Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիային: Նա Հայաստանում մասնակցում է «Թվային լուծումներ` միջսահմանային համագործակցության և առևտրի դյուրացման համար» խորագրով տարածաշրջանային համաժողովին:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կազմակերպության հետ այս փոխգործակցությունը նպաստում է Հայաստանում մաքսային բարեփոխումների, ՀՀ մաքսային ծառայության գործունեության արդյունավետությանը և մաքսային ոլորտում կարողությունների զարգացմանը: Վարչապետի խոսքով՝ ՀՀ կառավարությունը մաքսային ոլորտում լուրջ բարեփոխումներ է իրականացնում, որոնք միտված են էական փոփոխությունների արձանագրմանը և գործարար միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծմանը:
Կունիո Միկուրիայի խոսքով՝ որպես ՏՏ ոլորտում լուրջ ներուժ ունեցող երկիր՝ Հայաստանի տեխնոլոգիական հաջողությունները կարող են ոգևորիչ լինել կազմակերպության անդամ մյուս երկրների համար:
Զրուցակիցները քննարկել են հարկային և մաքսային ոլորտում բարեփոխումների շրջանակում գործակցությանը, «Մեկ պատուհանի» սկզբունքի շարունակական ներդրմանը, տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման կարևորությանը վերաբերող հարցեր:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև ՀՄԿ տեղեկատվական տեխնոլոգիաների 2020-2021 թթ. համաժողովը Հայաստանում անցկացնելու հնարավորությունների շուրջ: