Հայաստանի ծանրամարտի հավաքականի նախկին անդամ Մել Դալուզյանի վերաբերյալ մարզական ֆեդերացիաների ու մարզիկների հայտարարությունը քաղաքական համատեքստ ունի, դրա պատվիրատուն Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն է։ «Ազատության» հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Ազատ քաղաքացի» կազմակերպության ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը։
«Ակնհայտ է, երբ որ էնտեղ նշում են, որ մարզաշխարհը երբեք չի խառնվել քաղաքականությանը, մարզաշխարհը մշտապես եղել է Օլիմպիական ֆեդերացիայի ղեկավարի նախընտրական օգտագործման կառույցը», - ասաց Խուրշուդյանը։
Ավելի քան երկու տասնյակ մարզական ֆեդերացիաներ ու դրանց անդամակցող շուրջ 140 մարզիկներ իրենց հայտարարությամբ դժգոհություն են հայտնել Մել Դալուզյանի շուրջ ծավալվող քննարկումների վերաբերյալ, բողոքել, թե հասարակությունը քննարկում է ոչ թե մարզաշխարհի մարզական հաջողություններն ու ձեռքբերումները, այլ հայկական մարզաշխարհի, ինչպես իրենք են ձևակերպել, «անունը խայտառակած մի սուբյեկտի սեռափոխման հանգամանքն ու նրան նվիրված ֆիլմ նկարահանելու վերաբերյալ պետության որոշումը»: Նիդերլանդներում որպես տրանսգենդեր տղամարդ ապաստան ստացած Մել Դալուզյանը, որը Հայաստանի դրոշի ներքո հանդես էր գալիս Մելինե անվամբ, դեռ տարիներ առաջ է թողել սպորտը և արտագաղթել: Նա Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի կազմում երկու անգամ Եվրոպայի չեմպիոն է դարձել:
Իշխող «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը պատահական չի համարում հայտարարության տարածման ժամանակահատվածը, երբ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունն էլ Ազգային ժողով էր բերել նույնասեռականներին վերաբերող օրինագծեր ու մեծ աղմուկ բարձրացրել այդ թեմայով։
«Այդ հայտարարության մեջ, չգիտես ինչի, ՀՀ օլիմպիական կոմիտեի ձախողումը, այն է՝ դոպինգային սկանդալը վերագրվում է մեկ մարզիկի, մինչդեռ մենք գիտենք, որ շուրջ երկու տասնյակ մարզիկների մասին է խոսքը, և երկու տասնյակ մարզիկներ չէին կարող իրարից անկախ դոպինգային սկանդալների մեջ հայտնվել։ Պարզ է, որ համակարգված բնույթ է կրել այդ երևույթը, և ակնհայտ է, որ Օլիմպիական կոմիտեն որոշակի դերակատարում ունի այդտեղ», - նկատեց պատգամավորը։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ որպես հայ մարզիկի լավագույն կերպար փորձ է արվում ներկայացնել սեռափոխված Մելինե Դալուզյանին, որի խայտառակ դոպինգ սկանդալի պատճառով Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսօր լրջագույն խնդիրների առաջ է կանգնած:
Հովսեփ Խուրշուդյանը համոզված է՝ «Բարգավաճ Հայաստանը» այսկերպ արշավ է իրականացնում Նիկոլ Փաշինյանի դեմ, ով անցած շաբաթ խորհրդարանի ամբիոնից էր հայտարարել, թե այս օրերին քարկոծվող Մել Դալուզյանն իր անձնական պաշտպանության տակ է, պաշտպանել էր նրա մասին ֆիլմը 20 տոկոսով ֆինանսավորելու ԿԳՄՍ նախարարության որոշումը:
«Իշխանությունների, ընդհանրապես հեղափոխության դեմ պայքարելու ուրիշ թեմա չունեն, գալիք օրենքների դեմ, որոնցով պետք է օրինակ՝ բացահայտվեն այն չինովնիկները, որոնք անհայտ ծագումնաբանությամբ սեփականություն ունեն, որոնց ձեռքից պետք է այդ սեփականությունը վերադարձվի պետությանը, որովհետև թալանի արդյունքում է գոյացել, կամ չմուծված հսկայական հարկերի, անհասկանալի սուբսիդիաների՝ վեց միլիոն դոլարանոց, որ տարբեր ցեմենտի գործարաններ ստացել են», - հայտարարեց Խուրշուդյանը։
Ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «ցնդաբանություն» է որակում հայտարարությունը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին վերագրելը. - «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն ապաքաղաքական կառույց է, հասարակական մարմին է, որը կանոնակարգում է մարզական աշխարհի հետ կապված աշխատանքները և երբևէ նման գործընթացների հետ, բնականաբար, առնչություն չի ունեցել», - նկատեց նա։
Մարզական ֆեդերացիաների և մարզիկների այս հայտարարությանն «Ազատության» խնդրանքով անդրադարձել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։ Օմբուդսմեն Արման Թաթոյանը շեշտել է՝ հատկապես հրապարակային խոսքում անհրաժեշտ է զերծ մնալ մարդուն վիրավորող և ատելություն հրահրող ձևակերպումներից: