Մատչելիության հղումներ

Ըստ ՔԿ-ի, Վայոց ձորի նախկին մարզպետը փոխգնդապետին դաժան ծեծի ենթարկելու միջադեպի վայրում չի եղել


Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյան, արխիվ

Քննչական կոմիտեից հայտնում են, որ զինծառայող Արա Մխիթարյանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով որպես մեղադրյալ են ներգրավվել Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը:

Կատարված նախաքննությամբ պարզվել է, որ Հարություն և Զավեն Գրիգորյանները բռունցքով և մահակով հարվածներ են հասցրել Արա Մխիթարյանի գլխի շրջանին ու նրա առողջությանը դիտավորությամբ պատճառել ծանր վնաս: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Գործով ականատես վկաներ, զինծառայողներ Մարիամ Հունանյանը, Ժորա Բաղդասարյանը, Մխիթար Մելքոնյանը, Լևոն Հարությունյանը, ովքեր իրենց ցուցմունքներում նշել էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի՝ դեպքի վայրում գտնվելու և անգործություն դրսևորելու հանգամանքի մասին, իրենց ցուցմունքները պնդել են Տրդատ Սարգսյանին առերես:

Վերջինս կտրականապես հերքել է դեպքի վայրում գտնվելու և վիճաբանությանն ականատես լինելու հանգամանքն ու հայտնել, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ից, գտնվել է Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքում գտնվող բնակարանում:

Նախաքննությամբ ձեռնարկված քննչական գործողությունների, այդ թվում և մեղադրյալների բջջային հեռախոսահամարներից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով ստույգ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հանցագործության դեպքը կատարվել է սեպտեմբերի 17-ի ժամը 23.55-ին և սեպտեմբերի 18-ի ժամը 00.01-ի դրությամբ ավարտվել է, քանի որ, համաձայն հեռախոսազանգերի վերծանումների, նշված ժամին է ահազանգ կատարվել «Շտապ բուժօգնություն» ծառայություն:

Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի մուտքը նկարահանող տեսախցիկի տեսագրության զննությամբ հաստատվել է Տ. Սարգսյանի՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 22.02-ին, վերադառնալու և մինչև սեպտեմբերի 18-ի ժամը 00.20-ը բնակարանից չբացակայելու հանգամանքը:

Հոկտեմբերի 18-ին ստացվել է տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությունը, այդ թվում ևֆոտոաղյուսակը, համաձայն որի, Եղեգնաձոր քաղաքի Միկոյան փողոցի թիվ 10 շենքի (Տ.Սարգսյանի բնակության վայր) 1-ին հարկում գործող ատամնաբուժարանից առգրավված և փորձաքննությանը ներկայացված տեսագրող սարքի հետազոտությամբ մոնտաժման հետքեր չեն հայտնաբերվել, միաժամանակ պարզվել է, որ տեսագրող սարքի ժամային ցուցիչն իրական ժամից հետ է ընդամենը 2 րոպե:

Տ. Սարգսյանի ցուցմունքում նշված հանգամանքները հաստատվել են նաև վերջինիս բջջային հեռախոսահամարից կատարված հեռախոսազանգերի վերծանումներով:

Այսպիսով, կատարված քննությամբ պարզվել է, որ Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը այս տարվա սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած վիճաբանությանն ականատես չի եղել, դեպքի վայրում չի գտնվել:

Հիշեցնենք, որ օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշեց հրաժարական ներկայացնել։

XS
SM
MD
LG