին պաշտպանելով առցանց կամ հեռուստատեսային գովազդից, դուք իսկապես զերծ եք պահում ծխախոտ արտադրողներին մի նոր սերունդ ծխախոտամոլ դարձնելուց, վաճառելուց նրանց մի ապրանք, որ թե՛ նրանք, թե՛ մենք գիտենք, որ թունավոր է։

«Ազատություն». - Ո՞րն է ամենաարդյունավետ եղանակը՝ նվազեցնելու ծխողների թիվը։ Կարո՞ղ եք բերել օրինակները։

Ջոշուա Աբրամս. - Ծխողների թիվը նվազեցնելու ամենաարդյունավետ եղանակը համապարփակ օրենսդրության ընդունելն ու կիրառելն է։ Կարծում եմ, որ Նյու Յորքը լավագույն օրինակներից է։ Այնտեղ ծխողների թիվը նվազել է ու չի գերազանցում 10 տոկոսը։ Եվ դա եղել է շնորհիվ մի շարք միջոցառումների, որ Հայաստանի խորհրդարանը այժմ քննարկում է. ծխից ազատ հասարակական վայրեր։ Նյու Յորքում առկա է արգելքը գովազդի որոշ տեսակների վրա։ Նյու Յորքում բարձր գներ ու հարկեր են սահմանված։ Ծխախոտի մի տուփ 12-15 դոլար արժե, ինչը շատ թանկ է։

Կան այլ երկրներ, որտեղ կիրառվում են մի շարք խիստ միջոցառումներ՝ կապված ծխից ազատ հասարակական վայրերի, գովազդի արգելման, գնային քաղաքականության, նույնիսկ վաճառքի սահմանափակման հետ։ Օրինակ, Ռուսաստանում չի թույլատրվում ծխախոտը վաճառել կրպակներում։ Նրանք 2014-ից դա չեն թույլատրում: Նման համալիր միջոցառումներն իսկապես թույլ են տալիս գրանցել հսկայական բարելավում առողջապահության ոլորտում՝ նպաստելով ծխախոտի օգտագործման տարածման արագ նվազմանը։ Եթե ամենաարդյունավետ մեկ միջոց նշեմ, ապա դա գնային և հարկային քաղաքականությունն է։

Դա շատ հասարակ մի կանոն է. երբ գները բարձրանում են, մատչելիությունը նվազում է, հատկապես երիտասարդների համար, ովքեր ավելի քիչ գումար ունեն: Դա հոյակապ միջոց է նրանց զերծ պահելու նույնիսկ ծխել սկսելուց։ Ծխից ազատ հասարակական վայրեր ունենալը շատ կարևոր է, որովհետև այն ստեղծում է ընդհանուր մթնոլորտ, որտեղ մարդիկ սովորում են անծուխ տարածությանը և այն մտքին, որ ծխելը իրականում անհարմարություն է ստեղծում: Եթե ուզում ես ծխել, պետք է դուրս գաս շենքից։ Եվ դա օգնում է մարդկանց ավելի քիչ ծխել։ Իսկ ծխողների մեծամասնությունը ուզում է ավելի քիչ ծխել։ Կրկին միջոցների համալիրը շատ-շատ կարևոր է։ Մի բան էլ կա, որ պետք է նկատի ունենալ ծխախոտի վերահսկման օրենքների հետ կապված. դրանք շատ դրական են ընկալվում: Մարդկանց մեծամասնությունը հասկանում է, որ ծխախոտը վտանգավոր է։ Մարդկանց, այդ թվում՝ ծխողների մեծամասնությունը հասկանում է, որ ավելի լավ է ծխելը թողնել կամ ավելի քիչ ծխել։ Այնպես որ, նման միջոցառումների ընդունումը հնարավորություն է տալիս ծխող մարդկանց բարելավել իրենց իսկ առողջությունը։ Երբ մարդիկ ծխից ազատ միջավայրերի փորձ են ձեռք բերում, հետ գնալու ճանապարհ չկա։ Չկա որևէ մի այլ բան, որ կփոխարինի անծուխ, հրաշալի միջավայրին, որի հակառակը սիգարետի ծխով լցված տարածքներն են:

«Ազատություն». - Կարծում եք՝ Հայաստանին կհաջողվի՞ կյանքի կոչել այս օրենքները։

Ջոշուա Աբրամս. - Կարծում եմ՝ այո՛։ Չեմ տեսել մի երկիր, որ չի կարողացել հեշտությամբ իրականացնել այս օրենքները, քանի որ օրենքը համեմատաբար պարզ է։ Լավագույն օրենքները նրանք են, որ ամենապարզն են, որ չունեն բացեր, սողանցքներ։ Եթե բոլոր հասարակական վայրերը դառնան ծխից ազատ, առանց որևէ բացառությունների, դա շատ ավելի հեշտ կդարձնի օրենքի կիրարկումը: Այս տարածաշրջանում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Տաջիկստանում և Ռումինիայում, գործում են օրենքի այդ տարբերակները, և հաջողությունն ակնհայտ է: Ինչո՞ւ Հայաստանում պետք է այլ կերպ լինի։ Իրականում տարբերություն չկա, թե մի երկիր ավելի կամ պակաս ժողովրդավար է, ավելի կամ պակաս զարգացած է։ Բոլոր երկրներում այս օրենքները կիրառվում եմ մեծ հաջողությամբ։ Նույնիսկ խիստ իրականացման բացակայության պայմաններում, որ լինում է որոշ երկրներում, երբ մարդիկ գիտեն, որ ունեն նման հնարավորություն լինել ծխից ազատ, կտեսնեք, որ շատ մարդիկ կամավոր հետևում են այս օրենքին, որովհետև նրանք տեսնում են, որ այդպես ավելի լավ է: Նման օրենքների դեպքում կորցնելու բան չկա։

