Մատչելիության հղումներ

Արմեն Գրիգորյան. ՀՀ-ում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո


Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների Անվտանգության խորհրդի քարտուղարների յոթերորդ ամենամյա հանդիպմանը ելույթով հանդես է եկել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա հիշեցրել է, որ 2019 թվականի փետրվարին Սիրիայում իր առաքելությունն սկսեց հայ մասնագետների խումբը, որի կազմի մեջ են մտնում ականազերծման մասնագետներ, բժշկական անձնակազմ, ինչպես նաև նրանց անվտանգությունն ապահովող անձիք: Հայկական առաքելության գործունեությունն իրականացվում է ռուսական կողմի հետ համագործակցությամբ և նրա տեխնիկական աջակցությամբ: Նա ներկայացրել է այն պատճառները, որոնցով առաջնորդվելով որոշվել է մարդասիրական առաքելություն ուղարկել Սիրիա:

«Առաջինը պատմականն է: Հարյուր տարի առաջ սիրիացիները պատսպարեցին Օսմանյան կայսրությունում ցեղասպանությունից փրկված հազարավոր հայերի: Եվ այսօր, երախտագիտությամբ հիշելով այդ ժամանակ ցուցաբերած աջակցությունը, մենք, պատկերավոր ասած, ձգտում ենք վերադարձնել պարտքը, օգնել Սիրիային, որը հիմա դժվարության մեջ է, և ինքն ունի օգնության կարիք:

Երկրորդ գործոնը Սիրիայում խոշոր հայկական համայնքի առկայությունն է: Մեր պետությունը պատասխանատվություն է զգում արտերկրում գտնվող մեր հայրենակիցների նկատմամբ: Այդ պատճառով, սիրիական կառավարության կողմից պաշտոնական դիմումին համապատասխան, Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելու վերաբերյալ որոշում կայացնելիս մենք հաշվի ենք առել նաև Հալեպ քաղաքի հայկական համայնքի խնդրանքը:

Երրորդ՝ Հայաստանը, լուծելով սեփական անվտանգության հարցերը, պատասխանատվություն է զգում նաև ընդհանուր տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման համար: Այդ առումով մենք միշտ ձգտում ենք ունենալ ընդհանուր գործում մեր ներդրումը, և Սիրիա ուղարկված մարդասիրական առաքելությունը հենց այս տրամաբանության մեջ է», - ասել է նա:

Ապա նա անդրադարձել է անվտանգության ապահովման համար քիմիական և կենսաբանական սպառնալիքներին. - «Տեղեկացնեմ, որ ներկայումս Հայաստանի Հանրապետությունում Անվտանգության խորհրդի աշխատակազմի համակարգող դերակատարությամբ ընթանում է Ազգային անվտանգության նոր ռազմավարության մշակման գործընթացը: Աշխատանքներն արդեն մոտենում են ավարտին, և շուտով մենք քննարկման կներկայացնենք փաստաթղթի ամբողջական նախագիծը, որը կընդունվի վերջնական համաձայնեցումից հետո:

Կենսաբանական անվտանգության մասով ընդգծեմ, որ 2018 թվականի հոկտեմբերի 8-ի՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ ստեղծվել է Կենսաբանական անվտանգության հարցերով աշխատանքային խումբ, որի ղեկավարումը վերապահվել է ինձ: Ներկայումս աշխատանքային խումբը, համակարգվելով Հայաստանի Անվտանգության խորհրդի անձնակազմի կողմից, ակտիվ աշխատանքներ է իրականացնում նորմատիվ բազայի ստեղծման և կատարելագործման, այդ ոլորտում միջոցառումների իրականացման և միջազգային համագործակցության զարգացման ուղղությամբ: Մեծ ծավալով աշխատանք է իրականացվել, և մեծապես հենց աշխատանքային խմբի կողմից իրականացված աշխատանքի շնորհիվ են մեր գործընկերների մոտ փարատվել եղած կասկածները:

Մեր կողմից պատրաստվում է «Կենսաբանական անվտանգության և կենսաբանական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ, որը համակարգային կերպով պետք է կարգավորի այդ ոլորտը: Նրանում կսահմանվեն պետական մարմինների լիազորություններն ու պարտականությունները, կհաստատվեն հետազոտությունների անցկացման պահանջները, կենսաբանորեն վտանգավոր նյութերի արտադրության, օգտագործման, պահեստավորման, ներմուծման, արտահանման, տարանցման և այլ գործողությունների կանոններն ու կանոնակարգերը, կլուծվեն այլ կարևոր հարցեր: Հիմնական սկզբունքը, որով մենք առաջնորդվում ենք այս ոլորտում, ոլորտի թափանցիկությունն է, Մանրէաբանական (կենսաբանական) և թունավորող նյութեր պարունակող զենքի մշակման, արտադրության և կուտակման արգելման և դրա ոչնչացման մասին կոնվենցիայի դրույթների անվերապահ և հստակ կատարումը», - նշել է նա:

Ապա Արմեն Գրիգորյանն ընդգծել է. «Այս կոնտեքստում ուզում են առանձնահատուկ ընդգծել, որ Հայաստանում գտնվող կենսաբանական լաբորատորիաները գործում են միայն մեր իրավասության ներքո, մեր պետության պետական գերատեսչությունների ենթակայությամբ և համալրված են բացառապես տեղական մասնագետներով:

Դրա հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետությունը կարևորում է կենսաբանական անվտագության ոլորտում միջազգային համագործակցության զարգացումը»:

Նա նկատել է, որ այս տարվա հոկտեմբերի 3-ին Մոսկվայում տեղի ունեցան կենսաբանական անվտանգության հարցերով խորհրդակցություններ՝ ռուս-հայկական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ, որոնց ընթացքում այս հարցի համար փոխանակվեցին մանրակրկիտ և վստահելի կարծիքներ: «Խորհրդակցությունները ևս մեկ անգամ հաստատեցին Ռուսաստանի և Հայաստանի մոտեցումների ընդհանրությունը և կենսաբանական անվտանգության ոլորտում մասնագիտացված բազմակողմ հարթակներում սերտ համակարգման և փոխգործակցության պատրաստակամությունը», - ասաց Արմեն Գրիգորյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG