Մատչելիության հղումներ

Վայոց Ձորի մարզպետը հայտարարել է, որ հրաժարական է տալու


Վայոց Ձորի մարզպետ Տրդատ Սարգսյան

Օգնականի կալանավորումից երկու օր անց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը որոշեց հրաժարական ներկայացնել, սակայն կրկին պնդում է, որ որևէ առնչություն չունի անցած շաբաթ Եղեգնաձորում տեղի ունեցած միջադեպին, որի հետևանքով Պաշտպանության նախարարության փոխգնդապետը հայտնվել է կոմայի մեջ:

Գործով կալանավորվել է մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը, որը մեղադրվում է դիտավորությամբ անձին ծանր մարմնական վնաս պատճառելու համար:

Փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծանր մարմնական վնասվածքներ ստացել էր Եղեգնաձորի շենքերից մեկի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ: Ըստ քննչական կոմիտեի, 28-ամյա երիտասարդը բռունցքով մեկ անգամ հարվածել է սպայի գլխին, որի հետևանքով վերջինս վայր է ընկել։ Երեկ իրավապահները հայտնեցին, որ միջադեպին մարզպետ Տրդատ Սարգսյանի մասնակցությունը ստուգելու նպատակով առգրավվել են դեպքի հարակից տարածքում առկա տեսախցիկները։

Տրդատ Սարգսյանը Ֆեյսբուքում գրել է. - «Ինչպես և հայտնել եմ նախկինում, դեպքի ժամանակ եղել եմ տանը․ նախաքննությունն իրականացնող մարմնին ներկայացրել եմ այս փաստը հիմնավորող ապացույցներ։ Վստահ եմ, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և մեղավորները կպատժվեն։ Այնուամենայնիվ, ևս մեկ անգամ հերքելով որևէ առնչությունս այս դեպքին, բայց դրանից առավել կարևորելով նոր Հայաստանում քաղաքական էթիկայի ու քաղաքական պատասխանատվության կայացումը՝ հայտնում եմ, որ որոշում եմ կայացրել վայր դնել Վայոց Ձորի մարզպետի լիազորություններս այսօր մեկնարկող լայնածավալ ռազմավարական զորավարժությունների ավարտից հետո»:

Բժիշկները փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակն այս պահին ծայրահեղ ծանր են գնահատում։ Նրա հարազատները հայտարարում են՝ Մխիթարյանը բռունցքի մեկ հարվածից նման ծանր վիճակում չէր հայտնվի․ պնդում են, որ մեծ քարով հարվածել են փոխգնդապետի գլխին:

Դեպքը նաև հայաստանյան իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում է:

Նինա Կարապետյանցն ասում է՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն բոլորը, ովքեր իրենց օրենքից վեր են դասում․ - «Չպիտի լինի հնարավորություն խուսափել պատասխանատվությունից։ Դա բացառված տարբերակ է: Կոնկրետ այս դեպքով էլ բոլորը պիտի պատժվեն: Պիտի լինեն պատժվողներ, շատ պատժվողներ, և դա ինքնանպատակ չէ․ պատժվելն է միայն լինելու երաշխիք, որ այլևս նման խայտառակ, այլանդակ, լկտի, լպիրշ հանցագործություններ տեղի չեն ունենա»:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով, բռնություններն անպատժելիության հետևանք են․ - «Ես չգիտեմ Քննչական կոմիտեն ինչ բացահայտում է անելու: Միայն մարզպետի օգնականը չի, այնտեղ շատերն են մասնակից եղել այս դեպքին: Եթե մի դեպքով գոնե բացահայտեն մինչև վերջ, կանխեն անպատժելիությունը, այդպիսի դեպքերը երբեք չեն կրկնվի Հայաստանում: Բայց այդ անպատժելիության մթնոլորտը ուղղակի թևածում է օդում բոլորիս աչքի առաջ»:

Այս միջադեպից հետո սոցցանցերում սկսեցին զուգահեռներ անցկացնել տարիներ առաջ «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր, Ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի ընտանիքին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծից մահացած սպա, բժիշկ Վահե Ավետյանի դեպքի միջև: Յոթ տարի առաջ տեղի ունեցած ահասարսուռ դեպքից հետո ստեղծվեցին նախաձեռնություններ՝ «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցածի բոլոր մեղավորներին», «Վահե Ավետյան» հասարակական շարժումը։ Ողբերգական դեպքից հետո Ռուբեն Հայրապետյանը վայր դրեց պատգամավորական մանդատը։

Այդ շարժումը նախաձեռնած իրավապաշտան Զարուհի Հովհաննիսյանն ասում է. - «Մենք ուշադիր հետևում ենք: Եթե զգանք, որ իսկապես կոծկվում է դեպքը, իհարկե այս դեպքով կլինի բավական լուրջ հանրային դիմադրություն, որովհետև հանրությունը միշտ բարձրաձայնում է այն պարագայում, երբ զգում է, որ պետությանը չի կատարում իր պարտավորությունները մարդու իրավունքների նկատմամբ: Այդ դեպքում դեռևս պետությանը տրված է հնարավորություն ցույց տալու, որ համակարգը փոխվել է և համակարգը նույն գործելաոճը չունի»:

Միջադեպին այսօր անդրադարձել է նաև Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ ասելով, որ հետևողական են լինելու, որպեսզի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն․ - «Ես ևս մեկ անգամ կրկնում եմ՝ մենք շատ հետևողական ենք լինելու, որպեսզի ամեն ինչը պարզվի մինչև վերջ և դատաքննության, նախաքննության փուլերում արդարությունը և ազնվությունը պետք է ապահովված լինի»:


XS
SM
MD
LG