«Ազատություն». - Բայց Հայաստանում արդեն իսկ բողոքներ կան հատկապես բիզնեսից, շատ տնտեսվարողներ կարծում են, որ հանրային վայրերում ծխելու արգելքի դեպքում բիզնեսը կորուստներ կունենա:

Ջոշուա Աբրամս. - Ինչ վերաբերում է տնտեսության վրա ընդհանուր ազդեցությանը, բնականաբար, եթե նման օրենքները որևէ լուրջ բացասական ազդեցություն ունենային տնտեսության վրա, ապա հարյուրից ավելի երկրներ չէին ընդունի դրանք: Հատկապես ծխից ազատ միջավայրերի մասով, եթե որպես օրինակ վերցնենք Նյու Յորքը, ապա կտեսնենք, որ երբ քաղաքապետ Մայքլ Բլումբերգը փորձում էր անցկացնել ծխից ազատ միջավայրերի մասին օրենսդրությունը, ռեստորանային բիզնեսները շատ ընդդիմացան դրան։ Նրանք համոզված էին, ու հնարավոր է, որ դրանում նրանց համոզել էին ծխախոտ արտադրողները, որ դա հանգեցնելու է ռեստորանային բիզնեսի, հատկապես փոքր ռեստորանների սնանկացմանը։

Դա վերաբերում էր հատկապես բարերին, որովհետև դարերով պատկերացում կա, որ բարերում մարդիկ պետք է խմեն գարեջուր ու ծխեն։ Եվ դա մեծ պայքար էր։ Երբ օրենքը ուժի մեջ մտավ, որևէ նշանակալի բացասական ազդեցություն չհետևեց։ Եվ Նյու Յորքում հետդարձի ճանապարհ չկա։ Ծխից ազատ միջավայրի օրենսդրությունը ռեստորանային բիզնեսի վրա զրո ազդեցություն թողեց։ Իրականում ըստ տվյալների, ազդեցությունը երբեմն նույնիսկ դրական է եղել, որովհետև ավելի շատ մարդիկ են սկսել հաճախել ռեստորաններ, ավելի շատ մարդիկ իրենց ժամանակը սկսել են անցկացնել ռեստորաններում, ավելի շատ մարդիկ սկսել են իրենց ընտանիքներին ռեստորան բերել, որովհետև ռեստորանները դարձել են ծխից ազատ միջավայրեր։

Այնպես որ, ողջամտությունը ցույց է տալիս, որ եթե երկրները մեկը մյուսի հետևից ընդունում են, կիրառում և օգտվում այս օրենքներից և դրա հետ կապված որևէ տնտեսական ճգնաժամի չեն բախվում, ապա տնտեսության վրա բացասական ազդելու իմաստով դա իսկապես նշանակություն չունի։ Եթե լինի որևէ բացասական ազդեցություն տնտեսության վրա, դա կվերաբերվի միայն ծխախոտ արտադրողներին։ Բայց դա նորմալ է, որովհետև այն, ինչ նրանք արտադրում են, թունավոր է սպառողների համար։

Երբ բանը հասնում է վաճառքին, այն երկրներում, օրինակ՝ Ռուսաստանում, որտեղ արգելվել է կրպակներում ծխախոտի վաճառքը, կրպակները ուղղակի սկսում են վաճառել այլ ապրանքատեսակները։ Միշտ կգտնվի՝ ինչ գնել։ Մարդիկ ավելի քիչ ծխախոտ են գնում, դրա փոխարեն կգնեն այլ բաներ։ Այդպես չէ, որ գումարները տնտեսությունից դուրս են մնում։ Հիմնականում արդյունաբերության համար դա լավ է։ Ծխախոտի արտադրողները սիրում են ներկայացնել թյուր տնտեսական տվյալները։ Նրանք նաև սիրում են խոսել ծխախոտի հնարավոր ապօրինի շրջանառության մասին՝ ներկայացնելով դա որպես վտանգ։ Եվ տարբերություն չկա՝ ինչ միջոցներ ենք քննարկում։ Ծխից ազատ միջավայրերը կհանգեցնեն ծխախոտի ապօրինի շրջանառությանը, ծխախոտի հասարակ փաթեթավորումը, բարձր գները կհանգեցնեն ծխախոտի ապօրինի շրջանառությանը։

Միշտ ինչ-որ չափով կլինի ծխախոտի այս ապօրինի շրջանառությունը, բայց ընդհանուր շուկայի համար համեմատական առումով դա աննշան է։ Ապրանքների ապօրինի շրջանառությունը պարզապես կապ ունի վերահսկողական գործառույթների և լավ կառավարման հետ, իսկ դա խիստ քաղաքականության մի մաս է։ Կարճ ասած՝ այս միջոցները որևէ նշանակալի բացասական ազդեցություն տնտեսության վրա չեն թողնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG