Մատչելիության հղումներ

Կատարը չեղարկում է Հայաստանի քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը


Լուսանկարը՝ նախագահականի
Լուսանկարը՝ նախագահականի

Կատարի Պետության էմիրի դիվանում այսօր տեղի է ունեցել պաշտոնական այցով այդ երկրում գտնվող Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և Կատարի էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի առանձնազրույցը։

Բարի գալուստ մաղթելով Հայաստանի նախագահին և ընդգծելով իրենց երկար տարիների անձնական գերազանց փոխհարաբերությունները, էմիրը շնորհավորել է Կատարում Հայաստանի դեսպանության բացման առթիվ` նշելով, որ երկու երկրները հրաշալի հարաբերություններ ունեն։

Նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել էմիրին Հայաստանի քաղաքացիների համար Կատար մուտքի արտոնագրի պահանջի չեղարկմանը, ինչպես նաև Հայաստանի դեսպանության բացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար։ Նա վստահություն է հայտնել, որ մուտքի արտոնագրերի պահանջի չեղարկումը դրական կազդի տնտեսական, մշակութային, գիտական, կրթական և հատկապես զբոսաշրջային կապերի հետագա խթանման վրա։

Հանդիպման մասնակիցներն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման կարևորությունը։ Որպես համագործակցության հնարավոր ուղղություններ՝ նրանք նշել են առողջապահության, կրթության, գիտահետազոտական ոլորտները, ինչպես նաև Դոհայում ուսանելու հնարավորությունը։

Արմեն Սարգսյանն ասել է, որ շատ տպավորված է Կատարի հիմնադրամի գործունեությամբ։ «Սա նաև միջազգային կենտրոն է և շատ ընդհանրություններ ունի զարգացման մեր տեսլականի հետ, ուստի որոշել ենք ձևավորել համատեղ աշխատանքային խումբ՝ հստակեցնելու համագործակցության ուղղությունները», - նշել է Հայաստանի նախագահը:

Սարգսյանն ընդգծել է գիտական, կրթական, տեխնոլոգիական ոլորտներում գործակցության մեծ ներուժի առկայությունը՝ այս համատեքստում նշելով փոխգործակցության հնարավորությունը Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված՝ ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնության շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG