Թուրքիայի քրդերի շահերը ներկայացնող խոշորագույն քաղաքական ուժը` «Ժողովրդա-դեմոկրատական» կուսակցությունն, առաջիկա օրերին քննարկելու է իր պատգամավորներին երկրի Ազգային մեծ ժողովից ետ կանչելու հնարավորությունը: Այդ մասին այսօր Անկարայում հայտարարել է կուսակցության ներկայացուցիչ Սարուհան Օլուջը:
Նրա խոսքով, կուսակցության ղեկավար մարմինները վերջնական որոշումը կկայացնեն առաջիկա չորեքշաբթի: Քրդական կուսակցությունն այդ քայլով ցանկանում է իր բողոքն արտահայտել Թուրքիայի կառավարության կողմից Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության անդամ հանդիսացող ավելի քան երկու տասնյակ քաղաքապետերի պաշտոնանկության դեմ:
Քրդամետ կուսակցությունը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում 62 պատգամավոր ունի: Նրանց թվում է նաև հայազգի օրենսդիր Գարո Փայլանը: