Մատչելիության հղումներ

Իրանցիները Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ ակցիա արեցին՝ ի աջակցություն հայրենակիցների ցույցերի


Ակցիա Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ, 20-ը նոյեմբերի, 2019թ., Երևան
Ակցիա Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ, 20-ը նոյեմբերի, 2019թ., Երևան

Շուրջ երկու տասնյակ իրանցիներ Հայաստանում Իրանի դեսպանատան մոտ երկու օր է` բողոքի ակցիա են անում` ի աջակցություն Իրանում ցույցերին մասնակցող հայրենակիցների:

«Հեղափոխության ժամանակն է», «Ազատություն իրանցիներին», «Մենք չենք ուզում իսլամական պետություն» պաստառներով նախ Հանրապետության հրապարակում էին, ապա շարունակեցին դեսպանատան մոտ: Բողոքի ակցիան նրանք սկսեցին հեղափոխական երգերով, ապա վանկարկեցին իրենց պահանջները՝ ազատություն են ուզում, «կորչի իսլամը», «կորչի բռնապետը»: Ակցիայի մասնակիցների մի մասը Հայաստանում աշխատում է, մյուսները ուսանող են:

Նրանք հրաժարվեցին ներկայանալ, միաժամանակ դժգոհեցին, որ Իրանում ինտերնետի բացակայության պատճառով տեղեկություն չունեն իրենց ընտանիքներից, վերջին լուրերը զոհերի մասին են:

«Հավաքվել ենք այստեղ՝ ցույց տալու, որ մեր ժողովրդի կողքին ենք, որոնք առանց ինտերնետի են, սպանվում են փողոցներում, Իրանում ինտերնետ չկա, այս ընթացքում որևէ մեկին չի հաջողվել Իրանի հետ կապ հաստատել։ Այստեղ մեր շարքերում են տարբեր քաղաքներից, միայն թեհրանցիներ չեն։ Բոլորս էլ հանուն Իրանի ենք հավաքվել։ Մենք գիտենք, որ դիկտատուրան հավերժ չի լինելու», - ասաց ակցիայի մասնակիցներից մեկը։

Մյուսն էլ հավելեց՝ հինգ օրվա ընթացքում իրենց ստացած տեղեկությունը միայն զոհվածների մասին է. - «Չգիտենք՝ մեր ընտանիքները, մեր քույրերն ու եղբայրները ողջ են, թե ոչ։ Մենք Իրանում չենք, բայց ուզում ենք ցույց տալ, որ Իրանի ժողովրդի կողքին ենք», - նկատեց նա։

Իրանում ցույցերը սկսվել են անցած շաբաթվանից՝ բենզինի թանկացման պատճառով: Կարճ ժամանակ անց բենզինի թանկացման դեմ կարգախոսներին փոխարինեցին Իրանի ղեկավարների հրաժարականի և կառավարման համակարգը փոխելու պահանջները:

Պաշտոնական տվյալներով, ցուցարարների ու ուժայինների բախումների հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, հարյուրավոր վիրավորներ, շուրջ հազար ձերբակալված ցուցարար կա: Ոչ պաշտոնական տեղեկություններով, զոհերի թիվն անհամեմատ ավելի մեծ է` շուրջ երկու հարյուր: Այս տեղեկությունները դեռ հաստատել հնարավոր չէ, քանի որ արդեն մի քանի օր է՝ համացանցն Իրանի տարածքում գրեթե ամբողջությամբ արգելափակված է։

«Իրանն անջատ չի աշխարհից, Իրանի իշխանությունն ուզում է սահմանափակել ամեն ինչ, տեղեկատվության հասանելիությունը, մենք արևմտյան երկրներից պահանջում ենք, որ օգնեն վերացնել այս շրջափակումը։ Մենք հավաված ենք դեսպանատան մոտ, որ աջակցենք Իրանի ժողովրդին, չորս օրում ավելի քան հարյուր հոգու են սպանել, ոչ մի նորմալ պետություն այդպես չի վարվի իր քաղաքացիների հետ. ինտերնետը անջատել են, որ Իրանից որևէ ձայն լսելի չլինի», - ասաց ակցիայի մասնակիցներից մյուսը:

«Ազատության» իրանական ծառայության թղթակից Ռուբիկ Մինասյանի կարծիքով՝ բենզինի թանկացումը հերթական առիթն էր, որ փողոց դուրս գան հազարավոր իրանցիներ: Ըստ նրա, սա ազատության պայքար է, ուզում են փոխել կառավարման համակարգը:

«Հիմա արդեն ժողովրդի պահանջը այս հինգ օրերի ընթացքում դրանով չի սահմանափակվում, այսինքն՝ բենզինի գնի հետ այդքան էլ կապ չունի արդեն, հիմնականում ժողովուրդն այս հինգ օրվա ընթացքում լուզունգներն էլ, որ լսում ենք, կադրերն էլ, որ տեսնում ենք ինչքան, որ հնարավոր է, Իրանից դուրս է գալիս, հիմնականում ուզում են, որ ղեկավարման համակարգը փոխվի, իսլամական համակարգից հոգնել են և մտածում են, որ իրենց պահանջները չեն բավարարվում», - նկատեց նա։

Վերջինս հավելեց՝ Իրանում այսպիսի ծավալի ընդվզումներ լինում են տասը տարին մեկ: Ըստ Մինասյանի, այս ժամանակահատվածը կրճատվել է, մասշտաբն էլ աննախադեպ է. - «Եթե կարողանա այս ընդվզումը այդ բոլորը միացնել իրար, երևի թե հեղափոխության կարող է հանգեցնել, բայց դժվար է ասել»։

Բողոքի ակցիայի մասնակիցները դեսպանատան մոտ մեկ ժամ էլ չմնացին, ասացին՝ դեսպանատնից պահանջ չունեն, պարզապես հենց այստեղ էին ուզում հայտնել իրենց բողոքը և բարձրաձայնել իրենց պահանջները։

XS
SM
MD
LG